Օգոստոսի 26—31—ը Թեհրանում երեք մակարդակով տեղի է ունենալու Չմիավորված երկրների շարժման (ՉԵՇ–Non—Aligend Movement) 16—րդ գագաթնաժողովը. ավագ փորձագետներինը՝ 28—ին, 29—ին՝ ԱԳ նախարարներինը՝ Իրանի ռադիոհեռուստատեսության համաժողովների սրահում, իսկ 30—31—ին՝ Իսլամական համագումարների սրահում առաջին դեմքերի նիստերը։ ՉԵՇ—ի գագաթնաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ, եւ հյուրընկալող երկիրն ստանձնում է կազմակերպության նախագահությունը, սակայն 15—րդն արտահերթ էր՝ նվիրված շարժման 50—ամյակին եւ տեղի ունեցավ Բելգրադում, չնայած որ 1992թ. Սերբիան հեռացել է այդ կազմակերպությունից։ Գագաթնաժողովի խոսնակ Ֆարաղանին նախօրեին հայտնել է, որ ՉԵՇ—ի 120 անդամ երկրներից 105—ը պաշտոնապես հայտնել են իրենց մասնակցության մասին, ընդ որում՝ 45 երկիր ներկայանալու է առաջին դեմքի մակարդակով, որոնց թիվը մեծ հավանականությամբ ավելանալու է եւս 4—ով, 27—ը՝ ԱԳ նախարարի։ Նա շեշտել է, որ նախորդ գագաթնաժողովների համեմատությամբ սա լուրջ ներկայություն է։ Բացի այդ, նա հավելել է, որ գագաթնաժողովը լուսաբանելու են շուրջ 1000 իրանցի եւ 600 օտարերկրյա լրագրողներ։ ՉԵՇ—ը ձեւավորվել է սառը պատերազմի ամենաբուռն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ—ի գլխավորությամբ կապիտալիստական Արեւմուտքի եւ ԽՍՀՄ—ի առաջնորդությամբ սոցիալիստական ճամբարի միջեւ ֆիզիկական բախումների հավանականությունը մեծ էր ավելի, քան երբեւէ։ Արեւմտյան ճամբարի ռազմական գլխավոր դաշինքը ՆԱՏՕ—ն էր, իսկ արեւելյանինը՝ Վարշավայի պայմանագիրը։ Սակայն կային երկրներ, որոնք ձգտում էին պահպանել իրենց չեզոքությունը եւ ռազմական բլոկներին չանդամակցել, միաժամանակ ձգտում էին խաղաղ գոյակցություն հաստատել եւ արգելակել բեւեռների միջեւ բախումները։ Այն ձեւավորվեց հայտնի քարիզմատիկ քաղաքական դեմքերի ջանքերով, այդ թվում՝ նախկին Հարավսլավիայի առաջնորդ մարշալ Տիտոի, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուի, Եգիպտոսի նախագահ Ջամալ Աբդուլ Նասերի ջանքերով։ Բայց քանի որ ՉԵՇ—ի ձեւավորումը գլխավորապես պայմանավորված էր սառը պատերազմով, ուստի դրա ավարտով եւ Վարշավայի պայմանագրի փլուզմամբ ու ՆԱՏՕ—ի վերափոխմամբ, բնականաբար, այն զգալիորեն կորցրել է իր նշանակությունը, վերացվել է նրա գոյության գաղափարական հենքը։ Ուստի ՉԵՇ—ը եւս ինչ—որ տեղ վերափոխվել է եւ իր գլխավոր նպատակն է համարում ինքնորոշում, քաղաքական ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, խաղաղ գոյակցություն, համագործակցություն հանուն միջազգային փոխհարաբերությունների, միջազգային կարգերի վերակառուցում սկզբունքների իրագործումը։ Ուստի ՉԵՇ—ը մինչեւ անցյալ դարի 80—ականների վերջը միջազգային հարաբերություններում քաղաքական որոշ կշիռ ուներ, չնայած լուրջ ձեռքբերումներ չուներ։ Հետսառըպատերազմյան շրջանում առավել աննկատ է դարձել դրա գոյությունը, այն որեւէ դեր չի ունեցել ոչ Աֆղանստանի, ոչ Իրաքի եւ ոչ էլ այլ դեպքերում։ Հաշվի առնելով, որ ՉԵՇ—ի անդամ երկրներում ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 55 տոկոսը, եւ որ կառույցի համաժողովներին ու գագաթնաժողովներին ներկա են լինում տարբեր երկրների հազարավոր ներկայացուցիչներ եւ միջազգային ԶԼՄ—ների հարյուրավոր ներկայացուցիչներ, անդամ երկրներից շատերն այդ ամբիոններն օգտագործում են քարոզչական նպատակներով։ Օրինակ՝ Բաքուն թեեւ հակված է դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն, սակայն անցյալ տարի անդամակցեց միջազգային այդ կառույցին լոկ հակահայ քարոզչություն ծավալելու նպատակով։ Շուտով այդ մասին հայտնի կդառնա գագաթնաժողովին Ալիեւի ելույթից եւ նրան ուղեցող պատվիրակության գործունեությունից, թեեւ ամենայն հավանականությամբ, իրանական կողմը կձգտի որոշ չափով զսպել նրանց։ Նշենք նաեւ, որ Չմիավորված երկրների առաջին գագաթնաժողովը, որը համարվում է շարժման գործունեության սկիզբը, տեղի է ունեցել 1961թ., Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|