Հայ—թուրքական արձանագրությունների իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց իրականացնել նախատեսվող գործընթացները, ավելին՝ որեւէ ցանկություն չի հայտնում վերակենդանացնել արձանագրությունները։ Այս համատեքստում ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ հաջորդ գարունը դիմավորել առանց այդ փաստաթղթերի, արտացոլում են առկա իրողությունը։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Բանախոսի համոզմամբ՝ հայ—թուրքական արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, գոյություն ունեն միայն ձեւականորեն, եւ Հայաստանը ստիպված է մինչեւ հաջորդ գարուն դրանք չեղյալ հայտարարել։
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում իր վրա շատ մեծ բան է վերցրել՝ նախպապայմաններ է թելադրում, ճնշումներ բանեցնում, փորձում է միջամտել արցախյան հարցին։ Թուրքիան, ըստ էության, հարաբերությունների կարգավորման գործընթացը փակել է։ Այդ երկրի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի հեղինակությունը զգալի թուլացել է։ Էրդողանն անկանխատեսելի է, եւ Թուրքիան այդ անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է»,–համոզմունք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով իսլամական աշխարհին Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչին՝ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ սա ընդամենը սեփական հեղինակությունը բարձրացնելու փորձ է, որը դժվար թե հաջողությամբ պսակվի։ Դիտարկումը թուրքագետը բացատրեց հանգամանքով, որ արաբական աշխարհն իրականում այնքան էլ դրական չի վերաբերվում Թուրքիային։ Բացի այդ, իսլամական աշխարհը լրջորեն պառակտված է, չի վարվում համաիսլամական միասնական քաղաքականություն։
Խոսելով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին, թորքագետը նշեց, որ դա նշանակում է, թե Ռուսաստանն ըստ էության լուծել է իր առջեւ դրված ռազմավարական խնդիրները։
«Զուտ ռազմական տեսանկյունից Ռուսաստանը ցույց տվեց, որ տիրապետում է երկրի սահմաններից դուրս ռազմական բնույթի խնդիրներ լուծող զինված ուժերի։ Միաժամանակ, երկու տարի տեւած գործողությունները մեծ օգուտ էին ՌԴ—ի համար, քանի որ նա փորձ ձեռք բերեց սեփական ԶՈՒ—ն կիրառել իրական պատերազմական վիճակներում»,–նկատեց բանախոսը։
|