ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Ոստիկանութունը կարեւորում է իր պատասխանատվությունը /Ցանկալի է, որ ամենալայն զանգվածները վերահսկեն գործընթացները/
14:46
Ոստիկանութունը կարեւորում է իր պատասխանատվությունը /Ցանկալի է, որ ամենալայն զանգվածները վերահսկեն գործընթացները/

ՀՀ ոստիկանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ–ի աջակցությամբ, երեկ կազմակերպել էր ԱԺ ընտրությունների ընթացքում ոստիկանության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ կլոր սեղան–հանդիպում, որին մասնակցում էին ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները (նախընտրական շտաբների պետեր) ԿԸՀ–ի, մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ դատախազության ներկայացուցիչներ։ Միջազգային կազմակերպություններից ներկա էին ԵԽ երեւանյան գրասենյակի, ԵՄ հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության, ընտրական համակարգի միջազգային հաստատության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Բացելով հանդիպումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց այն պատասխանատվությունը, որ դրված է ոստիկանության վրա ընտրությունները օրենքի շրջանակներում եւ անվտանգ անցկացնելու համար։ Իրենք վճռական են՝ կասեցնելու ցանկացած իրավախախտման դեպք, յուրաքանչյուր փորձ։
Դիմելով ընտրական գործընթացի մասնակիցներին՝ կոչ արեց, որ ցանկացած իրավախախտման դեպքի առնչությամբ դիմեն ոստիկանությանը։ «Անձնական պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի, սկսած Մեղրիից մինչեւ Տավուշ, անօրինականության դեպքի կանխարգելման, բացահայտման եւ օրինական ընթացք տալու համար։ Անձնական պատասխանատվություն է կրում նաեւ այն ոստիկանը, ով Մեղրիից սկսած մինչեւ Տավուշ ծառայություն է կատարում այս կամ այն տեղամասում։ Մեր խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է։ Ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվեն ոստիկանության վերքաղաքական եւ վերկուսակցական բնույթը եւ գործունեությունը»,–ասաց ոստիկանության պետը։ Նշեց նաեւ, որ ոստիկանության օժանդակությունն անհրաժեշտ է ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, նրանց ընտրական շտաբներին եւ այլ շահագրգիռ սուբյեկտներին՝ ընտրական գործընթացը պատշաճորեն կազմակերպելու համար։ Հանրությունը նախապես պետք է տեղեկացված լինի ընտրական գործընթացում ոստիկանության՝ օրենքով սահմանված շրջանակների մասին։ Հետեւաբար ոստիկանության պետն իր ղեկավարած կառույցի համագործակցությունը առաջարկեց ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ հանուն արդար, թափանցիկ ընտրությունների։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ բազմակուսակցական, բազմերանգ քաղաքական դաշտում եւ դիտորդների այսքան մեծ ներկայության պայմաններում հավանական չեն մեծամասշտաբ կեղծիքները եւ խախտումները։ Կարող են լինել առանձին խախտումներ, քանի որ ներքեւի մակարդակում անձնական շահը չի բացառում այդպիսիք։ Իսկ ընդհանուր առմամբ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը ինչ դիրք է զբաղեցնում, ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում եւ շատ խիստ է լինելու. «Սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար»։ Նա վստահ է, որ այս ընտրություններից հետո Եվրոպան «շատ ավելի է մոտենալու մեզ, մենք էլ՝ Եվրոպային»։ Իսկ ընտրացուցակների մասին ասաց, որ առայսօր ցուցակներից հանվել է շուրջ 1800 մարդ, եւ գործընթացը շարունակվում է։ Օպերատիվ շտաբում կազմված են արագ արձագանքման խմբեր, որոնք տեղի ոստիկանության հետ ստուգում են ընտրացուցակների ճշտությունը հասցե առ հասցե՝ հիմք ընդունելով համայնքապետերի, ազգականների տեղեկանքներն ու հավաստիացումները։ «Դժվար աշխատանք է, բայց առանց հանգստյան օրերի աշխատում ենք»,–ասաց ոստիկանության պետը։
Ընդդիմության կողմից ընտրական գործընթացի վերահսկողության նախաձեռնության մասին էլ ասաց, որ դա մի կողմից գնահատվում է որպես վստահության դեֆիցիտի հետեւանք, մյուս կողմից էլ՝ պետության կողմից բաց, թափանցիկ գործելու արդյունք, քանի որ ընձեռվում է այդպիսի հնարավորություն։ «Ես կողմնակից եմ, որ ամենալայն զանգվածները վերահսկեն ընտրական գործընթացը, որովհետեւ եթե մենք խոսում ենք, որ մեր քվեն արժեք ունենա, ուրեմն մենք էլ մեր քաղաքացիական պարտքը պետք է կատարենք, եթե հարեւանը ներկա չէ, ինչու մարդ չհայտնի այդ մասին»,–ասաց Վլադիմիր Գասպարյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը նշեց, որ եթե Հայաստանը կարողանա անցկացնել միջազգային չափանիշներին համահունչ ընտրություններ, դա Եվրամիության համար կլինի ժողովրդավարական զարգացումների վկայություն։ «Ազատ եւ արդար ընտրությունները կարեւոր նախապայման կլինեն, որպեսզի զարգանան Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները եւ կիրականացվի «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը»,–ասաց Սիմոնսը։ Նա նկատեց նաեւ, որ ընտրությունները դարձել են կարեւոր կիզակետ Հայաստանում։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ողջունեց նմանատիպ միջոցառման կազմակերպումը, որը խթանելու է իրավապահ տարբեր մարմիննների գործունեությունը ընտրական գործընթացում։ «Սա վկայում է այն մասին, որ ոստիկանությունը պատրաստակամ է անդրադառնալու հասարակության տարբեր խնդիրներին։ Ոստիկանությունը թեւակոխել է բարեփոխումների փուլ, եւ ԵԱՀԿ—ն ցանկանում է ավելացնել իր օժանդակությունը»,–ասաց Ա. Սորոկինը։
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանության շտաբում ներկայացված են բոլոր ծառայությունները, ստեղծվել են տարբեր խմբեր, որոնք պատասխանատու են տարբեր ոլորտների համար։ Շտաբի հիմնական գործառույթն է տեղեկատվության կուտակումը, ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան որոշումների ընդունումը եւ համապատասխան միջոցառումների մշակումը, ոստիկանական վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողությունը, իրավախախտումների վերաբերյալ ստացվող տեղեկատվությանը օպերատիվ արձագանքելը, ծագող իրավական բնույթի խնդիրների պարզաբանումը, լուծումը եւ այլ հարցեր։ Գործելու են բազմաալիքային հեռախոսներ, կապի այլ միջոցներ։ Առանձին հեռախոսահամար է գործելու միջազգային դիտորդական առաքելությունների հետ կապի համար։ Լուծված է կապի լեզվի հարցը։ Նման շտաբներ են ստեղծվել նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչություններում։ Շտաբի ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ նախընտրական օրերին, ընտրությունների օրը եւ հետընտրական օրերին հասարակական կարգի պահպանումը։
Ոստիկանության պետի տեղակալ օպերատիվ շտաբի պետ գեներալ–մայոր Հունան Պողոսյանը ներկայացրեց նախընտրակական քարոզչության ընթացքում, ինչպես եւ քվեարկության օրը հնարավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներով ոստիկանության մոտեցումների մասին իրենց նկատառումները։ Ըստ այդմ, ոստիկանությունը պատրաստ է թափանցիկ աշխատել կուսակցությունների, միջազգային կառույցների, ՀԿ–ների, անհատ անձանց հետ՝ ի շահ օրինական ընտրությունների անցկացման։ Այս միջոցառումն էլ, ըստ բանախոսի, դրա վկայություններից մեկն է, քանի որ մինչ այս ոչ մի ընտրության ժամանակ ոստիկանությունը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Հ. Պողոսյանը տեղեկացրեց, որ օպերատիվ շտաբն ամենօրյա համագործակցություն է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված համապատասխան աշխատանքային խմբի հետ։ Ասաց, որ ԶԼՄ–ների հրապարակումներով եւ «թեժ գծով» արդեն իսկ ստացվել են տեղեկություններ հանրապետության տարբեր շրջաններում տեղի ունեցած իրավախախտումների մասին։ Կատարվում են ստուգումներ եւ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ։ Այդ տեղեկությունները հիմնականում կապված են ընտրակաշառք բաժանելու, քվեարկելուն հարկադրելու եւ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների հետ։ Հարուցվել է երկու քրեական գործ Գյումրիի եւ Արմավիրի դեպքերի վերաբերյալ։ Ասաց նաեւ, որ եղել է դեպք, երբ տեղեկություն հաղորդած լրատվամիջոցը հրաժարվել է հնարավորինս սպառիչ տեղեկատվություն տալ, ինչն էլ խանգարում է գործը ավարտին հասցնելու։ Դա կոնկրետ օրինակով հաստատեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը։
Հ. Պողոսյանը շեշտեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ այս համապետական միջոցառմանը բարձր լինի յուրաքանչյուր ոստիկանի անձնական պատասխանատվությունը. «Ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ, պատրաստակամություն՝ կանխելու յուրաքանչյուր իրավախախտում, եւ ապահովելու կայանալիք ընտրությունների բնականոն ընթացքը»։
Միջոցառմանը մասնակցող ԱԺ գործող պատգամավոր Դավիթ Հարությունյանը կարեւոր համարեց, որ ոստիկանությունը լրջորեն վերաբերվի նաեւ «փոքր» խախտումներին եւ անարձագանք չթողնի։
ՀԱԿ ներկայացուցիչը հարցրեց, թե ինչպե՞ս է, որ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերի մասով ոչ մի քրեական գործ չի հարուցվել մինչեւ օրս։ Մեկնաբանությունը ընդարձակ էր։ Նշվեց, որ դա դժվար բացահայտվող խախտում է, բայց եւ ասվեց, որ այստեղ լուրջ իրավաբանական խնդիր կա, եւ դրա շուրջ դատախազության հետ քննարկումների արդյունքում կկազմակերպվեն լսումներ։
Ընտրացուցակների հրապարակայնության, դրանցում հնարավոր անճշտությունները վերացնելու գործընթացի, կատարվող աշխատանքի մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ գեներալ–մայոր Արթուր Օսիկյանը։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին կարեւոր նշանակություն ունի իշխանության բոլոր մարմինների կողմից գործառույթների պաշտաճ իրականացումը, քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Ընտրական օրենսգիրքն ամրագրել է լիազորություններ պետական մարմինների համար։ Բավարար հստակությամբ ամրագրված են այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն ոստիկանության կողմից. դրանց մեծ մասը վերաբերում է ընտրողների ցուցակների կազմմանը»,–նշեց Տ. Մուկուչյանը։ Նա տեղեկացրեց, որ քվեարկության օրվանից քառասուն օր առաջ բոլոր տեղամասային կենտրոններին տրամադրվել են ընտրողների ցուցակները, դիմումի ձեւը, թե ինչպես պետք է գործել հնարավոր շեղումներ նկատելու դեպքում։ «Ցուցակների հրապարակայնացման գործընթացն ինքնապատակ չէ, եւ նրա գերնպատակն է ոչ միայն հանրությանը իրազեկել, այլեւ անճշտություններ նկատելու դեպքում շտկումներ իրականացնել։ Ցուցակներում արդեն կատարվել եւ շարունակվում են կատարվել ճշտումներ»,–ասաց ԿԸՀ–ի նախագահը։
Անդրադառնալով քվեարկության օրվան՝ նա նշեց, որ նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կկազմակերպեն ոստիկանության ծառայողների աշխատանքը։ Այն ներառում է ընտրատեղամասերում հնարավոր իրավախատումներին արձագանքելը, որը ոստիկանության աշխատակիցները պետք է կատարեն ԸԸՀ նախագահին տեղյակ պահելուց հետո։
Տ. Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա 10—14 oրերի ընթացքում նախատեսվում է ուսուցում իրականացնել 14 հազար քաղաքացիների համար։ Նրանք կծանոթանան ընտրությունների շրջանակներում իրենց իրավունքներին ու պարտականություններին։
Կուսակցություններում եւս իրականացվելու են վստահված անձանց ուսուցման գործառույթներ։
Իրազեկման խնդրի հետ կապված՝ ԿԸՀ—ն հրապարակել է նյութեր, որոնք եղել են ԸՕ պահանջ։ Հրապարակել են առանձին ուղեցույցներ, որոնք վերաբերում են անձի ուսուցմանը, եւ այդ նյութերը տրամադրվել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 460 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024