ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 20 » Կառավարությունը պատրաստ է երկխոսության /Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդներին պետք է լսել/
16:42
Կառավարությունը պատրաստ է երկխոսության /Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդներին պետք է լսել/

ՀՀ կառավարության նիստը երեկ վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դիմելով կառավարության անդամներին՝ նա ասել է. «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին եւ հանրությանը։ Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է։ Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները։ Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք եւ դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարեւորագույն խնդիրն է նպաստել եւ խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը։ Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով եւ իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ։ Միեւնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ եւ միեւնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, եւ իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը եւ ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա։
Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետեւ այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար։
Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականաբար, այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաեւ մեր ընդդիմախոսները։
Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է եւ հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին՝ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը։
Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար, եւ դա նշանակում է, որ նաեւ «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձեւավորվի եւ դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը։ Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին։ Եվ, իհարկե, ես նաեւ Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգեւորում է նաեւ այս երիտասարդական ակտիվությունը։ Հասկանալի է, որ նաեւ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարեւոր է մեր պետության ապագայի համար»։

Կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

ՀՀ կառավարությունը երեկ իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման եւ ընդլայնման անհրաժեշտությամբ։ Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ։ Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ եւ ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները։
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության, իրավաբանական եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած եւ կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար կդառնան

ՀՀ կառավարության երեկ ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար։ Համարանիշերում կօգտագործվի նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը։
Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով։ Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը։
Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը։ Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր։

Հայ ակնագործները տուրք չեն վճարի

Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ 2013թ. դեկտեմբերի 2–ին կնքված բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի՝ հայկական ընկերությունների կողմից ՌԴ–ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, երեկվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը եւ այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ ՌԴ օրենսդրության համաձայն, այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք, որն զգալի գումար է կազմում։ Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի։ Ակնկալվում է, որ որոշումն զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը։

ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները՝ որոշակի ժամկետում

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիտորինգն իրականացնելու եւ ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական խումբ։
Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները եւ սահմանված ժամկետում՝ 2 աշխատանքային օրից մինչեւ 12 օրացուցային օրը պատասխանել դրանց։ Հայաստանի՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը։
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն։ Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը։ Երեկվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը եւ այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին։

Մեղրիում եւ Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի

Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23–ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար։ Հուշագրի համաձայն, հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապված ծախսերը։ Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաեւ աշխատանքի ծավալը։ Երեկվա նիստում կառավարությունը սույն ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ եւ լրացումներ է կատարել պետբյուջեում եւ իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում։ Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմը եւ «Գազպրոմ–Արմենիա» ՓԲԸ–ն։
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը։

Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին

ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար։ Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին։ ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական եւ քրդական համայնքների ՀԿ–ներին։ Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային–մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարեւոր նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացման նպատակով։ Այս հատկացումները եւս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ։ Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի։ Ազգային փոքրամասնությունների ՀԿ–ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար։

Վարչատարածքային բաժանման բարեփոխումներ 

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին։
Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաեւ երկրի մարզերում եւ համայնքներում։ Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը։ Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ–երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորմանն ու զարգացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ։ Կառավարության ղեկավարի խոսքով, ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի։ «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են,–հավելել է Տիգրան Սարգսյանը։–Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ։ Կարծում եմ, հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք «Օրինաց երկիր» կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաեւ իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ։ Միգուցե ինչ–որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաեւ լսումներ կազմակերպել խորհրդարանում։ Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետեւ ձեւավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»։ 
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը եւ դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից։ Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է։ Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երեւանում եւ մասամբ՝ Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ–ի զարգացում եւ վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին եւ երեկ հավանություն է տվել գործադիրը։ Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1–ը։ Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանը։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման եւ այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային եւ համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար։
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով։ Գնորդին է օտարվում նաեւ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը։ Գործարքի նպատակը պետական եւ ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաեւ տարածքի վիճակի բարելավումը։

Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն բոլորը

Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778–ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն։ Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր պատկերը։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է բարձրացնել շինարարության ոլորտում պետպատվերի շրջանակում իրականացված աշխատանքի ծավալի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճիշտ եւ ժամանակին հաշվարկելու նկատմամբ հսկողության արդյունավետությունը։
Գործող կարգի համաձայն, կառուցապատողը շինարարության շահագործման ակտերի ձեւը լրացնելուց հետո պետք է դիմի համայնքի ղեկավարին փաստագրման ակտն ստանալու համար, որից հետո միայն օբյեկտի շինարարությունն ավարտված կհամարվի։ Այժմ 2 հազար ավարտական ակտից ընդամենը հազարն է ներկայացվել համայնքի ղեկավարին, եւ փաստագրման ակտի ստացման ժամկետ սահմանված չէ։ Փոփոխելով նախկին որոշումը՝ գործադիրը պայման է ստեղծում, որպեսզի կառուցապատողը գրանցի իր օբյեկտը եւ սկսի գույքահարկ մուծել, իսկ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկություն ներկայացնի համապատասխան գերատեսչության օբյեկտի վերաբերյալ։
Կառավարության որոշմամբ Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակված եւ այդ կապակցությամբ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրենի լիազորությունը վայր դրած Հովհաննես Թոքմաջյանի փոխարեն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Գալստյանը։

Տարերային աղետների կանխարգելման միջոցառումներ

Կառավարության երեկ ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ։ 2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում։
Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքները մեղմելու եւ սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումը սկսած 2007 թվականից դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը։ Սույն որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի եւ Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պլանավորման միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է 2014թ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացնել գործող ՀՀ չորս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծեր, որոնցում անհրաժեշտ է ավելացնել տեխնիկական պայմանները եւ/կամ նորմերը ՀՀ կառավարության կողմից հաստատելու իրավասության դրույթ։ Դրանով իսկ կստեղծվի բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջների սահմանման իրավական հիմքը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 482 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024