Հայաստանյան պետական կառավարման մարմինների եւ տարբեր ոլորտներում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչները Երեւանում մասնակցել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկն ազդարարող աշխատաժողովին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սեւծովյան երկրների անդրսահմանային համագործակցության 2014—2020 ծրագիրը, որը 54 միլիոն եվրո արժողություն ունի, նախատեսված է ԵՄ անդամ եւ հարեւանության ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է ծրագրի մասնրամասները՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունը խթանելու համար։ «ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը տարածաշրջանային է։ Դրանից կարող են օգտվել ութ երկրներ՝ Բուլղարիա, Թուրքիա, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Վրաստան։ Նախկինում կար նաեւ Ադրբեջանը, բայց որոշվեց, որ այն դուրս պետք է գա ու ներկայում ծրագրի շահառու չի համարվում։ Ծրագրի գաղափարախոսությունն է խթանել ութ երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Ծրագրերը կարող են լինել 300 հազարից մինչեւ 1.5 միլիոն եվրոյի շրջանակներում։ Ամբողջ գումարը ԵՄ—ն տալիս է գրանտի տեսքով»,–ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ներկայացվող ծրագրերի համար պարտադիր պայման է առնվազն երեք երկրների ներգրավվածությունը, որոնցից մեկը պետք է լինի ԵՄ անդամ, այս դեպքում՝ Բուլղարիան, Ռումինիան կամ Հունաստանը. «Ծրագրի շահառու կարող են լինել բոլոր մարզպետարանները, համայնքները, մարզերում գործող ոչ պետական կառույցները, ինչը ֆինանսական ռեսուրսներ ներգարվելու լավ հնարավորություն է»։
Նա նկատել է, որ այս շրջափուլը երկու նպատակ է հետապնդում՝ համատեղ ծրագրերի միջոցով նպաստել տուրիզմի ու մշակութային ոլորտներում բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ բարձրացնել միջսահմանային առեւտրի հնարավորությունները։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ պետական եւ ոչ պետական կառույցները կարող են ծրագրեր ներկայացնել կրթական, մշակութային, տեղական կառավարման, գենդերային հավասարության աջակցության, երիտասարդների զբաղվածության բարձրացման, առեւտրի ու տուրիզմի եւ այլ ուղղություններում։ «Օրինակ, տուրիզմի ոլորտում կարող է ներկայացվել Հայաստան—Վրաստան—Բուլղարիա համատեղ ծրագրային առաջարկ, որտեղ կարող են ներառվել փորձի փոխանակման, համատեղ տուրիստական փաթեթների մշակման, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական կարողությունների բարելավման առաջարկներ»,–հայտնել է Գարեգին Մելքոնյանը՝ ավելացնելով, որ ծրագրերի գնահատումն իրականացնելու է Ռումինիայի էկոնոմիկայի կառավարության ներքո ձեւավորված գնահատող մարմինը, քանի որ ԵՄ—ի կողմից ծրագրի քարտուղարությունն իրականացնում է հենց այդ երկիրը։
Մելքոնյանն աշխատաժողովին մասնակցողներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել ծրագրի ընթացակարգերը, որպեսզի ներկայացվեն որքան հնարավոր է շատ եւ մրցակցային ծրագրային փաթեթներ, ինչն էլ կնպաստի Հայաստանի մասնակցությամբ մեծ թվով ծրագրերի իրականացմանը։
Մելքոնյանի խոսքով՝ նշյալ ծրագրի առաջին շրջափուլի՝ 2007—2013 թթ.—ին իրականացված արդյունքներով Հայաստանից մասնակցել էին 20—ից ավելի կառույցներ, իսկ 3 ծրագրային առաջարկներում Հայաստանը դարձել էր հիմնական գործընկեր։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության նշյալ ծրագրի ղեկավար Ջոն Բարքերն էլ նշել է, որ այս ծրագիրը օգնում է ժողովուրդներին իրար լավ հասկանալ եւ գտնել հետագա համագործակցության եզրեր։ «ԵՄ անդամ եւ հարեւանության երկրները, որոնք միասին պետք է իրականացնեն ծրագրային փաթեթներ, կիսվում են փորձով ու գաղափարներով։ Ես ուրախ եմ, որ արդեն երկրորդ փուլն է մեկնարկել, ինչը առաջին փուլի հաջողության գրավականն է»,—ասել է ԵՄ պաշտոնյան։
Նրա խոսքով՝ առաջին շրջափուլում Հայաստանի իրականացրած ծրագրերը խիստ հաջողված էին թե երկրի, թե տարածաշրջանի տեսանկյունից։ «Միակ հիասթափությունս այն էր, որ շատ առաջարկներ չկային Հայաստանից, բայց հիմա հույս ունեմ, որ երկրորդ փուլում էլ ավելի կլայնանա հետաքրքրվածների շրջանակը»,—ընդգծել է Ջոն Բարքերը։
Հայաստան—Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով։ Ներկայումս չկա որեւէ սուր հարց, որը խնդրահարույց լինի բանակցային գործընթացի տեսանկյունից, ասել է Գարեգին Մելքոնյանը։ «Կես տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել ենք բանակցային շրջափուլեր փոխադարձ այցելությունների եւ տեսակոնֆերանսների միջոցով։ Ամսական մի քանի անգամ տեսակոնֆերանսների միջոցով ոլորտային բանակցություններ ենք անցկացնում, հատկապես առեւտրի եւ ներդրումների մասով։ Մինչեւ տարեվերջ բանակցային երկու փուլ է դեռ նախատեսվում»,—ասել է փոխնախարարը։
Նա նկատել է, որ առեւտրի ու ներդրումների բաժնին վերաբերող ոչ բոլոր տեքստերն են տրամադրվել հայկական կողմին։ «Կան որոշակի հատվածներ, որ դեռեւս ԵՄ—ից չենք ստացել, իսկ յուրաքանչյուր մաս, որ ստացվում է, դրվում է ներքին շրջանառության, քննարկվում է, ձեւավորվում բանակցային դիրքորոշում, որից հետո միայն հնարավոր է լինում անցնել Եվրամիության գործընկերների հետ բանակցություններին»,—ավելացրել է Գարեգին Մելքոնյանը։
Փոխնախարարը դժվարացել է ասել, թե բանակցություններն ինչ ժամկետներում կավարտվեն։ Հարցադրմանը, թե Հայաստանն արդեն ունի բանակցությունների փորձ ԵՄ—ի հետ, արդյոք դա չի՞ դյուրացնում ներկայումս կատարվող աշխատանքներն ու հնարավոր դարձնում սեղմ ժամկետներում դրանք ավարտին հասցնելը, նա պատասխանել է. «Որոշակի դյուրություն առկա է, քանի որ արդեն բանակցային գործընթաց ունեցել ենք ու Եվրամիության հետ ճանապարհ անցել ենք, բայց այս բանակցային գործընթացը նաեւ իր յուրահատկությունն ունի, քանի որ մենք հիմա շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու համաձայնություն դիտարկում ենք նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Դա տեխնիկական ու մասնագիտական առումով աշխատանքներն առավել խորքային ու ծավալուն է դարձնում, որը նաեւ ժամանակ է պահանջում»։
|