Գլխավոր էջ » 2014»Մարտ»20 » Նվիրվածություն միջազգային իրավունքի սկզբունքներին /Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ/
16:31
Նվիրվածություն միջազգային իրավունքի սկզբունքներին /Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ/
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ—ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ—ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը։ Պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարեւորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը։ Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։