«Gallup International Association» ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան երեկ ասուլիսում բացատրեց, թե ի՞նչ ասել է exit poll։ Հայաստանում առաջին անգամ մայիսի վեցին՝ ընտրությունների օրը կանցկացվի exit poll։ Սա «Արմենիա» հեռուստաընկերության պատվերն է «Gallup International Association»—ին՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերում խորհրդարանական ընտրությունների առիթով անցկացվող սոցհարցումների եզրափակումն է լինելու։ Տիկին Նիկոլովան նախ՝ նշեց, որ սովորաբար սոցհարցումներն ու հատկապես exit poll—երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն Հայաստանում այս տարի առաջին անգամ պետք է անցկացվի exit poll—ն ու այս իմաստով փոքր ինչ մտավախություն կա։ «Ամենից շատ մեզ մտահոգում է, թե ինչպե՞ս քաղաքացիները կընդունեն մեր առաջարկն ու արդյոք չե՞ն մերժի լրացնել հարցաթերթիկները»,—տեղեկացրեց նա։ Հարցազրույց անող մասնագետները կանգնած են լինելու ընտրատեղամասերի մուտքի մոտ եւ առաջարկելու են հարցաթերթիկը լրացնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ քվեարկել են։ Բանախոսը նշեց, որ հարցումը անանուն է, այսինքն՝ ընտրողներին առաջարկվելու է պատասխանել միայն այն հարցին, թե ո՞ւմ օգտին է քվեարկել, նաեւ մի քանի հարց կլինի ժողովրդագրական բնույթի ու հարցաթերթիկը գցել հատուկ տուփի մեջ։ Նախատեսվում է ամեն տեղամասից ստանալ լրացված անանուն 500 հարցաթերթիկ։ Ինչ վերաբերում է exit poll—ի արդյունքների ճշտությանը, ապա փորձագետը նշեց, որ որեւէ երաշխիք, բնական է, իրենք չեն կարող տալ, թե անանուն հարցումները իրական պատկերը կներկայացնեն։ Բայց եթե ամեն բան ընթանա նորմալ, եւ ընտրողները հարցաթերթիկները լրացնեն ազնվորեն՝ այդպիսով փոխանցելով իրենց իրական քվեարկությունը, ապա տարբերությունը ընտրությունների պաշտոնական արդյունքների ու exit poll—ի ներկայացրածի միջեւ կլինի ընդամենը 2—3 տոկոս։ Արձագանքելով այն հարցին, թե որքանո՞վ են ակնկալում քաղաքացիների ազնվությունը, թե ում օգտին են նրանք քիչ առաջ քվեարկել ընտրատեղամասում, Ցյուրիխից ժամանած տիկին Նիկոլովան նշեց, որ իհարկե մարդիկ նաեւ անանուն հարցումների ժամանակ են մտահոգվում ճիշտը ներկայացնել, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարբերակով նրանք ավելի անկեղծ են լինում, քան հեռախոսազրույցի կամ դեմ առ դեմ հարցման ժամանակ։ Ի դեպ, տիկին Նիկոլովան նշեց, որ իրենք պատրաստ են նրան, որ կուսակցությունների համակիրները կարող են իրենց գործունեությանը խոչընդոտել, խանգարել, ու նմանօրինակ դեպքեր հնարավոր է լինեն, բայց իրենք պաշտպանված են օրենքով ու ԿԸՀ—ի հետ համաձայնություն ունեն։ Հայաստանում կա 1982 ընտրատեղամաս, սակայն ընկերությունը մայիսի վեցին աշխատելու է ընդամենը 131—ում։
|