Հայաստանի
կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ֆինանսական
աջակցությամբ արմատական բարեփոխումներ է իրականացնում ջրային տնտեսության
ոլորտում՝ այն համարելով երկրի սոցիալ— տնտեսական զարգացման գերակա
ուղղություններից մեկը։ Իրականացված աշխատանքների արդյունքում դրական
տեղաշարժեր են գրանցվել ջրամատակարար ընկերությունների սպասարկման ոլորտում
գտնվող համայնքների ջրամատակարարման տեւողության ավելացման, անվտանգ եւ
հուսալի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ,
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներից մոտ 560—ը գտնվում են
ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս։ Տասնյակ
տարիների ընթացքում այդ բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված որեւէ ներդրում չի կատարվել, ինչի
արդյունքում դրանք հայտնվել են անմխիթար վիճակում։ Նշված համայնքների
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավումը ՀՀ կառավարության
կողմից ընդգրկվել է գերակա խնդիրների ցանկում եւ գերմանական KfW բանկի
ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 500.000 եվրո դրամաշնորհ՝ այս
բնակավայրերում առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ
իրականացնելու համար։ Ուսումնասիրությունների նպատակն է գտնել
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման
ինստիտուցիոնալ լուծումները, հստակեցնել իրավական դաշտը, ինչպես նաեւ
իրականացնել անհրաժեշտ ներդրումների գնահատումն ու առաջնահերթության
սահմանումը։ Ուսումնասիրությունների արդյունքում մեկ տարի անց այս
համայնքներում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ hhpress.am