Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին Երեւանում երեկ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զոհրաբ Մնացականյանը. «Բարձր գնահատեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնության՝ ի թիվս այլ համանախագահող երկրների, ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը։ Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման եւ հարկադրանքի։ Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»։
Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է՝ շարունակելու ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման սկզբունքների մասին խոսելիս նա մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար. «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին, ես կարող եմ եւս մեկ անգամ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է հաշվի առնել եւÕՀայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը։ Սկզբունքորեն՝ տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը եւ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը ֆիքսված են բոլոր տեսակի փաստաթղթերում, որոնք քննարկվում են կողմերի միջեւ։ Ցանկացած դեպքում վերջնական որոշումը պետք է հաշվի առնի այս բոլոր սկզբունքները։ Այս հարցի շուրջ չեն վիճում ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն»։
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին Լավրովը հայտարարեց՝ պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ—որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը։ Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ։ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն։ Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասաց Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ հարցին. «Մենք չեն խոսում ինչ—որ մերձեցման, ջերմացման մասին, երբ ունենք հարեւաններ, որոնք պատմության, աշխարհագրության կողմից են տրված։ Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի եւ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Սա ստույգ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, արեւելաեվրոպական երկրները։ Մենք ցանկանում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը։ 2010 թ. մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը։ Չնայած նաեւ նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով եւ հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել, անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»։
ՌԴ արտաքին գործերի նախարարն ափսոսանք հայտնեց Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ. «Մենք շարունակում ենք պատրաստ լինել։ Դրա համար անհրաժեշտ է երկու կողմի շահագրգռվածությունը։ Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններն օգտագործել այն նպատակով, որ առաջ մղենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Մենք բացարձակապես որեւիցե հիմք չենք տեսնում՝ ենթադրելու, որ այս երկրների միջեւ ինչ—որ մեկը պատերազմ կսկսի, եւ ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն եւ փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»։
Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները։ «Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այժմ փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում։ Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի։ Այն կնպաստի կենսանվտանգության ոլորտում մեր փոխգործակցությանը»,–ասաց Սերգեյ Լավրովը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի համար կենսանվտանգության հարցը մեծ կարեւորություն ունի։
Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Ս. Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղեւնին։
|