ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 19 » Խնդիրները՝ համալիր լուծմամբ
16:30
Խնդիրները՝ համալիր լուծմամբ

Երկրի ղեկավարին հաշվետվություն կտան յուրաքանչյուր կիսամյակ

Էներգետիկական ոլորտի միջազգային եւ, մասնավորապես, տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով՝ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը մի առիթով ասաց, թե էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն այլեւս անհրաժեշտություն է, եւ նախորդ տարեվերջի հոկտեմբերին երկրի համար կարեւորագույն այդ փաստաթուղթը հաստատվեց։ Կառավարությունը 6—ամսյա ժամկետում պիտի մշակի եւ հաստատի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։ Ծրագրի մասին երկրի նախագահին ամփոփ տեղեկատվություն կներկայացվի յուրաքանչյուր կիսամյակ։
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու ծագեց նշված ռազմավարության եւ ծրագիրն ունենալու կարիքը, համառոտ տեղեկացնենք, թե ինչ վիճակ է մեր էներգահամակարգում։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002—2012թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը՝ տարեկան 4.13% միջինացված ցուցանիշով, ընդ որում՝ բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560 հազ. (2008թ.) մինչեւ 644 հազ. (2012թ.)։ Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով 2009թ. 2008թ. նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազեց շուրջ 8.1%—ով, իսկ բնական գազի սպառումը՝ շուրջ 20.3%—ով։ Իսկ 2012թ. 2011թ. նկատմամբ տեղի ունեցավ ինչպես էլէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ, համապատասխանաբար՝ 5.1%—ով եւ 12.6%—ով։ «Իր հերթին բնական գազի գնի աճն ու էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ պահպանելու հանգամանքը շարունակում են բացասական ազդեցություն ունենալ էներգահամակարգի ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա»,—ասում է նախարար Արմեն Մովսիսյանը։ Նրա տվյալների համաձայն, Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը ներկայիս դրությամբ ավելցուկային է եւ կազմում է մոտ 4115 ՄՎտ, որից տնօրինելին՝ մոտ 2700 ՄՎտ։ Էլեկտրակայանների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում բացահայտվել է, որ՝ 1. տեղակայված արտադրական հզորությունների 38%—ը շահագործվում է ավելի, քան 40 տարի, 2. ՋԷԿ—երի հիմնական սարքավորումների աշխատանքի տեւողությունը անցել է սահմանային 200 հազ. ժամը, իսկ դրանց տեխնիկատնտեսական եւ բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին, 3. ՀԷԿ—երում (ՁորաՀԷԿ, Սեւան—Հրազդան կասկադ, Որոտանի ՀԷԿ—երի համակարգ) տեղակայված սարքավորումների 70%—ը շահագործվում է ավելի քան 40 տարի, իսկ 50%—ը՝ ավելի քան 50 տարի, 4. ՀԱԷԿ—ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվում է 2016թ.։ Արտադրական հզորությունների սերնդափոխության եւ արդիականացման հարցը ժամանակի հրամայական է դարձել։
Սա պահանջում է, որպեսզի բարոյապես եւ ֆիզիկապես մաշված սարքավորումներն ու տեղակայանքները ապամոնտաժվեն նախապես մշակված ժամանակացույցի համաձայն՝ չազդելով համակարգի հուսալիության եւ անվտանգության աստիճանի վրա։ Սարքավորումների սերնդափոխության եւ արդիականացման անհրաժեշտություն է առաջացել նաեւ էլեկտրաէներգիայի ու բնական գազի հաղորդման եւ բաշխման ցանցերում, ինչպես նաեւ՝ բնական գազի պահպանման ստորգետնյա պահեստարանում։ Էլէներգիայի եւ բնական գազի սպառման կառուցվածքում մոտ 40%—ի է հասնում ցածր լարման էլեկտրաէներգիայի եւ ցածր ճնշման բնական գազի սպառողների քանակը, ինչը մեծացնում է էներգիայի կորուստների մակարդակը։ Երկրի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի փլուզման հետեւանքով ջերմամատակարարման ոլորտի զարգացումն ընթանում է հիմնականում անհատական եւ տեղային ջերմամատակարարման ընդլայնման ուղղությամբ։
Այսպիսով, հարկ եղավ համալիր մոտեցում ցուցաբերել՝ ներառելով էներգետիկական, էներգախնայողական, բնապահպանական, քաղաքաշինական, հարկային եւ վարկային խնդիրները։ Բայց միայն այս ամենը չէ, որ կապահովի էներգետիկ անվտանգություն։ Դա նաեւ համալիր է քաղաքական ու տնտեսական բնույթի քայլերի, որը պիտի ապահովի որակյալ եւ հուսալի էներգամատակարարում՝ մատչելի գներով, եւ դա ոչ միայն ամենօրյա պայմաններում, այլեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ։ Չմոռանանք, էներգետիկան այսօր ոչ միայն տնտեսության սիրտն է, այլեւ քաղաքական շատ ու շատ հարցեր է որոշում։ Հետեւաբար ինչքան մեր էներգահամակարգը կայուն, այնքան՝ հուսալի մեր տնտեսությունը եւ, ըստ այդմ, քաղաքական վիճակը։ Եվ քանի որ Հայաստանում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները, էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի զարգացմամբ եւ վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ։
Այսպիսով, էներգետիկ անվտանգության ապահովումը անհրաժեշտություն է, որ պայմանավորված է՝ 1. տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ—տնտեսական սրընթաց զարգացումներով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաեւ հնարավոր արտակարգ իրավիճակների ու պատերազմի պայմաններում ՀՀ էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովմամբ, 2. ԵՄ—ի, ՌԴ—ի, ԱՄՆ—ի եւ միջազգային կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի պատշաճ ներգրավվածության ապահովմամբ, 3. վառելիքաէներգետիկ ռեսուրսների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարեւորությամբ։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հստակեցնում են, որ պետությունն ուզում է էներգամատակարարումների ընդհատումների ռիսկը նվազեցնել եւ ապահովել էներգամատակարարման ընդհատումների ռիսկի նվազեցումն ու էներգապաշարների անհրաժեշտ ծավալների երաշխավորված տրամադրումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Նաեւ՝ էներգիայի ներկրման այնպիսի եղանակներ ընտրել, որոնց դեպքում նվազագույնի կհասցվեն ՀՀ—ի իրավասության սահմաններից դուրս գտնվող գործոնների ազդեցությունները տնտեսության վրա (չմոռանանք, որ այդ գործոնները շատ—շատ են)։
Պետությունն ամրագրում է այլ նպատակներ եւս՝ 1. ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման ապահովումը մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր ատոմային էներգաբլոկով եւ հանել շահագործումից՝ առանց տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ էներգետիկ բնույթի բացասական հետեւանքների։ 2. Բնապահպանական տեսանկյունից կենսունակ էներգամատակարարման ապահովումը՝ հիմնված կայուն զարգացման սկզբունքների եւ ՀՀ—ի կողմից ընդունված միջազգային բնապահպանական պարտավորությունների վրա։ 3. Ֆինանսապես կենսադիմացկուն էներգահամակարգի ստեղծումը՝ վարելով հավասարակշռված սակագնային քաղաքականություն, ուր մասնավոր ներդրողների կողմից խրախուսվում է էներգիա մատակարարող բոլոր կառույցների տեխնիկապես ու տնտեսապես արդյունավետ գործունեությունն ու գրավչությունը։ 4. Արտահանման կողմնորոշում ունեցող եւ տնտեսապես արդյունավետ գործող էլեկտրաէներգետիկական համակարգի պահպանումը եւ հետագա զարգացումը։
Էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն էլ ավելի ակնառու կլինի, եթե խոսենք այդ անվտանգության սպառնալիքներից։ Ի՞նչ ելքեր ենք նախանշել, ինչպե՞ս ենք դիմագրավելու մարտահրավերներին՝ կենսունակ էներգահամակարգ ունենալու համար։ Այս մասին՝ հաջորդիվ։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024