ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 15 » ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է /Երեկ Սերժ Սարգսյանը նրան ներկայացրել է կառավարության անդամներին/
12:23
ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է /Երեկ Սերժ Սարգսյանը նրան ներկայացրել է կառավարության անդամներին/

Ապրիլի 13—ին ՀՀԿ գրասենյակում հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը՝ ՀՀ 13—րդ վարչապետի թեկնածություն առաջադրելու եւ նրան հավանություն տալու նպատակով։
ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ նոր վարչապետը կկարողանա իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը։
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ասելով, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է։
Նույն օրը երեկոյան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Երեկ հանրապետության նախագահը նորանշանակ վարչապետին ներկայացրել է կառավարության անդամներին։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Կառավարության նոր կազմը կձեւավորվի խորհրդարանական խմբակցությունների հետ քաղաքական խորհրդատվությունների արդյունքում։ Սահմանադրության 55 հոդվածի 4—րդ կետի պահանջով նոր վարչապետը 20—օրյա ժամկետում կներկայացնի կառավարության նոր կազմը, այնուհետեւ նոր կառավարությունը ծրագիր կներկայացնի ԱԺ—ի հաստատմանը։ 
Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետի համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13—ին նշանակել է ՀՀ վարչապետ։ Գործադիրի ղեկավարի պաշտոնը վստահվել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանին։ Նախքան այդ ՀՀԿ գրասենյակում հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը՝ ՀՀ 13—րդ վարչապետի թեկնածություն առաջադրելու եւ հավանություն տալու նպատակով։
ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում հաստատվել է նոր վարչապետի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար եւ ներկայացրել այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն նոր ձեւավորվելիք կառավարության գործունեության հիմքում։


Աշխատանքի շոշափելի արդյունքների ակնկալիքով
 

«Բարեւ ձեզ,
Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին։
Այս օրերի ընթացքում ես հանդիպել եւ զրուցել եմ շատ շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին—առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ շատերի հետ եւ լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել եւ խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Եվ այսօր ձեզ պետք է ասեմ հետեւյալը.
1. Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը։
2. Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին։ Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ։ Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները։ Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու եւ աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով եւ, որ ամենակարեւորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով։ Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի։ Ես չեմ կասկածում դրանում եւ անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը։
3. Մենք պայմանավորվել ենք նաեւ մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին։ Թվարկեմ մի քանիսը։
ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով։
բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու, եւ ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարեւորագույն աշխատանքը։
գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.
— նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,
— նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,
— նկատի ունեմ հարկային եւ մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը եւ հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,
— նկատի ունեմ, իհարկե, նաեւ տեսչական բարեփոխումների ավարտը։
Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ։
դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին, անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ—բարեկամ» նշանակումներից։
ե. Վերաամրագրել ենք կարեւորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքը՝ արգելված»։
Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձեւով։
Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին։

***
Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում։ Տիգրա՛ն ջան, շատ—շատ շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը տաժանակիր աշխատանք է, եւ բոլոր նրանք, ովքեր նվիրվում են աշխատում, անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, բոլոր ժամանակների համար միշտ այդպիսի մարդը լինելու է ընկալելի, ընդունելի եւ հարգանքի արժանի։ Իհարկե, մեր իրականության մեջ գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատել են, այնուհետեւ կա՛մ անկախ իրենց կամքից, կա՛մ օրենքի պարտադրությամբ հեռացել են իրենց պաշտոններից, ցավոք սրտի, մշտապես իրենց հաջողությունները փնտրում են ներկաների ձախողման մեջ։ Սա շատ վատ հանգամանք է, եւ կա նաեւ մի այլ, իմ կարծիքով, շատ պախարակելի միտում. նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողությունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու։ Մենք մեկ թիմ ենք, միասնական թիմ ենք, եւ բոլորիս համար, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, շատ էական է այդ թիմի հաջողությունը։ Շատ—շատ շնորհակալ եմ, Տիգրա՛ն։
Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարեւոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք։
Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարեւոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ եւ լուրջ սատարումն եմ խոստանում նրան եւ ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում։
Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ»։


Առաջնահերթ խնդիրը ժողովրդի բարեկեցությունն է
 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման եւ այդ ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս այս ուժեղ եւ հիմնավոր աջակցության համար։ Շնորհակալ եմ նաեւ Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում։
Պարո՛ն նախագահ,
Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում։ Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ եւ հավատում եմ մեր հաջողություններին։
Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ։ Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է։ Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը։ Եվ ձեւավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար։
Ակնկալում եմ նաեւ կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ։
Պարո՛ն նախագահ,
Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար։ Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ եւ այս անգամ եւս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին։ Դա անելու եմ գիտակցումով եւ մեծ նվիրումով»։
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել է բեղմնավոր աշխատանք. «Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, եւ ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ եւ ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել։ Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք եւ ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»։


Նոր կառավարությունը՝ 20 օրվա ընթացքում
 

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անդամներին եւ կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին։ 
«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալին։ Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաեւ այն խնդիրները, որ վարչապետը եւ նոր կառավարությունը պետք է լուծեն։ Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, եւ կառավարության անդամներին խնդրում եմ, որ բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները։ Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձեւավորելու ենք նոր կառավարություն։ Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք։ Ինձ մնում է մեկ անգամ եւս շնորհավորել պարոն Աբրահամյանին եւ ցանկանալ նրան հաջողություն։ Շնորհավորում եմ»,–ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է հանրապետության նախագահը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար եւ խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձեւավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որեւէ կողմնորոշում որեւէ թեկնածուի վերաբերյալ չունենք, եւ ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը։ Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը։ Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաեւ այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր։ Շնորհակալ եմ»։


Կձեւավորվի պրոֆեսիոնալ  կառավարություն
 

Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը քննարկելու է պարտադիր կուտակային համակարգի շուրջ բոլոր խնդիրները եւ փորձելու է տալ համապատասխան լուծումներ։ Այդ մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ կարճատեւ զրույցում նշել է նորանշանակ վարչապետը. «Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր խնդիրներին լուծում տանք։ Համոզված եմ, որ ՀՀ նախագահի սատարմամբ կձեւավորենք պրոֆեսիոնալ նոր կառավարություն, որպեսզի խնդիրներին տանք լուծում, դրա համար ժամանակ եւ ռեսուրս է անհրաժեշտ»։
ՀՀ վարչապետը, անդրադառնալով կառավարության արդեն նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանի գործունեությանը, նշել է, որ նա ամեն ինչ արել է, ջանք չի խնայել, եւ իրենք փորձելու են շարունակել աշխատանքները՝ ՀՀ քաղաքացուն արժանավայել կյանքի հնարավորություն տալու համար։
Խոսելով հնարավոր կոալիցիոն կառավարության վերաբերյալ՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը համագործակցելու է բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, փորձագետների խմբերի հետ։ Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախագահն այժմ բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ համագործակցության ձեւաչափը գտնելու համար։ Միաժամանակ, Աբրահամյանը վստահեցրել է, որ ինքը հասանելի է լինելու բոլորի համար եւ աշխատելու է բաց ու թափանցիկ։
Հովիկ Աբրահամյանը ստացել է Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին պաշտոնյան գրառել է Facebook—ի իր պաշտոնական էջում. «Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարեւոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»։
Ի դեպ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից ստացել է արձանագրություն՝ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու վերաբերյալ։


ԱԺ նոր նախագահի հարցը չի քննարկվել
 

Կիրակի ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողներին ճեպազրույցի է հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ մինչեւ Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկը, որը տեղի կունենա ապրիլի 28—ին, իրենք կհավաքվեն, կքննարկեն եւ հանրության դատին կներկայացնեն ԱԺ նոր նախագահին. «Այս պահին որեւէ անուն չի քննարկվել, երբ քննարկենք, մենք ձեզ կներկայացնենք»։
Քաղաքական մեծամասնությունը ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեծ ազատություն է տվել, որպեսզի նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն, ասել է Էդ. Շարմազանովը՝ նշելով, որ դա «չի կարող լինել ծանոթ—բարեկամ, քավոր—սանիկ սկզբունքով»։
ՀՀԿ—ն որպես քաղաքական մեծամասնություն պատրաստ է համագործակցել ԲՀԿ—ի եւ ՀՅԴ—ի հետ։ «Մենք պատրաստ ենք ընդունել նրանց կառավարության կազմում, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ այդ դեպքում պետք է կրեն ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն»,–ասել է ՀՀԿ խոսնակը։
Մինչեւ կառավարության վերջնական ձեւավորումը 20 օր ժամանակ կա, եւ ԲՀԿ—ն ու ՀՅԴ—ն էլ ժամանակ ունեն քննարկելու եւ իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ Շարմազանովը նշել է, որ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քաղաքական մեծամասնությունը քննարկել է երկու քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, սակայն դեռ չի ցանկանում որոշակի սցենարներ բացել։
Շարմազանովն ընդգծել է, որ կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների իրականացման քաղաքականություն. «Մենք չպետք է գնանք կառավարությանը քննադատելու ճանապարհով, այլ պետք է շարունակենք նախկին կառավարության ձեռքբերումները։ Պետք է ապահովենք կրթական, մաքսային, հարկային ոլորտներում բարեփոխումների շարունակականությունը»։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024