Արմավիրի
մարզում աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով գյուղատնտեսության
ոլորտում ներդրվում են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները։ Սարդարապատ
համայնքում կառուցվել է «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ—ի ջերմատունը, որտեղ
գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում է ամենաարդիական
եղանակներով։ Արմավիրի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության
իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին։ «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս»
ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ խոշոր ջերմոցային տնտեսություն
ստեղծելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրումից հետո Արմավիրի մարզի
Սարդարապատ համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ.օգոստոսից
սկսվել են 1.1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք
ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30—ին։ Ջերմոցային տնտեսությունը
շահագործման հասցնելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի
ներդրում։ Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է «նազրվան»
վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից։ Ակնկալվում է
ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի
հանրապետությունում։ Ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում
մշտական աշխատել է 50 մարդ։ Շահագործումից հետո աշխատակիցների թվաքանակը
հասնելու է 45 մարդու՝ 90–120 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ներկայումս
բանակցություններ են վարվում հոլանդական կազմակերպության հետ ջերմոցային
տնտեսությունն ընթացիկ տարում մինչեւ 15 հա ընդլայնելու համար, եւ այդ
նպատակով պահանջվում է 23 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընդլայնումից հետո
նախատեսվում է աճեցնել լոլիկ, վարունգ, պղպեղ եւ ծաղկի որոշ տեսակներ։
Արդյունքում իրացումը նախատեսվում է կազմակերպել նաեւ Ռուսաստանի
մայրաքաղաքում եւ մյուս խոշոր քաղաքներում։ Ջերմոցային տնտեսության
ընդլայնումից հետո կստեղծվի շուրջ 700 նոր աշխատատեղ՝ 130–170 հազար դրամ
միջին աշխատավարձով։ Արմավիրում ներկայացվեց մարզում իրականացվող
ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը։ Համաշխարհային բանկի
միջոցներով ընթացիկ տարում մարզում իրականացվում է ոռոգման
ենթակառուցվածքների վերանորոգման ծրագիր, որոնց երկարությունը կազմում է
28.6 կմ՝ 863.88 մլն դրամ արժեքով։ Նույն ծրագրի Մյասնիկյանի հատվածի
աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ նախատեսվում է դրանք ավարտել այս
տարեվերջին։ Ծրագրի իրականացմամբ կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, եւ
կկրճատվեն համակարգում դեռեւս գոյություն ունեցող մեծ կորուստները։ Մյասնիկյան
համայնքի միջտնտեսային եւ ներտնտեսային ցանցերի վերանորոգման նպատակով
ներկա պահին ընթանում են 2.95 կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի
շինարարական աշխատանքները համայնքի 15 տոկոս համաֆինանսավորմամբ, որը
բարելավելու է տնամերձ հողամասերի ոռոգումը։ Ծրագիրը իրականացվում է ՀԲ
ֆինանսավորմամբ։ ՀՀ նախագահն այցելեց Մյասնիկյան համայնքի ջրատարի
կառուցման վայրը՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին։ Այնուհետեւ
այցելեց Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոց։ Այս համայնքը
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից 2004 թ. ի վեր իրականացվող «ՀՀ
գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» մեջ ընդգրկված
համայնքներից մեկն է։ Դեռ երկու տարի առաջ Մյասնիկյան համայնքի դպրոցը
քայքայման շեմին էր եւ գտնվում էր խարխլված վիճակում։ Այսօր այն
ժամանակակից եւ բարձրորակ ուսումնական հաստատություն է, որտեղ մոտ 600
աշակերտ եւ 44 ուսուցիչներ այսուհետ կսովորեն եւ կաշխատեն լուսավոր եւ
ջեռուցվող դասասենյակներում։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդհանուր
առմամբ ներդրել է շուրջ 1.4 մլն ԱՄՆ դոլար։ Համայնքի հիմանորոգված
դպրոցում կարեւորված է ժամանակակից պահանջներին համապատասխան միջավայրի
ստեղծումը։ Այդ նպատակով դպրոցում կիրառված են մի քանի նորամուծություններ՝
բացօթյա դասարան, նորագույն ձեւավորմամբ դասասենյակ—լաբորատորիա, շախմատի
դասասենյակ, գրադարան—մեդիա կենտրոն։ «Քայլ առ քայլ» բարեգործական
հիմնադրամի հետ համագործակցելով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը
գյուղերում իրականացնում է մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագիր,
որն օգնում է տեղի ուսուցիչներին ամրապնդելու իրենց բազային գիտելիքները եւ
բովանդակությամբ ավելի լեցուն դարձնելու իրենց դասաժամերը։ Նշյալ ծրագիրը
ներառում է գործնական սեմինարներ, դասալսումներ, փորձի փոխանակումներ,
խմբային քննարկումներ եւ դասաժամերի համատեղ պլանավորում։ Հաջորդ
կանգառը Արմավիրի թիվ 5 հիմնանորոգվող դպրոցն էր։ Դպրոցը բաղկացած է յոթ
մասնաշենքերից։ 2005—2011 թթ. ներդրվել է շուրջ 300 մլն դրամ գումար, որով
կատարվել են տանիքի փոխման եւ լոկալ ջեռուցման համակարգի ներդրման եւ
մասնակի հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության
համապատասխան որոշմամբ հատկացվել է 87.1 մլն դրամ, որով իրականացվել են
երեք մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ։ ՀՀ կառավարության մեկ այլ
որոշմամբ հատկացվել է 79.5 մլն դրամ, որով կվերանորոգվի դպրոցի երկու
մասնաշենք, եւ ողջ աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Արմավիր
քաղաքի մարզային գրադարանում ՀՀ նախագահը մասնակցեց հայ գրատպության
500—ամյակին նվիրված միջոցառմանը։ Արմավիրի մարզային գրադարանի շենքը 1975
թվականից տեղակայված է քաղաքի չորս հարկանի բազմաբնակարան շենքի առաջին
հարկում։ 2001 թ. «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով գրադարանը
համալրվել է սարքավորումներով եւ գրականությամբ։ Նախորդ տարի ՀՀ պետական
բյուջեի միջոցներով իրականացվել են գրադարանի հիմնանորոգման՝ լոկալ
ջեռուցման համակարգի անցկացման, ներքին հարդարման եւ անվտանգության
համակարգի ներդրման աշխատանքներ՝ շուրջ 36.3 մլն դրամ գումարով։ Ներկայումս
գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 110 հազար գիրք, առկա է 19
համակարգիչ։ Բացի այդ՝ նախորդ տարի Արմավիրի մարզային գրադարանի տարածքը
հիմնանորոգվել է պետական միջոցների հաշվին։ Բարենորոգված գրադարանն այժմ
ունի լայն հնարավորություններ տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելու
համար։ Գրադարանը մեծ շուքով պատրաստվում է հայ գրատպության 500—ամյա
հոբելյանին։ Ճեմասրահում պատրաստված է ցուցահանդես՝ «Հայկական
գրատպություն—500» խորագրով։ Արմավիրի մարզային գրադարանը սպասարկում է 6728 ընթերցողի, անվճար տրամադրում է տեղեկատվություն ինտերնետի միջոցով 1050 օգտվողի։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ Երեւան—Արմավիրի մարզ—Երեւան
|