Պետական բյուջեի կատարողականի առումով խնդիր չենք ունենա «Առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ կունենանք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայուն իրավիճակ, պետական բյուջեի կատարողականի առումով որեւէ խնդիր չենք ունենա»,— ասուլիսում այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նման կանխատեսում անելու համար ԱԺ պատգամավորին հիմք են տվել վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ հունվար—հուլիսին արձանագրվել է 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, տնտեսական աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից։ Գ. Մինասյանը նաեւ ասել է, որ առաջին կիսամյակի արդյունքների համաձայն, այսօր առկա է նաեւ պետական բյուջեի մուտքային մասի գերակատարում, իսկ տարեվերջին կունենան պետական բյուջեով նախատեսված գնաճի սահմաններում գնաճ։ Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի օրերս ԲՀԿ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը, պատգամավորը ասել է, թե որեւէ հիմք չկա պահանջելու Հայաստանի վարչապետի հրաժարականը։ «Իհարկե, փոփոխության համար որեւէ հիմք, անհրաժեշտություն չկա։ Ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն են»,— ասել է Գ. Մինասյանը։ Պատասխանելով այն դիտարկմանը, թե 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը պետք է հաստատվի ԱԺ աշնանային նստաշրջանում, խոցելի տեղեր չունի՞, որը կարող է առիթ դառնալ ԲՀԿ—ի համար ու պահանջել վարչապետի պաշտոնանկությունը, նա ասել է. «Խոցելի կետեր, կարծում եմ, միայն Աստվածաշունչը չունի, մնացած բոլոր տեղերում կան»։ Լրագրողներին հետաքրքրել է ՈԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրության մասին՝ ստեղծելու «Եվրասիական միություն» անունով միավորում, պատգամավորի կարծիքը։ Եվրասիական միության անքակտելի կոմպոնենտն ընդհանուր մաքսային միությունն է, որի հետ կապված կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբում, նկատել է Գ. Մինասյանը։ Նա նաեւ առանձնացրել է մի քանի խնդիրներ. «Առաջինը ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությունն է։ Այստեղ իսկապես ունենք լրջագույն խնդիր՝ ինչպիսի՞ մեխանիզմներով պետք է կարողանանք օգտվել այդ հնարավորությունից, ու մեր միացումը ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել»։ Այնուհետեւ նշել է, որ Հայաստանը միացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը առանց որեւէ ժամանակային արտոնությունների, մինչդեռ Ռուսաստանը միացել է եւ ունի տարբեր ապրանքատեսակների բնագավառում տրամադրված ժամանակ, որպեսզի կարողանա այդ ընթացքում իրականացնել իր տնտեսության արդիականացումն ու դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիարժեք անդամ։ «Եթե ունենանք ընդհանուր մաքսային տարածք ու այդ տարածքում լինի այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, որը չունի նման արտոնություններ, ապա Ռուսաստանը հայտնվում է չափազանց բարդ իրավիճակում. Հայաստանով ապրանքները կմտնեն ընդհանուր մաքսային տարածք ու կտորպեդահարեն այն առավելությունները, որ Ռուսաստանը ձեռք է բերել իր համար բանակցությունների արդյունքում»,— ասել է Գ. Մինասյանը։ Նա մեկ այլ խնդիր էլ է նշել. «ՀՀ–ն եւ ԼՂՀ—ն չունեն մաքսային սահման, մեկ մաքսային տարածքում են գտնվում, ընդհանուր է նրանց տնտեսությունը, դրամային քաղաքականությունը։ Այս դեպքում հարց է առաջանում՝ այն երկրները, որոնք պետք է դառնան Եվրասիական միության անդամ, համաձա՞յն են, որ ԼՂՀ—ն էլ դառնա մաքսային միության անդամ, եւ այդ քայլից հետո Իրանից ԼՂՀ ներմուծված ապրանքը համարվելո՞ւ է ընդհանուր մաքսային տարածք ներմուծված ապրանք, արդյո՞ք ԼՂՀ արեւելյան սահմանները համարվելու են ընդհանուր մաքսային տարածքի սահմաններ եւ Եվրասիական միության սահմաններ»։ «Ստեղծվելիք աշխատանքային խումբը լուրջ անելիքներ ունի. պետք է վերհանեն բոլոր պրոբլեմները, որոնք առկա են այդ միության ստեղծման ճանապարհին։ Պրոբլեմների ուսումնասիրման ու հաղթահարման ճանապարհը ցույց կտա մասնակից երկրներին՝ որքանո՞վ է նպատակահարմար ունենալ ընդհանուր մաքսային տարածքում ներկայություն»,— ասել է ՀՀԿ—ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։
*** Եվրասիական միությունը ոչ չարիք է եւ ոչ էլ բարիք։ Դա օբյեկտիվ գործընթաց է, որը պետք է կարողանալ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի շահերի։ Անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը։ Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը ներկայումս փորձում է կրկին հաստատել երկբեւեռ համակարգը՝ փորձելով դառնալ այդ բեւեռներից մեկը։ «Սա է եվրասիական իսկական բովանդակությունը՝ կայացնել իր բեւեռը»,–նշել է Լեւոն Շիրինյանը։ «Եվրասիականության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ճյուղերից մեկն է։ Սա այն տեսակետն է, որով բոլշեւիզմը Ռուսաստանում հաղթեց եւ դարձավ կայսրություն, որն էլիտայի գիտակցության մեջ շատ խորն է նստած։ Ռուսաստանը փորձում է դառնալ աշխարհի բեւեռներից մեկը այն սխեմայով, ինչ կար ցարական Ռուսաստանի ժամանակ։ Ես կարծում եմ՝ հարցը այս տեսանկյունից պետք է քննարկել։ Ռուսաստանի ազդեցության ոլորտը պետք է համընկնի խորհրդային տարածքին»,–հավելել է նա։ Ինչ վերաբերում է միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրին, ապա, ըստ քաղաքագետի, հարցը դեռեւս բաց է։ «ՀՀ ազգային անվտանգության խորհրդին կից պետք է ստեղծվի մի խորհուրդ, որը պետք է ուսումնասիրի եվրասիական ֆորմատի դրական եւ բացասական կողմերը, որից հետո մեր պետությունը պետք է որոշի՝ համագործակցի եվրասիական ֆորմատի հետ, թե՝ ոչ»,–նշել է Լեւոն Շիրինյանը։ hhpress.am
|