Ոչ մեկ անգամ խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ «ՀՀ»—ն նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների շահագործումը խիստ արդիական է դարձել։ Որ ոլորտը ներուժ ունի, հաստատ է, ավելին՝ մասնագետներն այն «բարձրապոտենցիալ» են համարում։ Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացրել ենք, ամենահեռանկարայինը Սյունիքի հրաբխային բարձրավանդակն է, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասը, որտեղ, ինչպես ժամանակին վստահեցրել էին մասնագետները, կարելի է երկրաջերմային կայան կառուցել։ Ինչ—ինչ պատճառներով առայժմ չի կառուցվել (որոշակի մանրամասներ նշել ենք), բայց պետությունն այդ գաղափարից դեռ ձեռք չի քաշել։ Ուսումնասիրությունները շարունակվել են, եւ ի հայտ են եկել նոր աղբյուրներ։ Օրինակ, ըստ «Դենիշ էներջի մենեջմընթ Էյ/Էս» ընկերության մասնագետների, Հայաստանում երկրաջերմային էներգիայի օգտագործման 16 գոտիներ կան՝ այսպես Ջերմուկի տարածքում, Վայոց ձորի մարզում Սայաթ—Նովա տարածքը, Սյունիքի մարզում Որոտան գետի հովիտը, Սիսիան քաղաքի մոտ եւ Ույծ ու Շամբ գյուղերի տարածքներում, Կոտայքի մարզում Հանքավանի գոտին, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում, Սեւանա լճի ավազանում չորս գոտիներ՝ Գրիձոր — Նորադուզի գոտի, Մարտունի — Արմաղանի գոտի, Կարճաղբյուր — Փորակի գոտի, Վահրամասար — Նորաշենի գոտի։ Գործադիրն իր առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրում երկրաջերմային էներգետիկան չի անտեսել։ Էլկայանի կառուցման դեպքում էլէներգիայի սակագներից առայժմ խոսք չկա։ Ժամանակին, երբ Ջերմաղբյուրից էր խոսվում, երկրաջերմային այդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընթացքում օգտագործվեց 4.5 ԱՄՆ ցենտ սակագինը՝ այդ թվականներին սահմանված բնական ջրահոսի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների համար։ Այս դեպքում շուրջ 194 մլն կՎտժ տարեկան միջին արտադրությամբ Ջերմաղբյուրի 25 ՄՎտ հզորության երկրաջերմային էլեկտրակայանի համար ետգնման ժամկետը կազմում էր 12 տարի։ Թե ցուցանիշները հիմա ինչքան փոխված կլինեն, պարզ չէ, բայց հավանական ներդրողների հայտնվելու պարագայում կներկայացվեն առկա բոլոր տվյալները։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նշում է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային էներգիայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ, Գրիձոր եւ Քարքար երկրաջերմային տեղանքների մագնիսաթելուրային զոնդավորում։ Ըստ նախագծի տեխնիկական առաջադրանքի, նախատեսված էր Քարքար եւ Գրիձոր երկու պոտենցիալ տեղամասերում անցկացնել երեք հիմնական տիպի հետազոտություններ՝ ա) երկրաբանական դաշտային նախնական հետախուզություն, բ) նմուշառում բոլոր աղբյուրներից եւ մակերեւութային ջրերից ու անալիզ՝ ջրերը երկրաքիմիական առումով բնութագրելու համար, գ) մագնիսաթելուրային հետազոտություններ Գրիձոր, Քարքար տեղանքների համար եւ այլն։ Օգտագործվեցին նաեւ 4 երկրաջերմաչափերի ջերմաստիճանների հաշվարկները, ստեղծվեց տվյալների բազա, տվյալները մշակվեցին, վերծանվեցին։ Խորքային ջերմության հեռանկարայնության վերաբերյալ Գրիձոր եւ Քարքար տեղամասերում ու դրանց հարակից տեղամասերում նախկինում, ինչպես նաեւ «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության կողմից 2009թ. երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների վերլուծությունը հանգեցրեց այն եզրակացության, որ հեռանկարային տարածք առաջարկվեց Քարքար տեղամասը։ Ըստ լրատվության նույն աղբյուրի, 2011թ. եռաչափ մագնսաթելուրային ուսումնասիրություն արվեց Քարքարի տեղանքում։ Նաեւ մանրամասն գրավիմետրական հետազոտություն արվեց 25 կմ քառ. մակերես ունեցող տեղամասում։ Ընտրված տարածքում ծանրաչափական հետազոտությունների առնվազն 15 միաժամանակյա պրոֆիլներ էլ արվեցին 500 մ միջակայքով։ Քարքար տեղանքում եւ հարակից տարածքներում անցկացվեցին նաեւ գազի արտազատումների հետազոտություն։ Կառավարության՝ առաջիկա քայլերը նախանշող ծրագրում նշվում է, որ տարածքի եռաչափ սեյսմիկ ուսումնասիրության արդյունքների անկախ մեկնաբանումը հնարավորություն կընձեռի տվյալ երկրաջերմային տարածքում բացահայտել այն վայրը, որտեղ պետք է անցկացվեն հետագա ավելի մանրակրկիտ հետազոտություններ, ընդհուպ մինչեւ հորատանցք անելը կամ էլ արդեն հարկ կլինի ճշգրիտ հիմնավորում տալ այն մասին, որ տեղանքը խոստումնալից չէ հետագա հետազոտությունների իրականացման համար (հիշեցնենք, որ մեր մասնագետների մի խումբ համոզված է, որ այդ հիմնավորումները կան, ապացուցված են, եւ նոր հիմնավորումների կարիքը չկա)։ Ինչեւէ, այս տարվա ընթացքում կամփոփվեն Հայաստանի երկրաջերմային ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր հետազոտությունները, եւ արդեն որոշակի պատասխան կտրվի առկա շատ հարցերի։ Նկարները՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|