ԳԱԱ
2011թ. աշխատանքային արդյունքներն արդեն արխիվում են։ Բայց մինչ
արխիվացնելը, երեկ ակադեմիան դրանք ներկայացրեց հասարակությանը։ Տարեկան
ընդհանուր ժողովին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ
Սարգսյանը։ Հաշվետու ժողովը սկսվեց Վեհափառ hայրապետի օրհնության խոսքով,
որը ներկաներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական
փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին
ակադեմիայի՝ կյանքից հեռացած անդամների հիշատակը։ Այնուհետեւ ԳԱԱ
նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ԳԱԱ—ի 2011թ. գիտական
գործունեության արդյունքները, ներկայացրեց գիտության ասպարեզում առկա
խնդիրները եւ գիտության զարգացման առաջնահերթությունները։ Այսպես, հաշվետու
տարում տեղի ունեցած իրադարձություններից կարեւորվում է հատկապես ՀՀ ԱԺ
կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը։
Դրանով հստակեցվել է ԳԱԱ կարգավիճակը՝ որպես պետական լիազորված մարմին։ ՀՀ
կառավարության կողմից էլ հաստատվել է ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն
ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում, ակադեմիայի վարչական մասի
կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցություն։ Դա
նաեւ հնարավորություն է տալիս նրանց զբաղվել ձեռնարկատիրական լայնածավալ
գործունեությամբ, առեւտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը։ Տարեկան
ժողովում անդրադարձ կատարվեց նաեւ ԳԱԱ համակարգում գիտաշխատողների
թեմաներին, իրականացված աշխատանքներին, համակարգի խնդիրներին, առանձին
բաժինների գործունեությանը։ «2012թ. հունվարի 1—ի դրությամբ ԳԱԱ կազմում
ընդգրկված են 64 ակադեմիկոս եւ 61 թղթակից անդամ, որոնցից 34 ակադեմիկոս
եւ 30 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս։ ԳԱԱ համակարգի
աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, այդ թվում՝ 2409—ը գիտական աշխատողներ
են, որոնցից 332—ը՝ գիտության դոկտոր, 1230—ը՝ գիտության թեկնածու։
Երիտասարդ գիտնականների պատրաստման գործում մեծ դեր է կատարում ակադեմիայի
միջազգային գիտակրթական կենտրոնը»,—զեկույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը՝
հավելելով, որ նախորդ տարում ասպիրանտուրայում պետական պատվերով սովորում
էր 167 ասպիրանտ, մագիստրատուրայում՝ 1078 մագիստրանտ։ Ամփոփագրում առաջ
էին քաշվել նաեւ անցած տարում ի հայտ եկած որոշ խնդիրներ։ Դրանցից է
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
աշխատակիցների՝ սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակում ընդգրկված
չլինելու փաստը։ Ռ. Մարտիրոսյաի խոսքով՝ եթե ինչ—ինչ պատճառներով հնարավոր
չէ աջակցել բոլոր աշխատակիցներին, ապա պետք է անդրադառնալ գոնե նրանց, ում
աշխատավարձը չի գերազանցում 60 հազար դրամը։ Ընդհանուր առմամբ, այստեղ ամսական միջին աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ։ 2011թ.
ԳԱԱ ամբողջ համակարգի համար պետական ֆինանսավորումը կազմել է 4595426.7
հազար դրամ։ Արտաբյուջետային միջոցների ընդհանուր ծավալը եղել է 2.2
միլիարդ դրամ։ Դա տարեկան ընդհանուր ֆինանսավորման 33 տոկսն է։ Ռ.
Մարտիրոսյանի համոզմամբ՝ սա լավ ցուցանիշ է անգամ զարգացած առաջավոր
երկրների համար։ Մեկ այլ հաջողություն էլ ունենք, բայց այս դեպքում
հոդվածների մասով։ ՅՈւՆԵՍԿՕ—ի հետազոտությունների համաձայն՝ տպագրված բարձր
վարկանիշային հոդվածների թվով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի բոլոր
երկրներին, բացի Իսրայելից, որը գիտական հետազոտություններին տարեկան
տրամադրում է 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Հղումների ինդեքսի տվյալների համաձայն
էլ՝ Հայաստանի ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում։ Հայաստանի
գիտությանը պիտակավորողներին ԳԱԱ նախագահը հորդորում է ծանոթանալ վերոնշյալ
տվյալներին։ Հաշվետու տարում արձանագրված խնդիրների եւ ձեռքբերումների
շարքում ներկայացվեց նաեւ սոցիալական հատվածը։ Այստեղ ընդգծվեց ՀՀ նախագահի
աջակցությամբ երիտասարդ գիտաշխատողների համար 200 բնակարանից բաղկացած
շենքի կառուցումը։ Բնակելի շենքի կառուցում է նախատեսված նաեւ
ինֆորմատիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։ Միաժամանակ որպես խնդիր
ներկայացվեցին ակադեմիայի շենք—շինությունները։ Դրանց ընթացիկ ծախսերն
իրականացվում են։ Սակայն պահպանման ծախսերը չեն փոխհատուցվում։ Դրա համար
էլ ակադեմիան անհրաժեշտ է համարում, որ պետական բյուջեում համապատասխան
ծախսեր նախատեսվեն, քանզի շենք—շինությունները լուրջ վերանորոգում են
պահանջում։ Խնդիրների շարքին է դասվում նաեւ ինովացիոն քաղաքականության
հարցը։ Դեռեւս 3 տարի առաջ ակադեմիան ՀՀ կառավարությանը ներկայացրել էր 40
ինովացիոն առաջարկներից բաղկացած փաթեթ։ Արդյունքում ընդունվել է 8 ծրագիր։
«Սակայն դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել։ Ներկայումս ակադեմիան
թարմացրել է այդ փաթեթը՝ ներառելով վերջին տարիներին ստացված գիտական նոր
արդյունքները»,—տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ընդգծեց ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս—քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը՝ հավելելով, որ 2011թ. գիտության
պետական կոմիտեի հայտարարած ինովացիոն ծրագրերի մրցանակաբաշխությանը
ակադեմիան մասնակցել է համաֆինանսավորողի կարգավիճակով։ Նա այդ քայլերը,
սակայն, համարում է կիսամոտեցում։ Մաթեւոսյանը հայտարարում է՝ հասունացել է
հանրապետական ինովացիոն կենտրոն ստեղծելու հարցը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|