Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3—8—ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժությունների նախապատրաստական գործընթացը գտնվում է ամենաակտիվ փուլում։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը նշել է, որ այս զորվարաժություններն իրենց ծավալներով լինելու են մասշտաբայինը։ «Հրավերներ են ուղարկվել ինչպես մասնակից, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանատների ռազմական կցորդներին՝ զորավարժությունների դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Շատերն արդեն մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են»,– նշել է Ա. Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ Արմավիրում անցկացվելիք զորավարժությունների համար կառուցվել է իր հարմարություններով եւ հնարավորություններով նախադեպը չունեցող վրանային ավան։ «Մի շարք տեխնիկական սարքավորումներ մեր երկրում առաջին անգամ են կիրառվելու»,–վստահեցրել է ՊՆ մամլո խոսնակը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով եւ զինատեսակով է մասնակցելու։ «Այս զորավարժություններն իրենց մակարդակով, խորությամբ մոտ են լինելու պատերազմական վիճակին»,—ասել է նա։ «Փոխգործակցություն—2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»։ Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը։ Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը՝ ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ՝ ներառելով ՀԱՊԿ անդամ—պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի (ուժերի) ներկայացուցիչներին։ hhpress.am
|