Օգոստոսի 24—ին Իտալիայի Ռիմինի քաղաքում՝ Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արեւելքի՝ հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա։
Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արեւելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը։
Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ՝ գրանցվելով ութ հազար այցելու։
«Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչեւ օգոստոսի 30—ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում եւս, այդ թվում՝ Հռոմում։ Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18—ին։
Նախօրեին Սուրբ Աթոռի տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ, կարդինալ Ջորջ Պելլը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղեկցությամբ, այցելել է ցուցահանդես։
|