Սահմանամերձ համայնքների խնդիրներին ոչ ոք գործող իշխանությունների չափ չի տիրապետում.
Ազգային ժողովի հերթական քառօրյայի նիստից հետո կառավարության անդամները երեկ պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանի հարցը վերաբերում էր հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ այն գործողություններին, որ իրականացնում է պաշտոնական Երեւանն իր հայրենակիցներին աջակցելու նպատակով։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Քեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների խորին մտահոգության վկայությունն է։
«ՀՀ նախագահը հանձնարարականներ է տվել, եւ մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Բացի այդ՝ Նյու Յորքում եւ Ժնեւում, ՄԱԿ—ի կառույցներում եւ միջազգային այլ կազմակերպություններում մեր ներկայացուցչությունները ձեռնարկում են համապատասխան քայլեր։ Մեր մտահոգությունը բարձրաձայնվել է նաեւ երկկողմ հարթակում, մոտ 30 երկրների հետ երկկողմ ուղղակի շփումներում։ Դամասկոսում մեր դեսպանատունն ունի հանձնարարականներ եւ համապատասխան աշխատանք է տանում»,–ասաց նախարարը։
Արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ մինչ Քեսաբում տեղի ունեցած վերջին հարձակումները այստեղի բնակչության մոտ 70 տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում։ Նրանք, ովքեր չունեն ազգականներ ու հարազատներ Լաթաքիայում, տեղավորվել են հայկական եկեղեցում, որտեղ նրանց հետ երեկ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը. «Բավականին բարդ կացության մեջ են մեր հայրենակիցները, եւ եթե ցանկացած նյութական օժանդակության հնարավորություն կա, բնականաբար ճիշտ կլինի կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով։ Մեր բոլոր ձեռնարկվող քայլերն ուղղված են դրան։ Հայության բոլոր հատվածները թե Հայաստանում, եւ թե սփյուռքում այստեղ միասնական մոտեցում ունեն եւ գործում են համատեղ քայլերի կարեւորության խոր գիտակցությամբ։ Մենք շարունակելու ենք բոլոր մեր հնարավոր դիվանագիտական խողովակները եւ ոչ միայն դիվանագիտական հնարավորություններն օգտագործել՝ հեշտացնելու այն բարդ իրավիճակը, որ ստեղծվել է մեր հայրենակիցների համար»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր հարցում մտավախություն հայտնեց, որ որոշ ուսանողների զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տրամադրումը առաջացնում է ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլեւ վնաս է հասցնում գիտությանը, քանի որ շատ հաճախ գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեցող երիտասարդներ են հայտնվում ասպիրանտուրայում՝ միայն տարկետում ստանալու եւ ծառայությունից խուսափելու համար։ Նա նշեց, որ կուսակցությունը նախապատրաստում է օրենքի նախագիծ, ըստ որի տարկետման իրավունքի տրամադրությունն իսպառ կվերացվի։
Ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը ոչ մի կերպ չպետք է հակադրվի կրթության իրավունքի իրագործմանը։ Հակառակը՝ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի զինվորական ծառայություն անցած քաղաքացիները հետագայում կրթություն ստանալու առումով ունենան մեծ առավելություններ։
«Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, սակայն նման օրենսդրական նախագծի ընդունման համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքական միասնականություն։ Ցավոք, Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ մեր պետության համար այսպիսի կարեւորագույն խնդիրների լուծման մեջ իրենց մասնակցությունը ներդնելու փոխարեն զբաղվում են ամբոխավարության ու հիմնվում էմոցիաների վրա»,–ասաց Աշոտյանը։
Նրա համոզմամբ՝ տարկետումը խոչընդոտում է կրթական եւ գիտական համակարգի զարգացմանը, քանի որ իրավամբ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Բացի այդ՝ ասպիրանտուրա ընդունվողների գենդերային տեղաբաշխումն արդեն իսկ ամեն ինչ ցույց է տալիս։
ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանին հետաքրքրում էր՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի նախաշեմին, թե ինչ ծրագրեր են իրականացվում հատկապես Հայաստանի սահմանամերձ համայնքների համար։ Փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նկատեց, որ սահմանամերձ համայնքներում արդեն մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, ինչի հետ միաժամանակ իրականացվում են բարեգործական տարբեր ծրագրեր։
«Մենք ողջունում եւ խրախուսում ենք այս ծրագրերը, սակայն դրա հետ մեկտեղ՝ բոլոր իրականացվող ծրագրերին զուգահեռ չպետք է նվազեցվի այն դերակատարումը, որ ունի պետությունն այդ համայնքներում։ Ցավոք, վերջին շրջանում տենդենց է նկատվում, որ եթե տարբեր կազմակերպություններ սահմանամերձ համայնքներում ծրագրեր են իրականացնում, ապա դա ուղեկցվում է մեկնաբանություններով, թե պետությունը որեւէ ձեւով այնտեղ որեւիցե բան չի անում, չի աջակցում համայնքներին եւ բնակիչներին։ Դա այդպես չէ։ Վստահ եմ, որ Հայաստանի անկախության բոլոր 22 տարիների ընթացքում ոչ ոք այդքան լավ չի տիրապետել սահմանամերձ համայնքների խնդիրներին, որքան այդ պահին գործող իշխանությունները»,–ասաց Ա. Գեւորգյանը։
Նախարարի խոսքերով՝ դա բխում է այն հանգամանքից, որ գործող իշխանություններն այդ խնդիրներով զբաղվում են ամենօրյա ռեժիմում։ Հատկապես վերջին տարիներին Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց զգալի մասին ԱԺ պատգամավորները նույնպես ականատես են եղել։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում չորս հրատապ ծրագիր է իրականացվել Տավուշի մարզում՝ 2.3 մլրդ դրամի չափով, որից 70 տոկոսն ուղղվել է սահմանամերձ համայնքներին. «Դրանք տասնյակ վերանորոգված կամ նոր վերակառուցված մանկապարտեզներ են, համայնքային կենտրոններ, կրթական հաստատություններ, ճանապարհներ։ Միայն վերջին տարիներին գործարկվել է ոռոգման երկու համակարգ՝ Կոթիի եւ Բերդի տարածաշրջաններում, ինչը ոռոգելի է դարձրել հարյուրավոր հեկտար նոր հողատարածքներ։ Բացի այդ՝ ՀՀ կառավարությունը հատկապես այս տարածաշրջաններում հողի հարկի եւ ջրի վարձավճարի սուբսիդավորման հատուկ ծրագիր է իրականացնում՝ նախորդ տարի 77 մլն դրամի չափով, իսկ այս տարվա հերթական ծրագիրը կկազմի 88 մլն դրամ։ Ընդանուր առմամբ ծրագրերը բավականաչափ ծավալուն են, ընդգրկուն եւ շարունակական»։
ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հարցը վերաբերում էր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերին. նրա կարծիքով՝ վարկերի՝ ապրիլին տրամադրումն ուշացված է, քանի որ շատ տարածաշրջաններում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկում։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը համեմատաբար բարձր է, ինչի հետեւանքով պետությունն արդեն 3 տարի է՝ սուբսիդավորում է գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերը։ Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տրամադրվել է 53.5 մլրդ դրամ վարկ, որից օգտվել են 65 հազար գյուղացիական տնտեսություններ. «Յուրաքանչյուր տարի վարկը տրամադրվում է ապրիլի սկզբից՝ գարնան եւ աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար։ Ընդհանուր առմամբ տրամադրվում է 15 մլրդ դրամ։ Դրանք բանկի կողմից տրամադրվում են 14 տոկոսով, իսկ պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը, այսինքն՝ գյուղացին վարկը ձեռք է բերում 10 տոկոսով։ Սոցիալապես անապահով եւ բարձր լեռնային 215 համայնքների վարկերը սուբսիդավորվում են 6 տոկոսով, եւ գյուղացին վարկը ձեռք է բերում 8 տոկոսով։ Փորձը ցույց է տալիս, որ ապրիլ ամսից վարկերի տրամադրման ժամկետներն ուշացած չեն»։
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում գործադիրը կվերացնի՞ «պարտադիր» բաղադրիչը։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ գործադիրը պատրաստ է աշխատել «Դեմ եմ» շարժման հետ, որպեսզի շտկի օրենքում եղած բացերը, որոնք կարող են լինել, ինչպես ցանկացած օրենքներում։
«Սակայն չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել, այդ թվում «Դեմ եմ» շարժման հետ՝ մեր տեսակետից, եւ նրանց կողմից՝ մեզ հետ։ Կարծում եմ՝ ապագա աշխատանքային հանդիպման ժամանակ կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք փոփոխման ենթակա են եւ որոնք փոփոխման ենթակա չեն, ու կաշխատենք գտնել փոխըմբռնման եզրեր։ Այդ հանդիպումը անպայման պետք է լինի ՍԴ որոշումից հետո, որպեսզի հստակ լինեն մեր գործունեության սահմանները»,–նշեց Վ. Գաբրիելյանը։
Պատգամավոր Իշխան Խաչատրյանը՝ «Օրինաց երկիր» խմբակցությունից, մեծ ձեքբերում համարեց այն, որ զորակոչի ընթացքում նորակոչիկների տեղակայման զորամասերը որոշվում են վիճակահանության միջոցով։ Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս սկզբունքը պահպանվելու է նաեւ հետագա տարիներին։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ տարեցտարի բարելավվում է զինված ուժերի համալրման գործընթացը, ինչը ԶՈՒ ղեկավարության սկզբունքներից մեկն է։ Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքում այլեւս հետադարձ ճանապարհ չկա։
«Պետք է հիշեցնեմ, որ ԶՈՒ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներն արդեն 6 տարի է՝ եւս բաշխվում են վիճակահանությամբ։ Մենք կարողացանք դեմ գնալ մեր հայկական իրականությանը եւ հոգեկերտվածքին, եւ այդ վեց տարիների ընթացքում որեւիցե մեկը չի դիմել ինձ, որ ես որեիցե մեկի զավակին ուղարկեմ այս կամ այն ծառայության վայր։ Հակառակը՝ սպաներն իրենք են ընտրում ծառայության բարդ պայմանները, որպեսզի երիտասարդ հասակում դժվարություններն ու զրկանքներն ավելի արագ հաղթահարեն»,–նշեց նախարարը։
Ս. Օհանյանը հիշեցրեց՝ զինված ուժերի համալրման գործընթացը մարտունակության ապահովման տարրերից մեկն է, այստեղ խառը համալրում են իրականացնում։ Առաջին հերթին բավականին լուրջ ուշադրություն է դարձվում պրոֆեսիոնալ տարրի ընդլայնմանը, եւ վերջին տարիներին դրա վրա ազդել է նաեւ ռազմակրթական համակարգի ձեւավորումը։ Հայեցակարգի համաձայն՝ մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն սպաների, այլեւ պայմանագրային զինծառայողների կրթությանը՝ հատկապես արհեստավարժ սերժանտների համակարգի ներդրմամբ. «Ինչ վերաբերում է զորակոչին, ապա դա խառը համալրման սկզբունքի երկրորդ ուղղությունն է։ Այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել՝ սկսած միասնական տեղեկատվական համակարգի ստեղծմամբ, որում կցագրման գործընթացն է իրականացվում, մինչեւ բուժզննման բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներ ու վիճակահանությամբ ըստ զորամասերի բաշխման իրականացում։ Մենք շարունակելու ենք այդ գործընթացը։ Իհարկե, դիմադրություն որոշակի չափով զգում ենք, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքը բերել է նրան, որ կոռուպցիոն ռիսկերն արդեն համակարգային բնույթ չեն կրում»։
Նախարարի խոսքով՝ վերջին 6 տարիների ընթացքում 46 զինկոմիսարիատներից 25 զինկոմիսարներ ազատվել են պաշտոններից, որոնցից 19—ը՝ պարտականությունների մեջ թերանալու պատճառով, իսկ նրանց 60 տոկոսը վերաբաշխումների է ենթարկվել՝ տեղափոխվելով այլ կենտրոններ։ Զինկոմիսարիատների աշխատակիցներից 114 մարդ ռազմական ոստիկանության հետ կատարված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում քրեական պատժի է ենթարկվել կամ ազատվել է պաշտոններից։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|