Գլխավոր էջ » 2014»Մարտ»19 » Ինքնորոշում՝ առանց բախումների եւ զոհերի /Հանրաքվեն միջազգային իրավունքի նորմերից է/
16:28
Ինքնորոշում՝ առանց բախումների եւ զոհերի /Հանրաքվեն միջազգային իրավունքի նորմերից է/
Ղրիմը արդեն ՌԴ սուբյեկտ է։ Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրեցին հանրապետությունն ու Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում որպես նոր սուբյեկտներ ընդգրկելու վերաբերյալ համաձայնագիրը։ Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման հարցին նվիրված ելույթում ներկայացրեց ընդառաջելու դրդապատճառները։ «ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմն Ուկրաինային միացնելու վերաբերյալ սահմանադրական նորմերի խախտում էր,–ասաց Պուտինը։–1954թ. Ուկրաինայի կազմ փոխանցեցին Ղրիմն ու Սեւաստոպոլը։ Մարդկանց պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Միլիոնավոր ռուսներ մի երեկո քնեցին Ռուսաստանում եւ արթնացան արտասահմանում։ Ղրիմցիներն ասում են, որ 1991թ. իրենց ձեռքից ձեռք փոխանցեցին մեկ պարկ կարտոֆիլի պես»։ Այն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն ի վիճակի չէր պաշտպանելու իր ազգային շահերը։ Իսկ հիմա ղրիմցիների խնդրանքն անտեսելը դավաճանություն կլիներ, ղրիմցիներն իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրը։ Պուտինը հիշեցրեց, որ Ղրիմում չեղան զինված բախումներ եւ մարդկային զոհեր, մարդիկ պարզապես ինքնորոշվեցին։ Նա ընդգծեց, որ նույն Ուկրաինան ԽՍՀՄ—ից դուրս գալու ժամանակ օգտվեց այդ իրավունքից։ «Ուկրաինայում օգտվեցին այդ իրավունքից, իսկ ղրիմցիների դեպքում չի կարելի. ինչո՞ւ»։ Նա նաեւ բերեց Կոսովոյի օրինակը, որի հետ կապված գործընթացն Արեւմուտքը օրինական համարեց։ Պուտինը շեշտեց, որ եթե հանրաքվե իրականացնելու հարցում Ուկրաինայի օրենսդրությունն ուրիշ է, միեւնույն է, չի նշանակում, որ միջազգային իրավունքի խախտում է տեղի ունեցել։ Պուտինն անդրադարձավ Ուկրաինայի հետ հարաբերություններին եւ վստահեցրեց, որ Ղրիմին այլ շրջաններ չեն հետեւի։ Ինչ վերաբերում է Ղրիմին, այն կմնա ե՛ւ ռուսական, ե՛ւ ուկրաինական, ե՛ւ ղրիմաթաթարական, կլինի հարազատ տուն այնտեղ բնակվող բոլոր ազգերի համար, եւ երբեք չի լինի «բենդերական»։ Ղրիմում կլինի նաեւ լեզվական ազատություն՝ պետական կհամարվեն երեք լեզուներ՝ ռուսերենը, ուկրաիներենը եւ ղրիմաթաթարերենը։ ՌԴ կազմում Ղրիմի ներառվելու անցումային շրջանը կտեւի մինչեւ 2015 թվականի հունվարի 1—ը։ Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ Երեկ նաեւ որոշվել է, որ այսուհետեւ ղրիմ—ուկրաինական սահմանը կհամարվի ՌԴ արտաքին սահման։
Ռուսաստանին պատժամիջոցներով սպառնալն անլուրջ է
Արեւմուտքը, ի պատասխան այս իրադարձությունների, Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված քայլեր է նախաձեռնում։ Նախօրեին հայտարարվել էր մի շարք բարձր պաշտոնյաների նկատմամբ կիրառվելիք սանկցիաների մասին։ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ որոշվել է դադարեցնել «Մեծ ութնյակին» Ռուսաստանի անդամակցությունը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականությունը չի փոխելու «Մեծ ութնյակի» անդամ երկրների կտրուկ հայտարարությունների պատճառով։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը նշել է, որ Եվրոպան Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» շեմին է։ Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպացիների սպառնալիքները Ռուսաստանի համար կարող են միայն որոշ «անհարմարություններ» ծնել։ «Macro—Advisory» ընկերության ուսումնասիրության մեջ նշվում է, որ Արեւմուտքը, հատկապես՝ եվրոպական երկրները, «կործանարար» եւ «աղետալի» պատժամիջոցներ չի իրականացնի։ Ներդրողները ենթադրում են, որ «աղետալի» պատժամիջոցները դեռ չեն ներառվի օրակարգ, քանի որ դրանք բացասաբար կազդեն եւ անխուսափելի հետեւանքներ կունենան նաեւ ԵՄ երկրների համար։
Ղրիմը՝ ինքնորոշման իրացման նախադեպ
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մարտի 16—ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկել է իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին եւ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ նախադեպ. «Դրանով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ։ Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը եւ պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10—ին, առաջնորդվելով այդ պահին դեռեւս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը եւ հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10—ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով»։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ Ղրիմում կիրակի տեղի ունեցող իրադարձությունները կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։ «Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 1990–ականների միաբեւեռ աշխարհն այլեւս չկա»,– ասաց Ալեքսանդր Մանասյանը՝ շարունակելով, թե այն վճռականությունը, որ Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։ Իսկ արեւմտյան քաղաքակրթությունն էլ Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։ «Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բեւեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, երբ առաջ է մղել այնպիսի մի բանաձեւ, թե ԱՄՆ—ն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,–նշեց քաղաքագետը՝ եզրափակելով, թե Ռուսաստանն այս պարագայում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում։ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ որեւէ դեպքում չպետք է կապել Արցախի հարցը. «Մենք չպետք է մտածենք, որ դեպքերի այս կամ այն ընթացքով կպայմանավորվի արցախյան հարցի լուծումը։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով»։ «Հարկ չկա, որ մենք համեմատենք ղարաբաղյան հիմնախնդիրն այլ հակամարտությունների հետ»,–«Facebook»—յան իր էջում գրառել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Նրա համոզմամբ՝ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է միջազգային հիմնարար սկզբունքներին հավատարիմ եւ Խորհրդային Միության Սահմանադրության տառին համապատասխան. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումն ու կայացումն ունի անբեկանելի եւ ամուր իրավական հիմքեր, եւ մեր ժողովուրդը ստիպված է եղել նաեւ արյամբ պաշտպանել սեփական հողի վրա սեփական հայրենիքը կառուցելու իրավունքը։ Ես չեմ համարում, որ մենք պետք է հիմա փորձեր անենք համեմատել Ղրիմն ու Արցախը։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի հետամուտ լինել մեր երկրի հզորացմանը եւ մեր շահերը կյանքի կոչելուն։ Արցախն ամեն օր շարունակում է կառուցել ամուր երկիր եւ ապրելով ու զարգանալով է ապացուցում ապրելու ու զարգանալու իր իրավունքը»։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով եւս Ղրիմի հանրաքվեն Արցախի ճանաչման խնդրի հետ կապել պետք չէ, քանզի սրանք տարբեր հարցեր են եւ լուծվում են տարբեր հարթություններում։ hhpress.am