Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»17 » ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին
13:41
ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, վարժանքների ընթացքում կիրառվել են իրատեսական սցենարներ՝ զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:
Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի, զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի և սովորական զենքերի անօրինական փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու գործում: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները նպատակ են հետապնդում ամրապնդել այս համագործակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնք նպատակ են հետապնդում իրականացնելու անդրսահմանային հաղորդակցություն և գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար:
Ըստ հաղորդագրության, նշված վարժանքները հաջորդում են 2012 թվականին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում:
«Հայաստանի հետ ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը արտացոլում է համակողմանի պարտավորությունը` ուղղված ահաբեկիչների, մաքսանենգերի և զենք տարածողների կողմից միջուկային և զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող այլ նյութերի օգտագործումը կանխարգելելուն», - եզրափակում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը: