Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հուլիսի 17—ին տեղի ուեցած հարձակման հետ, շարունակում են մտահոգել հասարակությանը։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել Երեւանում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Փաստելով, որ երկրում անհրաժեշտ են որակական փոփոխություններ՝ հայտարարության մեջ նշվում է, որ ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները։
«Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու։ Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները։ Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը։ Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը։ Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին։ Ելք կա։ Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են»,– ասված է հայտարարության մեջ։
Խնդրի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որն ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը՝ առավել եւս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ողբերգական հետեւանքների։ «Ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, չտրվել սադրանքներին, խուսափել արյունահեղությունից՝ խնդիրը լուծելով բացառապես բանակցությունների միջոցով»,– ասված է հայտարարությունում։
Օրերս Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդը նաեւ հայտարարություն էր տարածել՝ հորդորելով ողջ ժողովրդին համախմբվել, լրջորեն խորհել բախտորոշ ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ եւ միայն անարյուն ճանապարհով լուծելու մասին։
Խորհրդի անդամ, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն աբսուրդ է անվանել այն, որ հայը հային պատանդ է վերցնում՝ «հանուն հայի փրկության»։ «Չեմ գտնում, որ նման ճանապարհով կարելի է հարց լուծել։ Պետք է լինել հանդուրժող, ներողամիտ միմյանց նկատմամբ»,–ասել է կոմպոզիտորը։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ ներսում գտնվողների նկատմամբ պետք է արդար լուծում լինի՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավիճակը կհանգուցալուծվի առանց արյունահեղության։ «Հարցը պետք է խաղաղ լուծում ստանա, այլապես եթե արյունահեղություն լինի, Հայաստանի համար դժվարին ժամանակներ կսկսվեն»,–հավելել է նա։
Ըստ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի՝ բողոքներ միշտ էլ կան, մտավորականներն էլ ունեն, բայց պետք է ընտրել երկխոսության, զրուցելու ճանապարհը։ «Մենք այլեւս զրկված ենք թեկուզ մի կաթիլ արյուն թափելու բարոյական իրավունքից։ Ամեն նման պարագայում մեր երկիրը տասը տարով հետ է գնում։ Հայ ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությամբ, բայց չի սիրում այդ պատմությունից դասեր քաղել,–ընդգծել է Ա. Գեւորգյանը՝ հավելելով, որ հայ ժողովրդին հարիր չէ «պատանդ» բառը.–Մեզ հետ կապ չունի այդ բառը։ Ցանկանում եմ, որ էյֆորիկ վիճակում գտնվող մեր փառավոր ազատամարտիկները, որոնցով հպարտացել ենք, փառաբանել ենք, սթափվեն, ողջամիտ լինեն, մտածեն՝ ինչու են պատանդ վերցնողի անուն վաստակում։ Իրենց չի սազում։ Ո՞ւմ են պատանդ վերցնում. իրենց ազգակիցներին, եղբայրներին»։
Հարցը պետք է խաղաղ հանգուցալուծում ունենա, այլապես երկիրը կտանի դրամատիկ, ցավալի իրադարձությունների։ Նման համոզմունք է հայտնել գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Իսկ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի կարծիքով՝ նման բախումները ձեռք են տալիս միայն մեր թշնամիներին։
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշել է, որ անհրաժեշտ է հանդարտացնել մարդկանց, ոչ թե հրահրել. մինչդեռ կան մարդիկ, ովքեր ավելի են սրում իրավիճակը։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ կարծիք է հայտնել, որ. «Լուծումը պետք է լինի օրենքի սահմաններում։ Եթե որեւէ կողմ իրեն զգա պարտված, ապա, կարծում եմ, որ չենք կարող խուսափել արյունահեղությունից։ Այնպիսի լուծում պետք է լինի, որ երկու կողմին էլ բավարարի»,–եզրակացրել է մտավորականը։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանը ասել է, որ Պավլիկ Մանուկյանին շատ լավ ճանաչում է եւ եղել է ժամանակաշրջան, երբ նույնիսկ մտերիմ են եղել։ «Այսօր ես ուզում եմ Պավլիկին դիմել։ Պավլի՛կ, դու ինձ հիշում ես, եւ «Գարունի» ամբողջ կազմով քո մոր եւ քույրիկի ձեռքից հաց ենք կերել, բազմաթիվ անգամ ենք նստել իրար հետ եւ վեր կացել, ուզում ես հին ընկեր համարի, ուզում ես ծանոթ համարի, ես խորհուրդ եմ տալիս՝ հանձնվե՛ք օրենքին, զենքը հանձնեք, ազատ արձակեք պատանդներին, խնայեք ոչ միայն պատանդների, այլ նաեւ ձեր կյանքը»,–ասել է նա։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|