Հայաստանի առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ այդ ընտրություններում հաղթողը պետք է լինի հենց Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նման կարծիք է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան «Հայաստան—ԵՄ գործընկերության հեռանկարները» խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ «Լավ ընտրությունները կամրապնդեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ԵՄ—ում։ Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է եւ ԵՄ—ն։ Մենք պետք է միասնաբար կարողանանք գնալ ճիշտ ուղղությամբ»,–ասել է Օրեխան։ Նրա կարծիքով՝Հայաստանի եւ ԵՄ—ի միակ տարբերությունը ժողովրդարավարական երիտասարդությունն է, եւ չնայած դրան՝ Հայաստանը կարող է եւ պետք է ԵՄ—ին նաեւ ինքն առաջարկի ժողովրդավարական արժեքներ, քանի որ Հայաստանը արժեքների համայնք է։ Օրեխան գտնում է, որ անհրաժեշտ է ընտրած ճանապարհով հետեւողական լինել, եւ մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց արժեքները պետք է հաղթեն Հայաստանում։ «Վստահ եմ, որ Հայաստանը ԵՄ—ի մի մասն է, եւ Հայաստանի ապագան ԵՄ—ն է»,– ասել է Օրեխան։ Խորհրդաժողովի ժամանակ Օրեխան հանդես է եկել «Հայաստան—ԵՄ. ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն» թեմայով զեկույցով։
|