Յոթնյակով հանդես եկող «Մեծ ությակի» երկրների առաջնորդները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ—ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որում ճանաչել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իրավիճակի սրման դեպքում լուրջ հետեւանքներով են սպառնացել Ռուսաստանին։
«Մեծ յոթնյակի» (G7՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա) ղեկավարները որոշել են, թե Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների դեմ են կիրառվելու պատժամիջոցները։ Դրանք վերաբերելու են էներգետիկայի, ֆինանսների ու սպառազինման բնագավառներին։
Հակառակ տրամադրություններ են Ռուսաստանում։ Մոսկվան հետաքրքրված է «Մեծ ությակի» իր գործընկերների հետ շփումների շարունակմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Ռուսական կողմը շարունակում է պատրաստ մնալ նման շփումների՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր։ Մենք հետաքրքրված ենք այդ կապերով»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի իր գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների հետեւողական զարգացմամբ։
Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ասել է, որ Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված մտադիր է պահպանել «Մեծ յոթնյակի» հետ գործողությունների սերտ համակարգումը, երկխոսությունը Ռուսաստանի հետ եւ ձգտել առկա խնդիրների խաղաղ դիվանագիտական լուծմանը. «Հաագայում ընդունված որոշումները չեն նշանակում, որ Ռուսաստանին ընդմիշտ հեռացնում են «ությակից»։
Գագաթնաժողովի կուլիսներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզմունք է հայտնել, որ «քանի դեռ քաղաքական իրադրությունը նպաստավոր չի լինի G8—ի գագաթնաժողովի անցկացման համար, չեն լինի ոչ կոնկրետ գագաթնաժողովներ, ոչ էլ այդ ձեւաչափը»։ Կանցլերի խոսքերով՝ այս իրավիճակը կտեեւի մինչեւ այս տարվա վերջը։
ԱՄՆ—ի Սենատն էլ իր հերթին Ուկրաինային տնտեսական օգնության հատկացնելու եւ ՌԴ—ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենք է ընդունել։
Փաստաթուղթը նախատեսում է Կիեւին 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների տրամադրում։ Նաեւ նախատեսվում է Ուկրաինային 50 մլն դոլար հատկացնել քաղաքացիական հասարակության եւ 150 մլն դոլար՝ անվտանգության ոլորտում ԱՄՆ—ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության ընդլայնման համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառչում «ությակի» ձեւաչափից։ «Ությակը ոչ ֆորմալ ակումբ է, անդամության տոմս ոչ ոք չի տրամադրում, վռնդել ոչ ոք ոչ մեկին չի կարող։ Եթե մեր արեւմտյան գործընկերները գտնում են, որ այդ ձեւաչափն իրեն սպառել է, նշանակում է այդպես էլ պետք է լինի։ Մենք դրանից չենք կառչում»,–հայտարարել է Լավրովը։
Եվրահանձնաժողովը պետք է մինչեւ հունիս պլան պատրաստի ռուսական էներգամատակարարումներից Եվրոպայի կախվածության նվազեցման վերաբերյալ։ Անցած շաբաթ Եվրախորհրդի նախագահ Ռոմպոյը հայտարարել էր, որ Եվրամիության ղեկավարները մտադիր են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի էներգակիրների մատակարարումներից իրենց երկրների կախվածության նվազեցման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ կախվածությունը կարելի է նվազեցնել՝ բարձրացնելով էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչը կնվազեցնի էներգակիրների պահանջարկը, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնելով մատակարարումների աղբյուրները եւ օգտագործելով էներգիայի վերականգնվող աղբյուրները։ Սակայն Եվրոպան դեռ մի քանի տասնամյակ կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը։ Այս կարծիքին է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գազի, ածխի եւ էլեկտրաէներգիայի գերատեսչության ղեկավար Լասլո Վարոն։
Իսկ այս ընթացքում Ուկրաինայում իրավիճակը նախանձելի չէ։ Պետական գանձարանում փող չկա, որպեսզի սոցվճարումներ կատարվեն։ Նստավայրեր, հանգստավայրեր, հաստատություններ եւ հողատարածքներ, որոնք պատկանում են ուկրաինական պետությանը, պատրաստվում են վաճառել աճուրդում։ Նախարարների կաբինետը զգուշացրել է, որ սպասվում են բարեփոխումներ, որոնք ներառում են նոր հարկեր, սակագների ավելացում։ Տեղի կունենա նաեւ բյուջեի կրճատում։
Բոլոր պետծառայողներին արգելվել է գնել համազգեստ, ավտոմեքենաներ, նոր բջջային հեռախոսներ, համակարգիչներ։ Չեն լինի նաեւ վերանորոգումներ, չարտերային չվերթեր, հեռախոսների ռոումինգ, կկրճատվեն պետապարատի ծախսերը։ Նախարարների գնահատականներով՝ աշխատանքից կհեռացվեն նաեւ աշխատակիցներ։
Երկրում քաղաքական պայքարն իր տեղը զիջել է միջանձնային կռիվներին։ Սպանվել է ծայրահեղ արմատական մոտեցումներով հայտնի «Պրավի սեկտորի» ներկայացուցիչ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի էր որպես Սաշկո Բելի։ «Պրավի սեկտորը» մտադիր է նրա սպանության համար վրեժ լուծել՝ մեղավոր համարելով ՆԳ նախարար Արսեն Ավակովին։
Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Հանես Ռումի խոսքով՝ Ուկրաինայի զարգացումը երկար ժամանակ կպահանջի, քանի որ տնտեսական իմաստով պետք է հասնել մի մակարդակի, որը հնարավորություն կտա մյուս երկրների հետ նույն մակարդակում գործել։ Բացի այդ, պետք է լինի դատական անկախ համակարգ, ինչը առ այսօր չի եղել։ Ամեն մի երկիր պետք է բազմաթիվ պահանջների համապատասխանի։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|