ՄԱԿ-իկենտրոնատեղիում ապրիլի 12-ին Հայաստանի մշտական ներկայացուցչության
հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ՝ "Ցեղասպանության
կանխարգելում" խորագրով:
ՀՀ արտգործնախարարությունից
տեղեկացնում են, որ հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ
մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը,
վերապրելով 1915թ. Ցեղասպանությունը՝ որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում,
ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման
ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան Կայսրության
կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին՝ նշելով,
որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային
ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք
մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են
Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:
Քննարկումների ընթացքում
ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի "Գետը կարմրեց" վավերագրական ֆիլմը, որից
հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր
պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը,
Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը:
Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին
բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:
|