Արեւմուտքի երկրների ղեկավարները ամեն օր հանդես են գալիս Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքեր գործադրելու հորդորներով։ Նրանք դեռեւս չեն բացառում հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը։ Պատերազմ չեն ցանկանում նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Արեւմուտքը ձգտում է հասնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների սկսվելուն, իսկ եթե դրանք չսկսվեն, Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը եւ պաշտոնատար անձանց ուղեւորությունների արգելքները։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը. «Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել, մենք ցանկանում ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները միմյանց հետ խոսեն, իսկ եթե նրանք դա չանեն, ապա կլինեն հետեւանքներ»։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել Մոսկվայի եւ Կիեւի իշխանությունների միջեւ ուղղակի երկխոսություն հաստատելու օգտին։ Դիմելով Ուկրաինայում եւ տարածաշրջանում բոլոր կողմերին, Բան Կի Մունը հորդորել է «լիցքաթափել իրադրությունը, մեղմել հռետորաբանությունը եւ գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում»։ Երեկ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ բանակցություններ են ընթացել Ուկրաինայի ճգնաժամի շուրջ։ Էական արդյունքներ դեռեւս չկան։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամային իրադրության քննարկմանը, հայտարարել է, թե Կիեւը չի կորցնում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույսը։ Նա կոչ է արել Մոսկվային բանակցություններ սկսել հակամարտության լուծման շուրջ, որը, նրա խոսքով, արդեն վաղուց դուրս է եկել Ուկրաինայի սահմաններից։ «Ռուսները Ղրիմում պատերազմ չեն ցանկանում, ինչպես եւ ուկրաինացիները»,–պատասխանել է ՄԱԿ—ում ՌԴ—ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հավելելով, որ Ռուսաստանը չի ցանկանում նաեւ «իրադրության հետագա էսկալացում»։ Արսենի Յացենյուկը վերստին ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, իսկ Գերագույն ռադան սպառնացել է ցրել Ղրիմի խորհրդարանը։ Մինչդեռ Ղրիմում պատրաստ են հանրաքվեին։ Եվ քանի դեռ աշխարհում աղմկում են եւ պահանջում չեղյալ համարել հանրաքվեն, Ղրիմում այսօր լռության օր է։
Հայաստանը չի միջամտում
Ուկրաինական դեպքերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանն անդրադարձել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ նշելով, որ մեր երկիրը պետք է չմիջամտի այս գործընթացին։ «Ես չեմ կարծում, որ Հայաստանի առջեւ պահանջ դրվի ուկրաինական խնդրին արձագանքել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է իր շահերով եւ երկրի գերակայություններին համապատասխան։ Բացի դրանից՝ սա մի գործընթաց է, որտեղ Հայաստանը հիմնական խաղացողներից չէ»,–ասել է նա։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ անդրադարձել է այս հարցի հետ կապված Թուրքիայի դժվար դրությանը. «Թուրքիան Ղրիմի հարցում բարդ ընտրության առաջ է։ Մի կողմից, այն հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շատ ուղղություններով կախված է Ռուսաստանից եւ չի ցանկանա վատացնել հարաբերությունները»։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նաեւ կփորձի օգտագործել Ղրիմի հարցը ներքին քաղաքականության իր շահերի համար։ Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաեւ վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները, որոնք այնքան էլ լավ չեն ազդում վարչապետի վարկանիշի վրա, նա փորձում է օգտագործել տվյալ հարցը՝ զուգահեռներ անցկացնելով Մայդանի եւ Թուրքիայի բողոքի ցույցերի միջեւ՝ քաղաքացիներին ցույց տալով. «Տեսեք, թե ուր է հասցնում արտաքին ուժերի միջամտությունը»։ hhp8ess.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|