ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 29 » Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է /Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ճանաչել է ԼՂ անկախությունը/
13:55
Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է /Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ճանաչել է ԼՂ անկախությունը/

Ազատ, անկախ եւ զարգացման ժողովրդավարական ուղի բռնած Արցախի հանրապետությունն աշխարհում ամրապնդում է դիրքերը։ ԱՄՆ—ի ամենաազդեցիկ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիայի սենատը նախօրեին ձայների 23/0 հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող «AJR 32» բանաձեւը։ Այն սենատին ներկայացրեց սենատոր Քեւին դե—Լեոնը՝ նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է եւ մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով։ 
«Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, եւ նրանց տառապանքները շարունակվում են նաեւ այս դարում։ Նրանք արժանի են ունենալ ազատ—անկախ հայրենիք՝ չգտնվելով հալածանքների վտանգի տակ։ Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, եւ մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,–նշեց սենատորը։ Բանաձեւի օգտին ելույթ ունեցան նաեւ սենատորներ Թոմ Բերիհիլը եւ Ռիկարդո Լարան։
Մինչ այդ, 2014 թվականի մայիսի 8—ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում եւ աջակցում է որպես ազատ—անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը։ Բանաձեւի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն։
Հայկական երկու պետություններում էլ ողջունել են Կալիֆորնիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդես է եկել հայտարարությամբ է. «Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի  սենատի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ։ Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»։
«Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը խոսում է այն մասին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,–ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ընդգծել, որ ճանաչումը վկայությունն է այն բանի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը շարունակվում է։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժողովրդավարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման հերթական օրինակը պետք է վարակիչ լինի ոչ միայն ԱՄՆ—ի այլ նահանգների, այլեւ միջազգային հանրության տարբեր սուբյեկտների համար։ «Եվ սա կլինի հերթական հանգրվանը, որպեսզի մենք շարունակենք միջազգային ճանաչման գործընթացը։ Սա շատ կարեւոր քայլ է, մանավանդ այս փուլում, եւ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքնորոշման հաղթարշավը շարունակվում է, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»։
Շարմազանովի խոսքով, ճանաչումն արդյունք է ինչպես Հայաստանի Հանրապետության հավասարակշռված արտաքին քաղաքականության, այնպես էլ ԱՄՆ—ում հայկական ազդեցիկ լոբբիի գործունեության։ «Պատահական չէ, որ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նահանգը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Սա նշանակում է, որ գործընթացն սկսվել է եւ ուշ թե շուտ մենք հասնելու ենք դրան։ Հնարավոր չէ գնալ գետի հունին հակառակ, իսկ գետի հունը տանում է դեպի անկախ Արցախ»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել է. «Չափազանց կարեւոր է այդ որոշումը, որովհետեւ ամեն անգամ նմանատիպ բանաձեւերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նկատել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ միջազգային ճանաչման գործընթացը դանդաղորեն, բայց համառորեն առաջ է շարժվում։ Կալիֆորնիան Միացյալ Նահանգների առաջին նահանգը չէ, որի իշխանությունները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սա խոսում է այն մասին, որ արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը միանգամայն արդյունավետ է։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերը՝ ուղղված միջազգային հանրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, տալիս են իրենց արդյունքները։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, սփյուռքյան մեր կառույցների հետ շատ արդյունավետ համագործակցություն ծավալելով, աշխարհի տարբեր երկրներում, տվյալ դեպքում՝ աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի հերթական նահանգում, հասել են լուրջ արդյունքների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման հարցում»։ 
Խոսրով Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացը կապում է նաեւ Հայաստանի արտաքին հաջող քաղաքականության հետ։ Նա եւս կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հավասարակշռված եւ զուսպ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ ՀՀ նախագահի ջանքերի արդյունքում օր օրի բարձրացնում է իր միջազգային հեղինակությունը, ի հեճուկս այն պնդումների, թե Հայաստանը կորցրել է վստահելի գործընկերոջ կարգավիճակը։
Կալիֆորնիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն արձագանքել են նաեւ Արցախի իշխանությունները։ Նրանց համոզմամբ, բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քաղաքական, իրավական եւ բարոյական քայլ էր։
«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ասել է. «Ե՛վ իմ անունից, ե՛ւ Արցախի խորհրդարանի անունից ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել Կալիֆորնիայի սենատի եւ ներկայացուցիչների պալատի բոլոր այն պատգամավորներին, ովքեր հավատացել են այն վեհ ճանապարհին, որը այս 23 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը եւ նրա իշխանություններն անցնում են՝ նաեւ որպես օրինակ ունենալով աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրների ունեցած փորձը»։
«Ողջունում եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձեւի ընդունումը»,–հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
«Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ—ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ։
Բանաձեւի ընդունումը նաեւ հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի եւ իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ եւ ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։
Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը»,–ասել է նա։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով, այդ քայլը նաեւ նվեր է Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության օրվա՝ սեպտեմբերի 2—ի նախօրյակին. «Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, եւ մենք դրան հասել ենք Հայաստանի եւ սփյուռքի հետ համատեղ ջանքերով։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է եւ շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»։
Բաբայանի խոսքով, Կալիֆորնիան չպետք է դիտարկել որպես հասարակ նահանգ, քանի որ այն Ամերիկայի ամենախոշոր նահանգն է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության տեսանկյունից. «Սա համարժեք է մի խոշոր եւ կարեւոր պետության կողմից Արցախի ճանաչմանը։ Այն էլ, առանց որեւէ մեծ ֆինասնական ծախսերի։ Սա ուղղակի արժեւորումն է այն ուղու, որն անցել է Արցախը։ Սա ապացուցում է, որ մենք ժողովրդավար պետություն ենք, առաջնորդվում ենք քաղաքակիրթ աշխարհի արժեքներով։ Եթե դա այդպես չլիներ, աննորմալ եւ ֆաշիստական պետությանը ո՞վ պետք է ցանկանար ճանաչել, բնականաբար, ոչ ոք»։
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ իրադարձությունը վկայում է Արցախի՝ կայացած եւ ժողովրդավար պետություն լինելու մասին. «Կալիֆորնիայի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւի ընդունումը ստեղծում է դրական մթնոլորտ, երբ ամբողջ աշխարհին ու հատկապես Ադրբեջանին հասկանալի է դառնում, որ մեկնարկած գործընթացն այլեւս հնարավոր չէ կանգնեցնել»։ 
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, բանաձեւի ընդունման ամենակարեւոր արդյունքը հենց սա է։
«Այս ճանաչումը կնպաստի, որ այլ նահանգներ էլ ճանաչեն, բայց դա չի նշանակում, որ որեւէ ձեւով սկզբունքորեն կփոխվի ճանաչման մթնոլորտը։ Դրա համար պետք է արտաքին քաղաքականության ռազմավարության գործոններն աշխատեն։ Անշուշտ, նման ճանաչումները մթնոլորտ են ստեղծում, եւ ավելի հստակ է դառնում արտաքին աշխարհին, որ կա գործընթաց, որը հնարավոր չէ կանգնեցնել։ Այդ գործընթացն այս պահին քաղաքական զարգացումների տեսքով է գնում, բայց չի բացառվում, որ այն իրավական զարգացում էլ ստանա»,–ասել է Սերգեյ Մինասյանը։
Իսկ գործընթացի անկասելիությունը Բաքվին իսկական հիստերիայի մեջ է գցել։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովմունքով հայտնել է, որ որեւէ պետության նահանգ իրավունք չունի նման որոշումներ կայացնել։ Նա մեղադրել է սենատի անդամներին հայկական լոբբիստական կազմակերպությունների օգտին աշխատելու համար։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։ Հայտարարության մեջ Ադրբեջանի ներկայացուցիչներն անընդունելի էին համարել սենատի կայացրած որոշումը՝ մեղադրելով ԱՄՆ—ին ժողովրդավարության եւ քաղաքական համակարգերում թերացումների մեջ։
«Վերջին 10—15 տարում ԱՄՆ—ը հնարավորություն է ունեցել ադրբեջանամետ որոշումներ ընդունել ԼՂ խնդրի կարգավորման հարցում։ Եթե Վաշինգտոնն անգամ ունեցել է նման մտադրություն, ապա սենատի որոշումը վերջ է դնում դրանց»,–համոզմունք են հայտնել ադրբեջանական «haqqin.az»—ի վերլուծաբանները։ hhptess.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024