Հայաստանում նախատեսվում է միգրացիոն կառավարման համակարգի զարգացմանն ուղղված ռազմավարական միջոցառումներ իրականացնել։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ 2017 թվականի ընթացքում մշակվել է «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017—2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը»։
«Ծրագիրը նախատեսում է միջոցառումներ եւ ռազմավարական մոտեցումներ՝ ուղղված Հայաստանում միգրացիոն կառավարման համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը»,–ընդգծել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի (ՄԻԲՄԱ) ղեկավար Կարել Հոֆստրան։
Հաստատված փաստաթղթում ներառված է միգրացիոն ոլորտի 8 գերակա ուղղություն, սահմանված են 173 կոնկրետ գործողություն, դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուները։
Հայաստանի եւ հայ միգրանտների իրավիճակի վերաբերյալ իմացությունը վստահություն է ձեւավորում Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ։
Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի եւ հայ միգրանտների վիճակը։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։
Բացի քաղաքականությունը սահմանող փաստաթղթերի մշակումից՝ ՄԻԲՄԱ ծրագիրն իր աջակցությունն է բերել ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման համար։
Համակարգի ներդրման շնորհիվ պետք է ապահովվի անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի եւ դրա վերաբերյալ պատասխանի փոխանցման ավարտական գործընթացի իրականացումը էլեկտրոնային համակարգի միջոցով։
Այս համակարգի ներդնումը կարեւոր նախադրյալ է ԵՄ—ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
«Վիզայի ազատականացման ուղղությամբ շարժվելիս չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունը շատ պարզ տեսնի, թե ինչպիսին է միգրացիոն իրավիճակը Հայաստանում, եւ ինչ վիճակում են հայ միգրանտները արտերկրում։ Դա ձեւավորում է վստահություն Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ»,–ասել է ծրագրի ղեկավարը։
Հայաստանում դյուրացված բնակության իրավունք տրամադրելու ճանապարհով 6 տարվա ընթացքում հնարավոր է ապահովել 108 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
«Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրով կատարված հետազոտությունը փաստում է, որ Հայաստանը, ընդգրկվելով Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն» վարկանիշային աղյուսակի 38 լավագույն երկրների ցանկում, մտադիր է գրավել միջազգային համայնքի ներդրողների ուշադրությունը։
«Միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ կազմվել է «Ներդրողների իմիգրացիա» գաղափարի վերաբերյալ աջակցության գործիքակազմ։ Հայաստանում որոշակի ներդրում կատարած օտարերկրյա անձանց քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք տրամադրելու հնարավորություն կընձեռվի»,–ասել է Կարել Հոֆստրան։
|