Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, արծարծվել են ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Ձեւավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ եւ հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը»,–նշել է վարչապետ Կարապետյանը։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների եւ միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների եւ ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից։
Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզ։
|