2012թ.
ապրիլի մեկին ասորի ժողովուրդը նշեց 6762—րդ տարվա գալուստը։ 6762 տարի
առաջ ասորի թագավորներից մեկը հռչակեց ասորիների Նոր տարին՝ Հաբ—Նիսանը։
Տոնը նշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ասորական համայնքում։ Կիրակի
օրը Հաբ—Նիսանի կապակցությամբ ասորիներին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝
Հաբ—Նիսանի կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք։
Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների
օջախները։ Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի
հատվածն է, շարունակի ամրանալ՝ զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու
գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով
հասարակական կշիռը։ Բնության զարթոնքի եւ պտղաբերության տոնը հարազատ ու
սիրելի է ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր
համայնքների համար։ Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը։ Շնորհավոր Հաբ—Նիսան»։ Ասորիները
մեծ ուրախությամբ են նշում, որ Հայաստանում իրենք ազատ են՝ տոնելու իրենց
ազգային տոները, պահպանելու ազգային հատկանիշները։ «Սովետական Միության
փլուզումից հետո մենք ազգային զարթոնք ապրեցինք։ 90—ականներից տոնում ենք
այս տոնը։ Վերադարձել ենք մեր ակունքներին։ Տոնը գարնան տոն է, գալիս է
գարնան զարթոնքի հետ։ Օրը տոնելու հետաքրքիր ավանդական արարողակարգեր կան.
գարնանային կերակուրներ, ասորական երգ ու պար, ասմունք»,–ավանդույթը
ներկայացրեց ՀՀ «Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։
Ասորի փոքրիկներն էլ ավանդական երգն ու պարը ներկայացրեցին տոնական բեմից։
|