ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Առաջընթաց 5 ուղղություններով /Կառավարությունը հետեւողականորեն բարելավում է գործարար միջավայրը/
18:27
Առաջընթաց 5 ուղղություններով /Կառավարությունը հետեւողականորեն բարելավում է գործարար միջավայրը/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետն անդրադարձել է բնակչությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին, նշել այս ասպարեզում հաջողություն արձանագրած եւ թերացող ոլորտները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը տե՛ս առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն, մասնավորապես, չորս ոլորտներում՝ վարչարարական բեռի կրճատման նպատակով. դրանք են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները։ Իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում էապես կրճատվել են ձեռնարկությունների գրանցման ժամկետը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականությունը, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է ստուգումների հաճախականությունը, տնտեսավարողները հնարավորություն են ստացել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ այլն։ Համաձայն «Doing Business 2012» զեկույցի, Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատականների շուրջ եղել են տարբեր մեկնաբանություններ, նույնիսկ այսպիսի թեզեր, թե բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ գնահատական է տրվում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Մենք պետք է արձանագրենք, որ 2011—ի ընթացքում Համաշխարհային բանկի կառույցները, որոնք գնահատական են տալիս, արձանագրել են, որ ՀՀ—ն 6 քայլով առաջ է շարժվել, եւ ՀՀ—ում բիզնես միջավայրը բարելավվել է։ Երկրորդ, արձանագրվել է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը 5 ուղղություններով առաջընթաց է արձանագրել, այսինքն՝ մեր բարեփոխումները արդյունք են տվել։ Եվ երրորդ, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս շատ անելիքներ ունենք, եւ դրանով է պայմանավորված, որ այսօր կառավարությունը հավանություն է տալիս այս փաստաթղթին, որը ենթադրում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսական կորպորացիայի հետ շարունակելու ենք բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Այստեղ եւս եղել ենք եւ մնալու ենք հետեւողական»։

Հայաստանում ձեւավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երեւանի Մոլդովական 70/1 եւ Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքերի որոշակի տարածք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին՝ վեց ընտանիքի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանրությանը տեղյակ պահել, որ 2011 թվականին հաստատված նոր հայեցակարգի համաձայն, ՀՀ—ում ձեւավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։ «Այդ բնակարանային ֆոնդն այլեւս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։ Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաեւ հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձեւավորվելու է, այլեւս սեփականաշնորհման ենթակա չի լինելու», — շեշտել է վարչապետը։ Մեկ այլ որոշմամբ վարչությանը թույլատրվել է Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Կառավարական թիվ 2 մասնաշենքի հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքների մի մասն ուղղակի վաճառքի ձեւով օտարել գույքի վարձակալ «Մելլաթ բանկ» ՓԲԸ—ին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գենդերային քաղաքականության եւ ընդդեմ գենդերային բռնության 2012 թ. միջոցառումների տարեկան ծրագրերին։ Ակնկալվում է, որ դրանք նպաստելու են հասարակական—քաղաքական եւ սոցիալ—տնտեսական կյանքի բոլոր ոլորտների եւ կառավարման բոլոր մակարդակների քաղաքականության մեջ գենդերային չափման՝ որպես հասարակության կայուն, ժողովրդավարական զարգացման ու իրավական պետության կայացման միջոցի ներառմանը, ինչպես նաեւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բռնության կանխարգելմանը։
Գործադիրն իր նիստում սահմանել է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը, պարտադիր կուտակային վճարների եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը։ Ընդունված երկու որոշումների շնորհիվ ակնկալվում է ստեղծել համապատասխան իրավական դաշտ, որը նշված հարցերը կկանոնակարգի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն։
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին են ամրացվել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ—Հայաստան» ծրագրով կառուցված Այգեզարդի, Շենիկի, Վարդենիսի, Մանթաշի եւ Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգերը։ Որոշման ընդունումը «Սեւան—հրազդանյան ջրառ» ՓԲԸ—ին, «Շենիկ», «Վարդենիս», «Շիրակ» եւ «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին հնարավորություն կտա ապահովել ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարում՝ հաշվապահական համապատասխան ձեւակերպումներով։
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ—ը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ—ին։ Նշված քոլեջի հիման վրա ստեղծվել է ագրարային համալսարանի մասնաճյուղ։

Կներդրվեն միջազգային չափորոշիչներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվել են օրենքի գործողության ոլորտ ընդգրկված կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր։ Հավանություն է ստացել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություն պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում նշված կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը, հեղինակների կարծիքով, մի շարք կրթական կազմակերպությունների հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել առարկայական մրցույթներին, մրցաշարերին եւ օլիմպիադաներին։ Նախագծի ընդունման նպատակադրումը համարելով ընդունելի՝ կառավարությունը դեմ է օրենքի՝ ներկայացված տեսքով ընդունմանը, բայց եւ պատրաստակամ՝ քննարկելու փաստաթղթի լրամշակված տարբերակը։ Բացասական եզրակացություն է ստացել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գույքահարկի վճարումից ազատել 3—րդ եւ 4—րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ ֆիզիկական անձանց։ Նախ, 4—րդ աստիճանի վնասվածք ունեցող շինությունների բնակիչներն առանց այդ էլ գույքահարկ չեն վճարում, իսկ 3—րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը կարող են լուծել տեղական իշխանության մարմինները։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ—ի երեխայի իրավունքների կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման ՀՀ սկզբնական զեկույցները։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Վիետնամի Հանրապետության կառավարությունների միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագիր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել նաեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցելու՝ Հայաստանի Հանրապետության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջեւ համաձայնագիր կնքելու առաջարկությանը։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Գոգարանի եւ Մեծ Պարնիի, Արագածոտնի մարզի Արուճի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։ Միաժամանակ հողերի մի մասը փոխադրվել է այլ կատեգորիա՝ համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, անտառտնկումների, հասարակական կառուցապատման, ընդերքօգտագործման, ձկնաբուծարանի, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման համար։ Համանման նպատակներով փոխվել է Եղվարդի, Իջեւանի եւ Աշտարակի քաղաքային, Կոտայքի մարզի Պռոշյանի, Վայոց ձորի մարզի Սարավանի եւ Արտավանի, Արագածոտնի մարզի Արագածավանի, Կարբիի եւ Բազմաղբյուրի, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի, Բռնակոթի եւ Գորայքի, Արարատի մարզի Սիսավանի եւ Լուսառատի, Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը։
Նկատի ունենալով բալետի արտիստ Դավիթ Գալստյանի՝ բալետային արվեստի բնագավառում ունեցած բացառիկ ընդունակությունն ու միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը՝ կառավարությունը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը պարտադիր զիվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը տարկետում է տվել Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտ Վահե Քարիմյանին, Լոնդոնի քոլեջ—համալսարանի ուսանող Հայկ Կուպելյանցին։ Մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը տարկետում է ստացել ՀՀ ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Աշոտ Սարդարյանը։
Կառավարությունը չորս տարի ժամկետով՝ մինչեւ 2016 թ. փետրվարի 22—ը, երկարաձգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի պաշտոնավարման ժամկետը։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 558 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024