ՀՀ
նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ
խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝
բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։ Երկուստեք բարձր է գնահատվել
Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության
համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության
շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի
բազմաթիվ խնդիրների քննարկմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ
դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության
արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ
Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում
բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ
Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ
զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում
անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ
դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության
խորացումն ու ամրապնդումը։ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ
ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց
դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|