Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան արձանագրությունների
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը։ Նրանք նշել էին, թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը։
«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին։ Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարեւոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի եւ խաղաղության առկայությունը»,–նշել էին Թուրքիայի ԱԳՆ—ից՝ հերթական անգամ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումն անհիմն կերպով պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
«Հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,–«Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ—ի հայտարարությունը։
«Հայաստանի դիրքորոշումը հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որեւիցե փոփոխություն չի կրել»,–ասաց Բալայանը։
Ինչպե՞ս օգտվել իրավիճակից
«Մենք կարող ենք սա դիտել որպես այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից եւ միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից դեպքերից մեկը»,–ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույսեր է փայփայում, որ սա առիթ կհանդիսանա, որպեսզի ինքը հանդես գա որպես մուսուլմանական եւ արաբական աշխարհի առաջնորդ, նա երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ իրեն հռչակել խալիֆ. «Սա, իհարկե, զառանցանք է, որ երբեք չի կարող տեղի ունենալ, պարզապես նա կարողանում է շատ վարպետորեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ 50—ից ավելի նախագահների հավաքեց Ստամբուլում, որպեսզի նախ խիստ քննադատության ենթարկի Իսրայելի «ահաբեկչական» եւ «հակաարաբական» քաղաքականությունը եւ վրեժ լուծի ԱՄՆ—ի քաղաքականությունից»։
Իսկ թե ստեղծված իրավիճակից ինչպե՞ս կարող է օգտվել հայկական կողմը՝ Ա. Նավասարդյանն ասել է. «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր հեռանկարներ են բացվում մեր դիվանագիտության համար։ Նախ՝ առաջին խնդիրը պետք է լինի ամեն կերպ պաշտպանել մեր շահերը, համայնքը, Հայ եկեղեցին, որն այնտեղ դարեր շարունակ գոյություն ունի։ Բայց եթե, ըստ Թրամփի, տեղի ունենա սահմանների վերաձեւավորում, ապա Հայաստանն անպայմանորեն պետք է կարողանա իր շահերը պաշտպանել։
Աշխարհաքաղաքական առումով շատ կարեւոր է հայ—իսրայելական հարաբերությունների արդեն սկսված գործընթացը խորացնել, կանոնակարգել եւ հասնել այն խնդիրների իրագործմանը, որ դրված է Հայաստանի առաջ՝ երկկողմ հարաբերությունների զարգացում եւ դեսպանությունների բացում։
Մյուս խնդիրը Եղեռնի ճանաչման հարցն է։ Հիմա հարմար պահ է ստեղծվել։ Քնեսեթում այդ հարցի շուրջ միշտ տեղի են ունեցել բանավեճեր եւ այլն։ Հայաստանին պաշտպանող ուժերը, որ կան այնտեղ, հիմա կարող են այս իրադարձությունների ֆոնին գերակայություն ձեռք բերել, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ մեծ բացասական ռեակցիա է առաջացրել Իսրայելում այն առումով, որ մի երկիր, որն ինքը տեռորիզմի բուն է միշտ եղել եւ կա, հիմա Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Սա պետք է օգտագործի հայկական կողմը եւ կարողանա հասնել Եղեռնի ճանաչմանը։ Մյուս կարեւոր հանգամանքն Ադրբեջանի մասնակցությունն է այդ գագաթնաժողովին, որը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի՝ իսրայելյան կողմին ցույց տալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի հետ բարեկամությունը»։
Ըստ Ա. Նավասարդյանի՝ նկատի ունենալով Դ. Թրամփի քաղաքական գործելակերպը՝ կարելի է հույս տածել, որ ԱՄՆ—ը կարող է գնալ Եղեռնի ճանաչմանը, որովհետեւ, նրա խոսքով, եթե առ այսօր ԱՄՆ—ը չի ճանաչում Եղեռնը, դա հիմնականում կախված է Ամերիկա—թուրքական հարաբերությունների տեսակից, որակից եւ ընթացքից. «Եթե այսպես շարունակվի Թուրքիայի հետ հարաբերությունների վայրընթացը, ապա, կարծում եմ՝ շանսերը կարող են ավելանալ»։
|