ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 1 » Որպեսզի 1915—ը չկրկնվի /Քեսաբը պահպանելու համար ջանքեր են գործադրվում/
16:58
Որպեսզի 1915—ը չկրկնվի /Քեսաբը պահպանելու համար ջանքեր են գործադրվում/

Թուրք—սիրիական սահմանի վրա գտնվող հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը աշխարհասփյուռ հայությանն անտարբեր չթողեց, քանի որ կենսաբանական հիշողության մեջ դեռեւս պահպանվում են ցեղասպանության ոճիրները, եւ նոր «1915 թվականի» կրկնության սպառնալիք կա։ Դրանից խուսափելու համար հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Քեսաբի խնդրի վրա եւ բնակավայրի պահպանման հարցում հասնել արդյունքների։
Հայաստանում Քեսաբի խնդրի առնչությամբ կատարվում է աշխատանք թե՛ պետական, թե՛ հասարակական հատվածի մակարդակներով։ Օրերս հայ պատգամավորների խումբը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությամբ Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով մեկնել էր Սիրիա։ Մարտի 29—ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է խմբի անդամներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ։ ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները։ Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ։
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ այս պահին քեսաբահայերը Սիրիան լքելու եւ այլ երկիր տեղափոխվելու ցանկություն չունեն, իսկ Հայաստանը սիրիական իշխանությունների եւ միջազգային կառույցների օգնությամբ փորձում է հասնել նրան, որ նրանք իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան, սակայն եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, Հայաստանն արդեն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի։
Թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատել է, որ պատգամավորական պատվիրակության այցելությունը Սիրիա, հանդիպումները թե՛ քեսաբահայության, թե՛ Սիրիայի բարձրաստիճան իշխանությունների հետ շատ կարեւոր են, մասնավորապես նաեւ այն իմաստով, որ նախագահ Ասադից ստացանք երաշխիքներ, որ ինքը զորամիավորումներ կուղարկի այնտեղ, կհետաքրքրվի հայերի ճակատագրով ու կհետեւի իրավիճակին։
«Այն արձագանքները, թե եկեք հավաքենք 50 հոգանոց զինյալների ջոկատ, ուղարկենք Սիրիա պայքարելու, իմ կարծիքով, շատ օպորտունիստական են ու այդքան էլ իրատեսական չեն, երբ կա սիրիական մեծ ու հզոր բանակը։ Բնականաբար, Սիրիան չի պաշտպանելու սիրիահայերին նրանց սիրուն աչքերի համար, այլ պաշտպանելու է Լաթաքիան պահելու համար, այսինքն՝ Սիրիան ունի իր ռազմաքաղաքական հաշվարկները, ունի հակաթուրքական շատ հստակ դիրքորոշում»,–ասել է նա։
Բարեբախտաբար սիրիական կառավարական զորքերն առաջխաղացում են գրանցել։ Արման Սահակյանը հեռախոսով խոսել է Լաթաքիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ։ Վերջինս հայտնել է, որ սիրիական զորքերը կարեւոր բարձունքներ են գրավել։
Սփյուռքի նախարարությունն էլ այս հարցում ձեռքերը ծալած չի նստում։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ ՀՀ նախագահի ելույթը Քեսաբում տիրող վիճակի վերաբերյալ ազդակ էր՝ ուղղված ՄԱԿ—ի կառույցներին ու ՀՀ դեսպաններին, որ ՄԱԿ—ում կարողանան համապատասխան հարցեր բարձրացնել եւ պահանջներ դնել՝ բոլոր ուղղություններով ագրեսիան վերացնելու համար։ «Դիմել ենք բոլոր հայկական համայնքներին, Հայ դատի գրասենյակները աշխատում են։ Նրանց կողմից հազարավոր նամակներ են ուղղվել Օբամային, որ դադարեցվեն Քեսաբում հայ համայնքի հանդեպ վայրագությունները։ Ես ամեն օր Քեսաբի քաղաքապետի հետ եմ խոսում։ Մեր դեսպանն այնտեղ է։ Այնպես որ, Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ են եւ աշխատում են մերոնց հետ։ Նյութական օգնություն ե՛ւ ուղարկվում է, ե՛ւ կշարունակվի ուղարկվել»,–ասել է նախարարը։
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ—ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, «Human Rights Watch»—ին, «Freedom House»–ին։ Ուղերձում ներկայացված է Քեսաբում տիրող իրավիճակը եւ նշված, որ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր եւ վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաեւ բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։
Սպիտակ տան պաշտոնական էջում հայտնվել է «We the people» («Մենք ժողովուրդն ենք») Քեսաբի դեպքերի վերաբերյալ խնդրագիր։ Մեկ այլ խնդրագիր էլ ուղղվել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին։
Համացանցում մի յուրահատուկ բողոքի ակցիա է մեկնարկել։ Օգտատերերն իրենց անձնական էջերում տեղադրում են #SAVEKESSAB գրությամբ նկարներ։ «Սեյվ Քեսաբ» ակցիային են միացել ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւը, շոու բիզնեսի ներկայացուցիչներ Միխայիլ Գալուստյանը, Էրիկ Անթառանյանը, Սիլվա Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, երգիչ եւ հումորիստ Արամ MP3—ին եւ ուրիշներ։
Համացանցում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տարբեր երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Վալերի Ալեքսանյանը, Դավիթ Մանոյանը, Արտյոմ Սիմոնյանը, բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ), ուրիշներ։ 
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով «Twitter» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է տեղի ունեցող իրադարձություններին՝ խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ։ «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում։ Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,–գրել է երգչուհին։
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը գրել է. «Եթե չգիտեք՝ ինչ է տեղի ունենում Քեսաբում, փորձեք տեղեկացվել «Google» որոնողական համակարգի միջոցով. սա ուղղակի կոտրում է մարդու սիրտը։ Որպես հայ՝ ես մեծացել եմ բազմաթիվ ցավոտ պատմություններ լսելով։ Խնդրում եմ՝ եկեք թույլ չտանք պատմությանը կրկնվել։ Եկեք միահամուռ տարածենք սա»։
Ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը թվիթերյան իր միկրոբլոգում եւս անդրադարձել է Քեսաբի դեպքերին. «40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին վիշտ է... Ողբերգություն Քեսաբում... Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»։
Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններն անտարբեր չեն թողել նաեւ ռուս լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, գրող, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովին. «Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակոծությունները, ապա պետք է ավելով սրբել–վերացնել բոլոր այդ ՄԱԿ—երը եւ նմանատիպ այլ կազմակերպությունները»։
Հայ հաքերների խումբն էլ կոտրել է թուրքական երկու կայքեր եւ տեղադրել «SAVE KESSAB» գրությունը։ Նրանք կայքում տեղադրել են նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութ։
Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները, մարտի 29—ին բուլղարական սահմանային Ռուսե քաղաքում կայացած միջհամայնքային հանդիպման ժամանակ խոր անհանգստություն են հայտնել մարտի 21—ին հայաբնակ Քեսաբ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի վրա իսլամական ծայրահեղական խմբավորումների հարձակումների կապակցությամբ, որոնց հետեւանքով տեղի հայ բնակչությունը մեկ դարի ընթացքում արդեն որերորդ անգամ ենթարկվում է հալածանքների, բռնությունների եւ տեղահանության։ Հավաքի մասնակիցներին սա հիշեցրել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, հատկապես որ, գրոհայինները Սիրիա են թափանցել Թուրքիայից՝ անարգել հատելով թուրքական հսկողության սահմանային անցակետերը։
Այս տագնապահարույց վիճակի շուրջ եւ ի պաշտպանություն Քեսաբի հայության, Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Բարձրացված ահազանգի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են՝ Ռուսաստանի ԱԳ նախարարության ծավալուն արձագանքը ու ԱՄՆ—ի պետդեպի արտահայտած մտահոգությունը Քեսաբի վրա հարձակումների վերաբերյալ։
Սերգեյ Մինասյանը, սակայն, արձագանքները բավարար չի համարում։ «Քեսաբի ցավալի դեպքերին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ,–ասաց քաղաքագետը։–Նման դեպքերում միակ համարժեք պատասխանը պետք է լինի ռազմական միջամտությունը, այլ ոչ թե հայտարարություններով հանդես գալը»։


Քեսաբում զոհեր չկան
 

Իսկ Քեսաբում մնացած հայերի վիճակի մասին խոսել է ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը։ Նա հայտնել է, որ Քեսաբում զոհեր չկան, կա միայն երկու վիրավոր, որոնց մասին բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ տեղեկացրել են ահաբեկիչները։
Մարդիկ, որ հապճեպ թողել են Քեսաբն ու գնացել Լաթաքիա, նույնիսկ բջջային հեռախոսներն են թողել։
«Այդ բջջայիններից օգտվում են ահաբեկիչները։ Զանգում են, ասում. «Մենք ձեր տանն ենք, այսպիսի բան պիտի անենք, պիտի սպանենք ձեզ»։ Բոլոր տները թալանված են։ Մեր հայ ընտանիքների ունեցվածքն այսօր արդեն Թուրքիայում վաճառում են։ Բախումների հետեւանքով տներ են քանդվել, այրվել են։ Բոլոր հայերը, որոնք Լաթաքիայում են, Աստվածածին եկեղեցում էին, մեծ մասը արդեն բարեկամների, ծանոթների, բարերարների օգնությամբ տներում են տեղավորվել։ Քիչ թվով մարդիկ են մնացել եկեղեցում, շտապ օգնության մարմինը աջակցում է նրանց»,–ասել է նա։
Իսկ Քեսաբը չլքած, ապա առեւանգված եւ Թուրքիա տարված 22 հայերից երեք տարեցների ազատ են արձակել։ Մյուսների ճակատագիրն անհայտ է։


Սիրիան մեղադրել է Թուրքիային
 

«Էրդողանի կառավարությունը նպաստել է զինված ահաբեկիչների մուտքին Լաթաքիայի Քեսաբի շրջան՝ ոտնահարելով միջազգային նորմերը»,–սիրիական հեռուստատեսությամբ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին՝ ավելացնելով, որ այն, ինչ կատարել է Էրդողանի կառավարությունը, ոչ միայն Քեսաբի եւ Լաթաքիայի հյուսիսի, այլեւ բոլոր սահմանամերձ շրջանների իրավունքների խախտում է։ Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ Էրդողանն իր գաղափարախոսությամբ, ինչպես նաեւ թուրքական կառավարությունը կապված են միջազգային ահաբեկչության հետ ինչպես Լիբիայում, այնպես էլ Թունիսում եւ այժմ նաեւ՝ Եգիպտոսում։
Նա նաեւ նշել է, որ Լաթաքիայում այժմ կռվող զինյալները սիրիացիներ չեն եւ ոչ էլ սիրիական ընդդիմության անդամներ։ Նրանք օտարազգի ահաբեկչական խմբավորումների անդամներ են։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 544 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024