ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 12.11.2019, 03:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20 » Գյուղացիական կոոպերատիվները արդյունավետ կլինեն /Իսկ հողերի խոշորացումը կավելացնի տարածքների նպատակային օգտագործումը/
10:13
Գյուղացիական կոոպերատիվները արդյունավետ կլինեն /Իսկ հողերի խոշորացումը կավելացնի տարածքների նպատակային օգտագործումը/

Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը գերակայություն է, որի նկատմամբ տարեցտարի ակտիվանում է պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում պետությունը կարեւորում է նաեւ հողերի խոշորացման ու կոոպերացիայի զարգացման գործընթացը։ 2—3 տարի առաջ մարզերում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց արդյունավետությունը գնահատելու համար թերեւս ժամանակ է պետք։ Նախ փորձենք հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է հողերի խոշորացումը, որին վերջին ժամանակներս շատ է անդրադարձ արվում։
Նախ նշենք, որ գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ոլորտներից է, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ—ում, վերջին հինգ տարիների տվյալներով (2005—2010թթ.), կազմել է 17.2, իսկ գյուղատնտեսական մթերքի (հումքի) վերամշակող արդյունաբերության հետ միասին՝ 23.7 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության տեսակարար կշիռը կազմում է հանրապետությունում ընդհանուր զբաղվածների շուրջ 44 տոկոսը։ Այդուհանդերձ, գյուղատնտեսության բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռեւս գոհացնող չէ եւ պատճառներից մեկը թերեւս գյուղացիական տնտեսությունների փոքր չափսերն են եւ չվերամշակված հողատարածքների առկայությունը։
Երկրում հողատարածքների մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում։ Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ մշակելի հողերի մակերեսը 2013 թ., նախորդ տարվա համեմատ, մեծացել է 14 հազար հեկտարով՝ կազմելով ավելի քան 318 հազար հա։ Ըստ գնահատականների, գյուղատնտեսության ոլորտի կայուն ու համաչափ զարգացման բնագավառում ծառացած խնդիրների լուծման, ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից կարեւորվում է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը եւ հետեւապես այդ ուղղությամբ պետական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափսերը եւ մասնատված հողաբաժինները, որոնք ձեւավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը եւ խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրմանը եւ արդյունաբերականացմանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ծրագրերի զարգացման վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը «ՀՀ» հետ զրույցում անդրադարձ կատարելով 1990—1991 թթ. իրականացված հողային բարեփոխումներին՝ նշեց, թե ինչպես հարյուրավոր խոշոր արտադրական ձեռնարկություններ եւ կոլտնտեսություններ փոխարինվեցին փոքրերի։ Արդյունքում ձեւավորվեցին 340 հազար գյուղացիական եւ ընտանեկան տնտեսություններ եւ 100 առեւտրային գյուղատնտեսական կազմակերպություններ։ Այժմ 1 գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում միջինը 1,37 հա հողատեսքեր, որից վարելահողերը՝ 1,1 հա։ Նոր տնտեսական բարեփոխումները առաջ բերեցին նոր մարտահրավերներ, արդյունքում գյուղացիական տնտեսությունները իրենց արտադրությունը վերափոխեցին առավել անհրաժեշտ առաջնային պարենամթերքների արտադրության։ Ավելացան հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը, կարտոֆիլի եւ բանջարեղենի մշակության տարածքները, եւ ընդհանուր առմամբ՝ մեծացան արտադրական ծավալները։
Պարենային հիմնախնդրի լուծման տեսանկյունից հողերի սեփականաշնորհման այդ փոփոխությունները դրական ազդեցություն գործելու հետ մեկտեղ ի հայտ բերեցին նաեւ մի շարք խնդիրներ, որոնք առ այսօր գոյություն ունեն։ Տարիներ շարունակ անհանգստացնող է մնում տնտեսավարման ձեւերի խիստ սահմանափակումը։ Մասնավորապես, որպես անհրաժեշտություն դիտարկվում է տնտեսավարման ձեւերի կատարելագործման անհրաժեշտությունը, իսկ տնտեսությունների փոքր չափսերը առհասարակ հնարավորություն չեն տալիս կիրառելու արտադրական առավել արդյունավետ տեխնոլոգիաներ, ընդլայնել մեքենայացման կարողությունները։ Փոքր արտադրության պայմաններում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ՝ կապված մատակարարման, իրացման եւ արտադրական փոքր ծավալների հետ։ Այսինքն՝ կիրառվող սակավ ռեսուրսները անարդյունավետ են դարձնում հողային օգտագործումը։
2013թ. գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման մակարդակն աճել է՝ հասնելով 71 տոկոսի, 2010 թ. 63,2 տոկոսի փոխարեն։ Իհարկե, ըստ զրուցակցիս, կան դրական տեղաշարժեր, ավելացել է շուրջ 35 հազար ցանքատարածություն, սակայն այս խնդիրը դեռեւս առկա է եւ լուծում է պահանջում։
Գյուղատնտեսական արտադրությունը ներկայումս իրականացվում է ավելի քան 1200 հազար մասնատված հողակտորների վրա։ Ընդ որում, գյուղացիական տնտեսությունների (ընտանեկան տնտեսությունների) կողմից արտադրվող գյուղատնտեսական մթերքի տեսակարար կշիռը գյուղատնտեսության համախառն արտադրանքում կազմում է 97.2 տոկոս։ Որպեսզի տնտեսավարողների համար ոլորտը դառնա առավել գրավիչ ներդրումային տեսանկյունից, անհրաժեշտ է բարձրացնել գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակը, վերացնել ագրոտեխնիկական եւ այլ պահանջների թերի կատարման գործընթացները, մատչելի դարձնել փոխառու միջոցները՝ նպաստելով աշխատանքի արտադրողականությանը, որը շարունակում է մնալ խիստ ցածր, եւ տնտեսավարողների եկամուտները չեն ապահովում կյանքի բավարար որակ։
Գյուղատնտեսությունում դեռեւս գերակշռում են ցածր մրցունակությամբ եւ արդյունավետությամբ գործող բնամթերային տնտեսությունները։ Թերարտադրության պայմաններում անգամ բավարար չափով չեն լուծվում իրացման խնդիրները, որի հետեւանքով չի կազմակերպվում ընդլայնված վերարտադրություն։
Հանրապետության տարածքում վարելահողերը կազմում են 448,4 հազար հա նախորդ տարվա 318,1 հազար հա—ի փոխարեն։ Դրանք չմշակելու պատճառները, ըստ ծրագրերի զարգացման վարչության պետի, մի քանիսն են, մասնավորապես ցածր եկամտաբերությունը, ռեսուրսների բարձր գները, վարկավորման հետ կապված դժվարությունները եւ այլն։
Ուստի պետական քաղաքականության ուղենիշային փաստաթղթերում առաջնահերթ խնդիր է դիտարկվում դրանց կատարելագործումը՝ մասնավորապես կոոպերացիայի խթանումը, գյուղացիական տնտեսությունների խոշորացումը։ Այս գործընթացը, զրուցակցիս համոզմամբ, բավական բարդ ու աշխատատար է եւ պայմանավորված է մի քանի գործոններով։
Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը 437 հազար մարդ է. չմոռանանք, որ գյուղատնտեսությունը գյուղական բնակավայրերում եկամուտների կենսամակարդակի ձեւավորման ամենակարեւոր բնագավառն է։ Տնտեսությունների մեծացման պարագայում ավելորդ աշխատուժի խնդիր էլ կարող է առաջանալ, մասնավորապես, վերամշակման կարողությունների, սպասարկման, արհեստագործական տարբեր ճյուղերի, ագրոտուրիզմի ոլորտներում։ Ուստի ոչ գյուղատնտեսական գործունեությունն էլ իր հերթին կարող է նպաստել տնտեսությունների խոշորացման գործընթացին։
Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի խթանման համակարգված քաղաքականության իրականացման նպատակով ընդունվել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը, մշակվել են ոլորտում գյուղացիական կոոպերացիայի զարգացման նախագիծը եւ հարաբերությունների հստակեցման մեխանիզմները։ Հայեցակարգով կանխորոշվել են կոոպերացիայի զարգացման հիմնական 4 ուղղություններ՝ օրենսդրության կատարելագործում եւ համալրում, կոոպերացիայի ձեւավորման տնտեսական խթանման մեխանիզմների կիրառում, կոոպերացիայի սկզբունքների, առավելությունների վերաբերյալ գյուղատնտեսությունում տնտեսավարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում եւ գյուղատնտեսությունում կոոպերացիայի ձեւավորմանը խթանող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում։
Գյուղի եւ գյուղատնտեսության 2010—2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունում դրված են մի շարք ուղենշային ծրագրային փաստաթղթեր։ ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շարքում առանձնանում է հանրապետության գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորման շարունակականության ապահովումը։
«Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է կարգավորի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարեցման, վերակազմակերպման, պետական աջակցության եւ այլ հարաբերությունները, սահմանի կոոպերատիվների մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը։
Ներկայումս հանրապետությունում գործում են շուրջ 150 գյուղատնտեսական կոոպերատիվներ։ Վերջին 3 տարիներին զգալի ակտիվություն է նկատվում այս ուղղությամբ։ Կոոպերատիվների ձեւավորման առումով տնտեսություններին աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի եւ մարզային կենտրոնների միջոցով։ Այս ընթացքում արդեն ձեւավորվել են շուրջ 35 գյուղատնտեսական կոոպերատիվներ, 90 արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվներ։
Նախարարության համակարգում գործում է գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ մարզերում։ Ծրագրի նպատակը սահմանամերձ բարձր լեռնային համայնքների անասնապահության զարգացումն ու կոոպերատիվների ձեւավորումն է։ Արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվները, օրինակ, նպաստելու են բնական կերահանդակների համակցված օգտագործմանը, արոտների ջրարբիացմանը, ճանապարհների անցանելիության ապահովմանը, կաթի հավաքման կետերի եւ վերամշակման կարողությունների ձեւավորմանը, դաշտային կերարտադրության զարգացմանը եւ այլն։ Աջակցության այս ծրագիրը Հ. Ծփնեցյանի վստահեցմամբ, շարունակական է եւ միտված է կոոպերատիվների ձեւավորման գործընթացին։ Նախատեսվում է նոր վարկային ծրագիր՝ ՀԲ—ի աջակցությամբ, որը իրականացվելու է մարզային տարբեր համայնքներում։
Առհասարակ, որո՞նք են կոոպերատիվների ստեղծման նպատակները, եւ ի՞նչ գործընթացներ են նախատեսվում հողերի խոշորացման արդյունքում։
Կոոպերատիվների նպատակը համատեղ գործունեության կազմակերպման միջոցով կամավորության սկզբունքով տնտեսավարողների միավորումն է եւ համատեղ տնտեսական գործունեության ծավալումը։ Դրանց արդյունավետությունը կարող է դրսեւորվել համատեղ գործունեության արդյունքում։ Փոքր տնտեսությունների համար արտադրական գործունեության հնարավորությունները սահմանափակ են տարբեր ոլորտներում։ Զրուցակիցս նշում է, որ կոոպերատիվները կարող են արդյունավետ գործել արտադրանքի ապրանքների իրացման, մատակարարման, հետբերքահավաքային գործընթացների կազմակերպման, սառնարանային պահպանության, փաթեթավորման, վերամշակման գործընթացներում, ինչը միայնակ գործելու դեպքում հավելյալ խնդիրներ է ստեղծում թե՛ ֆինանսական, թե՛ ռեսուրսների առումով։ «Հայեցակարգում դիտարկել ենք տարբեր կոոպերատիվներ՝ արտադրական, վերամշակող, մատակարարող եւ այլն։ Շահույթները ստացվում են ըստ կատարված ներդրումների։ Օրենսդրական նոր նախագծով տարանջատվում են շահույթ եւ ավելցուկ հասկացությունները։ Ավելցուկը գոյանում է կոոպերատիվի անդամների մատուցած ծառայություններից, իսկ շահույթը՝ ոչ կոոպերատիվի անդամների միջոցով։ Դրա բաշխման որոշակի տարբերակված մոտեցումներ են անհրաժեշտ։ Շահույթը ձեւավորվում է համատեղ գործունեության առավելություններից»,–մանրամասնեց Հ. Ծփնեցյանը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 193 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019