ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց
բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ
սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև
ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և
այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան»
շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա
ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի
ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ
ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը
չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց
Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու
կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն,
բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու
կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող
պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են
արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք
ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում
են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից
ընկերներով»,-ասաց Սերժ Սարգսյանը:
«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված կրտսեր սերժանտ Դավիթ
Դավթյանը նախագահից շնորհակալական խոսք ասելու իրավունք խնդրեց: «Պարոն
նախագահ, հայ զինվորը, տեսնելով նման բարձր գնահատականն, ավելի է ոգևորվում
և լավ կատարում հայրենիքի նկատմամամբ իր պարտականությունները»:
Կին ազատամարտիկ Լաուրա Խալափյանը, ով ևս այսօր նախագահ Սերժ Սարգսյանից
մեդալ ստացավ, Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Պատերազմի ժամանակ միշտ
հավատացել ենք հաղթանակին, հատկապես Մոնթեի գալուց հետո:
Նախագահի նստավայրում անցկացված միջոցառմանն այսօր ներկա էին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր
Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն
հրամանատարական կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ: