Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ–վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Վրաստանը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 տոկոսով։ «Վստահ ենք, որ առկա է երկկողմ տնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու մեծ ներուժ»,–ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Թբիլիսիում կազմակերպել հայ–վրացական բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ գործարարների միջեւ համագործակցության սերտացմանն ու ընդլայնմանը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ նոր թափ հաղորդել հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին։
ՀՀ կառավարության ղեկավարը, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ։ Միաժամանակ, վարչապետը նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ–ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԵՏՄ–ին անդամակցությունը որեւէ կերպ չի անդրադառնա նաեւ Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից։
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որեւէ արգելք չի հանդիսանա հայ–վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա։ Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների։
Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար։
Այնուհետեւ զրուցակիցները գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության եւ էներգետիկ ոլորտներում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցության մակարդակից։ Վարչապետը, անդրադառնալով Վերին Լարսի անցակետի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացմանը, հույս է հայտնել, որ սեղմ ժամկետում այն կգործարկվի։
Վրաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա 2–3 օրերի ընթացքում սողանքի, ինչպես նաեւ դեպի Հայաստան ձգվող գազատարի վթարի հետեւանքները կվերացվեն, եւ դրանք կսկսեն կանոնավոր գործել։
Երկու երկրների վարչապետները պայմանավորվել են նաեւ հաջողությամբ շարունակել Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան սահմանային անցակետերի շինարարության եւ արդիականացման, ինչպես նաեւ Բագրատաշեն–Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները։
Անդրադառնալով հայ– վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400, այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման եւ արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300–ի։
ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Երեւան–Թբիլիսի եւ Երեւան–Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաեւ մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան։
|