««Հանրապետական»
կուսակցությունը պահել է կոռեկտությունը կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ
Հայաստանի» հետ բանավեճում: Tert.am –ի հետ զրույցում այսօր հայտարարեց
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
««Հանրապետական» կուսակցությանը ոչ ոք չի կարող պայթեցնել, որովհետև
բոլորը հասկանում են, որ ՀՀԿ-ին պայթեցնելը վտանգավոր է»,- ավելացրեց ԱԺ
փոխնախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ողջ օրը կոալիցիոն «Հանրապետական» և «Բարգավաճ
Հայաստան» կուսակցությունների կենտրոնական դեմքերն ու մամուլի խոսնակները
հանդես էին գալիս փոխադարձ հայտարարություններով, որոնք կարելի է
պայմանականորեն անվանել. «ո՞վ ում կպայթեցնի»: Լրատվական կայքերում
ծավալված հեռակա բանավեճի հիմնական հերոսներն էլ «քաղաքական փուչիկներն»
ու ասեղներն էին, ինչի կապակցությամբ «Ժառանգություն« խմբակցության
պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հումորով գրել էր ֆեյսբուքյան իր էջում.
«Պարզվեց, որ Վինի Պուխը քաղաքական ենթատեքստով մուլտֆիլմ է, որ փուչիկով
օդ բարձրացող Վինին ԲՀԿ-ից է, դավադիր եւ փուչիկը պայթացնող Պիտաչոկը`
ՀՀԿ-ից: Պիտաչոկը երբ ուզի, Վինիին երկնքից կիջացնի երկիր: Երևի էն
մեղուներն էլ Ժառանգությունը, ՀՅԴ-ն ու մնացածն են»:
Ամեն դեպքում, Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե նորմա՞լ է,
օրինաչա՞փ է, որ կոալիցիոն գործընկերները փոխադարձաբար իրար պայթեցնելու
մասին մտքեր են փոխանակում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն
կոռեկտության սահմաններում է եղել: Ինչ վերաբերում է երևույթին, ապա այն
Շարմազանովը սովորական աշխատանքային է որակում:
Այսօրվա մամուլում լուրեր կային, որ կոալիցիոն երեկվա նիստում Սերժ
Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են, որ նման կարգի
հրապարակային հայտարարությունները «կողմերն» այլևս դադարեցնելու են:
Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակը երեկ Tert.am –ին իր հայտնածին հավելելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան կոալիցիոն նիստերը կհաճախակիանան:
Մամուլում նաև տեղեկություններ կային այն մասին, որ իշխող
կուսակցությունում անհանգստացած են սոցհարցման արդյունքերով, ըստ որի՝
ԲՀԿ-ն ունի 33 տոկոս ձայներ, ՀՀԿ-ն՝ 18:
«Կարծում եմ, որ բոլորին հայտնի է, որ ՀՀԿ-ն է այս ընտրությունների
ֆավորիտը, և կարևորն այստեղ ոչ թե լավ ստարտն է, այլ արագ և լավ ֆինիշին
հասնելը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Նա այս առնչությամբ ավելացրեց, թե
«ամենալավ հարցումն» իր համար ապագա խորհրդարանական ընտրություններն են: