Ապրիլի
4—ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տված մամուլի
ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեսպանը այդ երկրում հրավիրվել է ԱԳ
նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջվել ապրիլի 1—ին
Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի վերաբերյալ
Իրանի պաշտոնյաների արտահայտած տեսակետների առնչությամբ։ Դավութօղլուն
հավելել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարար
Ալի Աքբար Սալեհիի հետ, ով շեշտել է, թե այդ տեսակետներն Իրանի պաշտոնական
դիրքորոշումը չեն։ Իրանական «Irna» գործակալությունն ապրիլի 5—ին նշել է,
որ Սալեհին հայտնել է, թե երկրի արտաքին քաղաքականության առնչությանբ
իրավասու են կարծիք հայտնելու միայն հեղափոխության առաջնորդը, նախագահը եւ
ԱԳ նախարարը՝ այս շրջանակից դուրս արտահայտված տեսակետները հավաստի չեն։
Թեեւ Թուրքիայի ԱԳ նախարարը չի նշել, թե խոսքն ում մասին է, սակայն հայտնի
է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանում
անդրադառնալով «Սիրիայի բարեկամներ» համաժողովին եւ խիստ քննադատելով,
շեշտել էր, թե տարածաշրջանի ժողովրդավարացման հարցով մտահոգվածներն ինչու
չեն խոսում Բահրեյնում եւ այլ երկրներում տիրող բռնապետական
իշխանությունների մասին։ Սա այն դեպքում, երբ մարտի 29—ին Լարիջանին
վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թեհրան—Անկարա
փոխհարաբերությունները սերտ բարեկամական գնահատելով, հույս էր հայտնել, թե
Թուրքիայում ՆԱՏՕ—ի հակաօդային համակարգի տեղակայման հարցը եւս կարելի է
լուծել կողմերի մտերիմ բարեկամական բանակցությունների ու
խորհրդակցությունների միջոցով։ Նշենք, որ Դավութօղլուն մարտի 28—29—ը
Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրանյան այցի ընթացքում ուղեկցում էր նրան,
որտեղ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի
հիմնահարցը եւ Իրանի միջուկային ծրագրերն են եղել։ Մարտի 29—ին Իրանի
նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցելուց հետո Էրդողանը ժամանել է
Մեշհեդ քաղաք, որտեղ նրան ընդունել է Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք
հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին, ով շեշտել է, թե
Թեհրանը Սիրայի ներքին հարցերում օտարերկրյա ուժերի ցանկացած
գործողություններին դեմ է։ Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է Սիրիայում
սկսված բարեփոխումները, որոնք պետք է շարունակվեն։ Սա այն դեպքում, երբ
Թուրքիան ոչ միայն պաշտպանում է Սիրիայի ընդդիմությանը, այլեւ նրանց
ապաստան է տվել Թուրքիայում եւ երբեմն էլ ռազմական միջամտության
անհրաժեշտությունից է խոսում։ Ավելին, Էրդողանը Իրան մեկնելուց մի քանի օր
առաջ այդ երկրի խորհրդարանում հայտարարել է. «Բաշար Ասադի հայրն այս
աշխարհում իր արածների համար պատասխանատվության չենթարկվեց, սակայն որդին
պատասխանելու է ջարդերի համար»։ Չխոսելով այն մասին, թե արդյո՞ք իրավունք
ունի Հաֆեզ Ասադի մասին այդպես արտահայտվելու թե ոչ, անհրաժեշտ է Էրդողանին
հիշեցնել, որ ուրիշներին դատապարտելով ու հատուցման մասին խոսելով,
մոռանում է, որ իր պապերի կատարած եղեռնագործությունների համար եւս
անհրաժեշտ է հատուցել։ Բացի այդ, պետք է մտածի նաեւ այդ երկրի բնակչության
որոշ հատվածների՝ քրդերի եւ ազգային այլ փոքրամասնությունների դեմ
անհանդուրժողականության եւ կատարած հանցանքների համար պատասխան տալու
մասին։ Մինչդեռ առ այսօր Սիրիայի քրդերը չեն միացել ընդդիմությանը, ինչը
խոսում իշխող վարչակարգի հանդուրժողականության մասին։ Իսկ նա «խիստ
մտահոգվելով» սիրիացիների համար, «Սիրիայի բարեկամներ» համաժողովի բացմանը
հայտարարել է, թե անհրաժեշտ է սիրիացիների ինքնապաշտպանության իրավունքը
պատոնապես ճանաչել, քանի որ նրանք ենթարկվում են զանգվածային ջարդերի։ Էրդողանը
Թեհրանում հայտարարել է, որ պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Իրանի
միջուկային ծրագրերի շուրջ 5+1—Իրան, ապրիլի 13—ին տեղի ունենալիք
բանակցությունները։ Թեեւ իրանցի որոշ պատոնյաներ ողջունել էին Էրդողանի
առաջարկը, սակայն Սալեհին նշել էր, որ այդ առնչությամբ քննարկումները
դեռեւս շարունակվում են։ Ըստ ամենայնի կողմերը ջանքեր են գործադրում
կանխարգելել Թեհրան—Անկարա փոխհարաբերություններում հնարավոր լարվածության
առաջացումը, չնայած Թուրքիայի որոշ գործողություններ դրան են տանում։
Էրդողանը Թեհրանում արած հաճոյախոսություններից հետո հայրենիք
վերադառնալով, հայտարարեց, թե Իրանից նեմուծվող նավթի ծավալը 10 տոկոսով
կրճատում է։ Մյուս կողմից իրանցի քաղաքական գործիչներից ոմանք, այդ թվում
խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ալաըդդին Բորոջերդին եւ
վարչակարգի շահերը բնորոշող ասամբլեայի քարտուղար Մոհսեն Ռզային դեմ են
արտահայտվել Ստաբուլում 5+1—ի հետ բանակցություններ անցկացնելուն։ Վերջինս
ապրիլի 4—ին շեշտել է, որ հաշվի առնելով թուրք պաշտոնյաների հանդեպ
իրանցիների վստահության պակասը, բանակցությունները պետք է տեղի ունենան այլ
երկրում։ Հանգամանք, որով թուրքական ԶԼՄ—ները պատճառաբանել են Բաղդադը
Ստամբուլի գերադասելու իրանցիների որոշումը։ Թեեւ Դավութօղլուն շտապել է
հայտարարել, թե Թուքիայի համար բանակցությունների վայրը նշանակություն
չունի, եւ որ Անկարան պատրաստ է հնարավորինս աջակցել գործընթացին, երբ
կհստակեցվի բանակցությունների վայրը։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|