Հունվարի 25—ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա։ Ինչպես
հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռիգայում նախարար
Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը։ Ողջունելով
Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան
շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել
խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր
գործադրել այդ ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի նախագահին։ Հանդիպմանը
անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը,
տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով
ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին։ Հայաստանի
արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի
հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները
տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան—Լատվիա համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր։ Զրույցի
ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին
պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների
կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ
հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների
ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ
արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք
հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում։ Նախարարների բնորոշմամբ՝ դա ի ցույց է դնում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածությունը։ Նախարարներն
ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական
խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել
զարգացման համար։ Բանակցությունների օրակարգում էին միջազգային
կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց
թեկնածությունների աջակցության հարցերը։ Այս ենթատեքստում Լատվիայի ԱԳ
նախարարը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների
հանձնակատարի պաշտոնում Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մույժնիեկսի
թեկնածությանը սատարելու համար։ Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում
առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային
դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր
բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար։ Հայաստան
— Եվրոպական միություն հարաբերությունների ենթատեքստում նախարարներ
Նալբանդյանն ու Ռինկեւիչսը մտքեր փոխանակեցին Եվրոպական հարեւանության
քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի եւ
Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ։ Նախարարների միջեւ քննարկված հարցերի կարեւոր կետերից էր տնտեսական համագործակցության առավել ամրապնդումն ու ընդլայնումը։ Նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը խոսեցին նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացման շուրջ։ Էդգարս
Ռինկեւիչսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի
կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս
ենթատեքստում երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն
այլընտրանք չունի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ
տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի
վերաբերյալ։ Այդ առումով նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի
դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության,
բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով։ Էդվարդ Նալբանդյանն իր
լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ Ընդունելով հրավերը՝
Էդգարս Ռինկեւիչսը առաջարկեց այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա
երկրորդ կեսին։ Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Ռիգայում
Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում
ունեցավ Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաեւ
Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Էրիկս Կալնինշը, հայ—լատվիական միջխորհրդարանական համագործակցության խմբի
նախագահ Իվանս Կլեմենտյեւսը, խորհրդարանական խմբակցությունների
ներկայացուցիչներ։ Լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Էդվարդ
Նալբանդյանը քննարկեց երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների
դերակատարությունը՝ նշելով, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական
դիվանագիտությունը՝ որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ
համագործակցության կարեւոր ձեւաչափ։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ,
տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Լատվիայի Սեյմի նախագահը կարեւորեց երկրի զարգացման գործում լատվիահայ համայնքի դրական ներգրավվածությունը եւ դերակատարումը։ Խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց լատվիական առաջատար «Լատվիաս Ավիզե» թերթին։ Նախարար
Նալբանդյանի օրակարգում էր նաեւ հանդիպումը Սեյմի՝ Լատվիա—Հայաստան
միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ, որը Սեյմի ամենաբազմանդամ
խումբն է եւ ներառում է շուրջ 30 պատգամավոր։ Պատգամավորների հետ հանդիպման
ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության
հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ—լատվիական հարաբերությունների,
տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող
հարցեր, պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։ Ավարտելով այցելությունը՝ Էդվարդ Նալբանդյանը Ռիգայից ուղեւորվեց Վիլնյուս։ hhpress.am
|