ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 5 » Դարավոր բարեկամություն՝ փոխադարձ հարգանքի եւ վստահության հենքի վրա
09:33
Դարավոր բարեկամություն՝ փոխադարձ հարգանքի եւ վստահության հենքի վրա

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ արարողակարգի՝ տեղի կունենան ծաղկեպսակի զետեղում, շրջայց հուշահամալիրի թանգարան եւ ծառատունկ։
Նախատեսվում են Պրոկոպիս Պավլոպուլոսի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ։ Հունաստանի նախագահին կընդունի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն։ Նախատեսվում են նաեւ այցելություն Մատենադարան, հանդիպում Հայաստանի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, մշակութային այլ միջոցառումներ։
Հունաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգի, հայ—հունական հարաբերությունների շուրջ «ՀՀ»—ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
–Հոգեւոր, պատմական, մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ բավականին խոր արմատներ ունեն։ Արդյոք համարժեք ձեւո՞վ են զարգանում նաեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները։ Ի՞նչ քայլեր են իրականացվում՝ այս ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու համար։
–Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատվել է գերազանց քաղաքական երկխոսություն։ Հայ եւ հույն ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ, ես կասեի՝ եղբայրական հարաբերություններ։ Դրանք այսօր էլ ամրապնդվում եւ շարունակաբար զարգանում են փոխադարձ հարգանքի եւ վստահության հենքի վրա։ Հայ—հունական միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են ոչ միայն երկկողմ մակարդակով, այլ նաեւ՝ բազմակողմ հարթակներում։ Դրա վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները, հարուստ իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում։ Մեր երկրների ԱԳ նախարարությունները կանոնավոր կերպով անցկացնում են քաղաքական խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով մշտապես միմյանց իրազեկել կողմերի համար արդիական խնդիրների մասին, քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող, այնպես էլ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հարկ է ընդունել, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը, ցավոք, զիջում է քաղաքականին։ Այս ոլորտում անելիքները շատ են։ Այս առումով կարեւորում ենք հայ—հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, երկկողմ գործարար համաժողովների կազմակերպումը։ Հունաստանի նախագահի այցը լավ առիթ է՝ խոսելու երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման մասին եւ ամբողջացնելու միջկառավարական հանձնաժողովի՝ Հայաստանում անցկացվելիք հաջորդ նիստի օրակարգային հարցերի շրջանակը։ Նշեմ նաեւ, որ ընթացիկ տարվա մարտի 18—20—ը Հայաստան էր այցելել պատվիրակություն Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, որի անդամները «B2B» ձեւաչափով հանդիպումներ են ունեցել հայ գործարարների հետ։ Արդյունքում Երեւանի եւ Աթենքի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
–Հայ—հունական հարաբերություններում առանձնահատուկ կարեւորություն են ներկայացնում ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Զարգացման ինչպիսի՞ ներուժ ունի այս ոլորտը։ Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում այս հարթության վրա։
–Պաշտպանական ոլորտում հայ—հունական համագործակցությունը մեր միջպետական հարաբերությունների կարեւորագույն հենասյուներից է, որի հետագա խորացումն ու ամրապնդումը մեր առաջնահերթություններից է։ Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, կանոնավոր կերպով ստորագրվում եւ իրականացվում են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա ծրագրեր՝ հիմնականում կրթության եւ վերապատրաստումների, ռազմական բժշկության, ռազմարդյունաբերության, խաղաղապահ գործողությունների, վարժանքների ոլորտներում։
–Հունիսի 4—ին Նիկոսիայում կայացավ Հայաստան—Հունաստան—Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Դրա արդյունքում ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեց Հայաստան—Կիպրոս—Հունաստան եռակողմ ձեւաչափի համագործակցությունը։ Ի՞նչ հնարավորություններ կընձեռի այս համագործակցությունը երեք երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին։
–Հայաստանն իր երկկողմ հարաբերությունները Հունաստանի եւ Կիպրոսի հետ վարում է բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա, եւ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրների միջեւ եռակողմ հարաբերությունները դրվեցին ինստիտուցիոնալ մակարդակի վրա։ Եռակողմ համագործակցության մեկնարկը տրվեց այս տարի Նիկոսիայում, այնուհետեւ վերահաստատվեց շուրջ մեկ ամիս առաջ Նյու Յորքում երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում։ Եռակողմ այս ձեւաչափի նպատակը խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն է երեք երկրների միջեւ ընդլայնված քաղաքական երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Դրա համար ունենք լավ հիմքեր՝ երեք ժողովուրդ, որոնք միմյանց ընկալում են որպես եղբայրական, լի են փոխադարձ ակնածանքով, կիսում են նույն արժեքները։ Հայաստան—Հունաստան—Կիպրոս եռակողմ համագործակցությունը կարեւոր ձեռքբերում է նախ՝ որպես տարածաշրջանային նոր ձեւաչափ եւ երկրորդ՝ որպես Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ։
–Եռակողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է 2020 թ. հունվարին երկրների ղեկավարների մակարդակով Հայաստանում անցկացնել առաջին եռակողմ գագաթնաժողովը։ Ո՞ր փուլում են նախապատրաստական աշխատանքները։ Ինչպիսի՞ օրակարգ է ուրվագծվում։
–Այո, գալիք տարվա հունվարին մենք ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին առաջին եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն, եւ ինչպես նախարարական հանդիպման դեպքում էր, գագաթնաժողովին ընդառաջ նույնպես նախատեսվում են եռակողմ նախապատրաստական խորհրդակցություններ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Ծրագրում ենք մշակել համապարփակ եռակողմ օրակարգ, որը կներառի համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների եւ ռազմական—ռազմատեխնիկական։
–Հայաստանն ու Հունաստանը տարբեր միջազգային կազմակերպությունների անդամներ են։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունն ու փոխօգնությունն այդ հարթակներում։
–Միջազգային եւ տարածաշրջանային կառույցներում հայ—հունական համագործակցությունը գնահատում ենք խիստ արդյունավետ։ Միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի առնչությամբ մեր երկրների մոտեցումները համընկնում են։ Հունաստանը նաեւ կարեւոր դերակատարում ունի Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության, ինչպես նաեւ համագործակցության այլ ձեւաչափերում, այդ թվում, օրինակ, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության գործում։
Բերեմ եւս մեկ օրինակ. բազմակողմ համագործակցության համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի եւ Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործունեությունը, որի լիիրավ անդամ Հայաստանը դարձել է 2018թ. հուլիսի 13—ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում կայացած ֆորումի 2—րդ նախարարական համաժողովում։ Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթության մաս կազմող երկիր, իր ակտիվ ներդրումն է ունենում ֆորումի աշխատանքներին, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների համագործակցությանը։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

 

05-11-2019

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 286 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024