ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 21 » «Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը»
14:49
«Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը»

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով երեկ ժամանել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։
Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր եւ զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայումս հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը եւ ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որեւէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում Տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին եւ գրառում կատարել «Ոսկե» գրքում։
Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։ 
Նաեւ ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարեւորագույն աղբյուրներից մեկն է։
Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։
Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին»։
Այնուհետեւ վարչապետը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։
Ողջունելով վարչապետին՝ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը նշել է. «Պարոն վարչապետ, ես կցանկանայի Ձեզ դիմավորել Շիրազի խոսքով. «Օտար ափերում դու հայոց հույս, քեզնով է հայոց հույսը նորոգվում»։ Իսկապես, այսօր այդպիսի նորոգության պահեր, դրվագներ են։ Շատ մեծ բան կա խոսելու Մխիթարյան միաբանության մասին. երեք հարյուր տարվա պատմություն կա, ամեն ընկերություն ունենում է իր ելեւէջները։ Մխիթարյան միաբանությունն ունեցել է շատ դժվար պահեր եւ միշտ վերահաստատվել է, այս տարածաշրջանում միակ վանքն է, որ վերահաստատվել է։ Այս վերջին շրջանում մենք ունեցանք դժվարություններ, բայց վստահ ենք, որ Աստծո օգնությամբ եւ ողջ հայ ժողովրդի, հայ պետականության թիկունքով եւ նեցուկով պիտի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել»։
Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայր Լեւոն, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի, անվերականգնելի վնաս չի պատճառվել, եւ, ինչպես առիթ ունեցա գրելու մատյանում, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։ Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում վտանգված էր եւ նույնիսկ գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց, ըստ էության, մեր արմատների հետ մեր հաղորդակցության մի կարեւորագույն գիտական առաջին հերթին օջախ դարձավ, եւ նրա դերն, իրոք, անգնահատելի է։ Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով եւ համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը՝ գիտության, հայագիտության, մեր պատմության, մշակույթի այս կոթողը, դեռ շատ երկար իր խորհրդանշական եւ գուցե, ուզում եմ նաեւ հավատալ եւ պիտի այնպես անել, որ գործնական դերակատարումը նույնպես շարունակի ունենալ։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»։
Միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը միաբանության եւ Վենետիկի հայ համայնքի անունից ողջունել է Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանությունում եւ մաղթել հաջողություններ պետական գործունեության մեջ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայր Լեւոն, հարգելի հայրենակիցներ, սիրելի հյուրեր, շատ ուրախ եմ այս առիթի համար։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, այստեղ այցելելու զուտ ֆորմալ առիթը ջրհեղեղն է, որը, ցավոք, վնասեց նաեւ Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը։ Բայց, իհարկե, անպայման առիթ պիտի փնտրեի լինելու այստեղ, որովհետեւ նախկինում առիթ չեմ ունեցել, եւ Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունն իրականության եւ պատմության համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարեւոր դեր պիտի ունենա։
Այն ժառանգությունը՝ գիտական, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին՝ հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչվող, իսկապես դրվել է մեր նոր գիտության եւ կրթության հիմքում, եւ դա շատ կարեւոր է։ Կարեւոր է նաեւ, որ մենք գնահատենք մեր ինքնության, զարգացման եւ ինքնաճանաչման գործում կարեւորագույն նշանակություն ունեցող այս գիտական տաճարը, այս հոգեւոր կենտրոնը, եւ իսկապես սա մեծ պատիվ է ինձ համար։ Ամենակարեւորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, եւ պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը եւ ընդհանրապես մեր ժողովրդին։
Ցանկանում եմ ասել, որ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումը եւ զարգացումն է։ Սա իսկապես չափազանց կարեւոր է մեզ համար, եւ ուզում եմ նաեւ ընդգծել, որ շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում ինքներս ենք  վնասում մեր ինքնությանը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը եւ ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մեր կառավարության մեծ առաքելություններից մեկը համարում եմ հենց սա, որ մենք մեր ինքնության, մեր պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետեւ ինքներս մեզ թերճանաչելու գործընթացը նշանակում է թերճանաչել եւ թերգնահատել մեր այն ներուժը, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես պետություն ունենք։ Այս ինքնության ճանաչման եւ զարգացման գործում ամենակարեւոր խնդիրը եւ նպատակը, իհարկե, ապագան է, եւ համոզված եմ, որ մեր ազգային համախմբումը, հայ ժողովրդի համախմբումն անցնում է հենց ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու այս անհրաժեշտությամբ։ Այս գործում Մխիթարյան միաբանությունը շատ կարեւոր դերակատարում ունեցել է եւ շատ կարեւոր դերակատարում պիտի ունենա։ Համոզված եմ՝ շատ նյութեր հետազոտված են, դեռ շատ նյութ կա այստեղ հետազոտելու։ Սա պետք է լինի նաեւ հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, եւ մենք պետք է ապագայի վերաբերյալ համագործակցության շուրջ նույնպես կարողանանք մտածել»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպելու Վենետիկի հայ համայնքին, եւ իր արտերկրյա բոլոր այցերը մշտապես ուղեկցվում են հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քանի որ դա կառավարության գործունեության տրամաբանության մեջ է մտնում։ «Մեր կառավարությունը ազգային օրակարգի իմաստով խնդիր է ձեւակերպել Ստեփանակերտում՝ հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու, եւ դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, առավել արդյունավետ, առավել մրցունակ եւ առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլեւ ներկայանա որպես համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ»,–ասել է կառավարության ղեկավարը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համահայկականության գաղափարին՝ նշելով. «Մեզ համար գաղափարաբանորեն Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից հիմնադրված պետությունն է, այլեւ հայ ժողովրդի կողմից հիմնադրված պետությունն է, որովհետեւ ՀՀ Սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է՝ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի պետությունն է, բոլոր հայերի պետությունն է՝ անկախ նրանից դե յուրե նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն, թե ոչ։ Իհարկե, մեր աշխատանքը եւ նպատակը պետք է ուղղված լինեն նաեւ նրան, որպեսզի աշխարհի բոլոր հայերը նաեւ դե յուրե ունենան ՀՀ քաղաքացիություն, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը, պետք է լինի ամբողջ աշխարհում համայն հայության շահերի ներկայացուցիչը, եւ աշխարհի բոլոր հայերը պետք է հանդես գան նաեւ որպես ՀՀ ներկայացուցիչ եւ ՀՀ քաղաքացի»։ 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ եղել է բանավեճը ազգային գաղափարախոսության մասին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է ապրի Հայաստանով՝ անկախ նրանից, թե ապրում է Հայաստանում, թե ոչ, քանի որ հենց դա է համահայկականությունը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու մանդատ է ստացել, եւ ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից, պետք է լինի ազգային օրակարգի կառավարություն։ Կառավարության ղեկավարն ասել է, որ հեղափոխության օրերին բազմաթիվ նամակներ է ստացել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից, որոնք իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։ Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, վկայում էր այն մասին, որ 2018 թվականին տեղի էր ունենում համահայկական գործընթաց, որը հանգեցրեց Հայաստանում արմատական փոփոխությունների։ Վարչապետն անդրադարձել է մինչ հեղափոխությունը մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն կարգերին, մենաշնորհներին եւ նշել, որ այդ գործընթացների պատճառով այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ որակի խնդիր կա։ Այժմ պետք է համախմբել համազգային ներուժը եւ նպատակաուղղել հայրենիքի զարգացմանը։
Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության եւ սփյուռք—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է շատ հարցերում սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ եւ համահայկական կառույցի ձեւավորման առաջարկներ ներկայացնել։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ հայկական պետականության հավերժականության հարցին եւ ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024