«Հայկական
մշակութային ժառանգության կոթողները ոչնչացվում են այն երկրներում, որտեղ
հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն»,–երեկ ասուլիսի ժամանակ կարծիք
հայտնեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար
Սամվել Կարապետյանը։
«Հայկական մշակութային ժառանգության կոթողների ոչնչացումը միտված է
միջազգային հանրությունից թաքցնելու իրականացրած ցեղասպանությունը»,–ասաց
նա, մատնանշելով հայկական հուշարձանների ոչնչացումը ոչ միայն Ադրբեջանի եւ
Թուրքիայի, այլ նաեւ Վրաստանի տարածքում։ Միաժամանակ հուշարձանագետը նշեց,
որ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է
ունենում միմիայն պատմական Հայաստանի տարածքում, այլ ոչ թե Ստամբուլում կամ
թուրքահայ այլ համայնքներում։
Բանախոսը շեշտեց, որ հարեւան երկրներից միայն Իրանն է, որ որդեգրել է
մշակութապահպան կեցվածք։ «Այս երկիրը մեր նկատմամբ երբեք ցեղասպան
գործունեություն չի իրականացրել եւ ոչինչ չի թաքցնում»,–ընդգծեց նա։ Սամվել
Կարապետյանի խոսքով՝ Իրանի ամբողջ տարածքում հաշվառված է շուրջ 400
հայկական եկեղեցի, երեք վանական համալիր՝ Սուրբ Թադեոսը, Մաղարթան եւ
Ծործորն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։
|