Ոստիկանությունը երեկ շարունակել է հերթապահությունը Երեւանի Խորենացու փողոցում, որտեղ գիշերը խաղաղ էր անցել, միջադեպեր չէին գրանցվել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 17—ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու եւ պատանդներին ազատ արձակելու նպատակով։
ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, եւ ունեն բավարար ներուժ եւ կարողություններ իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
ՀՀ ԱԱԾ—ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը»,–նշվում էր ԱԱԾ հայտարարության մեջ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է այս օրերին ոստիկանների կողմից ոստիկանություն տարվածների նկատմամբ կիրառվող վերաբերմունքի մասին հայտարարություններին. «Լրահոսում որոշ ՀԿ—ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել եւ այլն, եւ այլն։ Եվ այս ամենը՝ առանց որեւէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ—որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում։ Այս «մոտավորությունը» զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե—հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին։ Այսօր այդպես չէ, եւ դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են։
Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից։
Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ։
Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը եւ հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն։ Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով...»։
Եթե բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ եղել է անհիմն ֆիզիկական ուժի գործադրում, անպայման, կպատժվեն։ Այս մասին «NEWS.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ։ «Եթե եղել է ֆիզիկական ուժի անհիմն գործադրում, անպայման կպատժվեն, իսկ որքանո՞վ է նպատակահարմար ու ճիշտ, որ իրենց մարտական ընկերոջը կորցրած ոստիկանին սկսում են հայհոյել»,–ասել է Հունան Պողոսյանը։
Հարցին՝ դրա՞ համար են զանգվածաբար բերման ենթարկում քաղաքացիներին, Պողոսյանն արձագանքել է. «Ոչ, բացարձակ, ոչ։ Հասարակական կարգի խախտման ժամանակ բերման են ենթարկել, եւ եթե ոստիկանը սխալ է եղել, ցանկացած պարագայում ոստիկանը պատժվում է»։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է փոխանցել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների առողջական վիճակի մասին։
Անահիտ Հայթայանն իր գրառման մեջ գրել է. «Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի եւ «Էրեբունի» ԲԿ—ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը։ Մյուս երկու հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ցուցաբերվում է պատշաճ հոգատարություն եւ ուշադրություն։ Ինչ վերաբերում է տեսակցությունների թույլտվության խնդրին, ապա երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ներհիվանդանոցային կարգով սահմանված հատուկ ռեժիմի համաձայն, դրանք սահմանափակվում են։ Դա բխում է միայն հիվանդի շահերից՝ բուժական խնդիրներից, տարբեր վարակներից զերծ մնալու նպատակով»։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ առավոտյան Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանակցությունները իրավապահների եւ խմբի անդամների միջեւ շարունակվում են։
|