ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 28 » Ինչքան կպահանջվի հայկական ԱԷԿ—ը շահագործումից հանելու համար
13:08
Ինչքան կպահանջվի հայկական ԱԷԿ—ը շահագործումից հանելու համար

Եվ ինչ տարբերակ է ընտրվել մեր երկրի պարագայում
Մեր պետությունը աներկբա որոշել է, որ մենք պետք է շարունակենք զարգացնել միջուկային էներգետիկան, քանզի դրա համար ունենք ամենակարեւորը՝ մասնագիտական հզոր դպրոցը։ Նաեւ միջազգային տարբեր ամբիոններից մեկ անգամ չէ, որ հնչեցրել ենք ամենաբարձր մակարդակով, թե հաշվի առնելով նույն միջազգային զարգացումները, մենք գործող ատոմակայանը կհանենք շահագործումից միայն այն ժամանակ, երբ այն արդեն փոխարինած կլինենք համարժեք հզորությամբ։ Ընդ որում, այդ փոխարինումը անպայման կլինի հենց միջուկային հզորությամբ։ Սա ամրագրված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրում։ «ՀՀ»—ի նախորդ համարում ասել էինք, թե քանի որ նոր ԱԷԿ—ի կառուցումն ուշանում է, ուստի հնի՝ այսինքն՝ գործողի շահագործման ժամկետը երկարացվում է՝ պարտադիր անվտանգության պահանջների կիրառմամբ։ Սրան զուգահեռ համապատկերում հարկ է անդրադառնալ մեկ հարցի եւս. գործող ԱԷԿ—ն էլ, իր հերթին, շահագործումից հանելը մեկ օրվա կամ մեկ ամսվա բան չէ, ավելի պատկերավոր ասած՝ հացի արտադրամաս չէ, որ փակես—գնաս, երկարատեւ ժամանակահատված պահանջող գործընթաց է ու, ի դեպ, դարձյալ անվտանգության պարտադիր պահանջների կիրառմամբ։
Եվ այսպես, մասնագետները բացատրում են, թե քանի որ յուրաքանչյուր միջուկային տեղակայանք առանձնահատկություններ ունի, հետեւաբար շահագործումից հանելու համար դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է կիրառվի առանձնահատուկ ռազմավարություն։ Դա էլ, պայմանավորված մի քանի գործոններով՝ տեխնիկական, սոցիալական, տնտեսական եւն, կարող է տարբեր լինել։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ԱԷԿ—ները շահագործումից հանելու երեք հիմնական ռազմավարություններ են լինում՝ անհապաղ ապահավաքակցում, հետաձգված ապահավաքակցում եւ թաղում։ Ի դեպ, այս երեքն էլ կիրառելի են բոլոր միջուկային տեղակայանքների համար, սակայն դրանք կարող են ընդունելի չլինել՝ ելնելով քաղաքական նկատառումներից, անվտանգության կամ շրջակա միջավայրի պահպանության պահանջներից, տեղական պայմաններից կամ ֆինանսական հնարավորություններից։ Ելնելով այս ամենից՝ ո՞ր տաբերակն է ընտրվելՀայաստանի պարագայում։
Ի պատասխան՝ մասնագետները բացատրում են, թե ընտրվել է Հայաստանի պայմանների համար ամենահարմար տարբերակը՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաջարկները, տեխնիկատնտեսական եւ սոցիալական գործոններ։ Հավելած՝ չեն անտեսվել ճառագայթային եւ տեխնիկական անվտանգության հարցերը, թափոնների կառավարման համակարգի առկայությունը, ցածր ակտիվությամբ նյութերի կառավարման եւ վերաօգտագործման (սահմանափակ կամ ոչ սահմանափակ) համար չափանիշների առկայությունը, միջուկային տեղակայանքի կամ արտադրական հարթակի հետագա օգտագործումը, ՀԱԷԿ—ը կանգնեցնելու եւ շահագործումից հանելու սոցիալ—տնտեսական ներգործությունը։ ԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարական երեք տարբերակներից յուրաքանչյուրի «մաքուր» կիրառումը դժվար է, ուստի մեր ռազմավարության ընտրության համար դիտարկվում են այդ տարբերակների առանձին տարրերն ու դրանց համակցումները։ Մեր պարագայում ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարության կիրառելի տարբերակն ընտրելու նպատակով առաջարկվում է դիտարկել մի քանի հիմնական տարբերակների հետեւյալ համակցումը. 1. բարձր աղտոտվածության եւ ակտիվացված օբյեկտների անվտանգ պահպանում, 2. միջուկային տեղակայանքի ոչ միջուկային մասի անհապաղ ապամոնտաժում, 3. անվտանգ պահպանման ճկուն տեւողությունը մինչեւ ռադիոակտիվ թափոնների թաղման հիմնահարցի լուծումը։ Զուգահեռաբար՝ ինչքա՞ն է անհրաժեշտ ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու համար, ի՞նչ փուլերով ՀԱԷԿ—ը կհանվի շահագործումից, եւ ֆինանսապես ո՞րը ձեռնտու կլինի, ո՞ր տարբերակը՝ ոչ (ընդգծենք՝ ատոմակայանի հարցում ֆինանսապես ձեռնտու լինելն էլ դարձյալ անվտանգությանն է առնչվում եւ եթե անվտանգությունը ավելի մեծ ծախսեր է պահանջում, ուրեմն դա է համարվում ձեռնտու)։
Սկսենք ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու համար պահանջվող ծախսերից։ Տեղեկացնենք, որ այդ ծախսերը գնահատելու համար գործածված է ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության միջուկային էներգիայի գործակալության մշակած «Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ծախսերի գնահատման հոդվածների ստանդարտ ցանկ» փաստաթղթում առաջարկվող մեթոդը։ Ընդհանուր ծախսերը բաժանված են 5 խմբերի՝ աշխատավարձ, ներդրումային ծախսեր, աշխատած վառելիքի կառավարման ծախսեր, թափոնների հեռացման հետ կապված ծախսեր, շահագործման ծախսեր։ Շահագործումից հանելուց առաջ նախնական գործողությունների համար անհրաժեշտ է 4.5 մլն եվրո (աշխատանքի կատարման արժեքն է այսքան)։ Միջուկային տեղակայանքի հետ կապված ծախսերը 4.3 մլն եվրո են գնահատվում (դարձյալ աշխատանքի կատարման արժեքն է)։ Հիմնական սարքավորումներ ու նյութեր ձեռք բերելու կապիտալ ծախսերը 2 մլն եվրո են գնահատվում։ Ապահավաքակցման աշխատանքների համար պահանջվող գումարը հետեւյալն է. աշխատանքի կատարման արժեքն է 23.4 մլն եվրո, կապիտալ ծախսերն են 12 մլն եվրո, այլ ծախսերի չափը 1.2 մլն եվրո է, ընդհանուր առմամբ հարկ է 36.6 մլն եվրո։ Թափոնները մշակելու, պահեստավորելու եւ թաղելու համար հարկավոր է 38.7 մլն եվրո, այդ թվում՝ 13.5 մլն եվրո՝ աշխատանքը կատարելու համար, 24 մլն եվրո՝ կապիտալ ծախսերի համար եւ 1.2 մլն եվրո՝ այլ ծախսերի համար։ Կայանի շահագործման ընթացքում առաջացած թափոնների թաղման համար պահանջվող գումարը 19.5 մլն եվրո է։ 22.5 մլն եվրո էլ պետք է շահագործումից հանելու ընթացքում առաջացած թափոնները թաղելուն։ Հարթակի ֆիզիկական պաշտպանության, հսկողության, տեխնիկական սպասարկման համար կպահանջվի 26.4 մլն եվրո, այդ թվում՝ աշխատանքի կատարման արժեքն է 16.8 մլն եվրո, մնացյալը այլ ծախսեր են։ Միայն ծրագրի կառավարման ու ինժեներատեխնիկական ապահովման համար պետք է 16.6 մլն եվրո։ 1.9 մլն եվրո է պետք գիտահետազոտական մշակումների համար՝ ներառյալ 1.4 մլն եվրո աշխատանքի կատարման համար եւ 0.5 մլն եվրո կապիտալ ծախսերի համար։ Միջուկային վառելիքի՝ միջանկյալ պահեստարան տեղափոխումը, միջանկյալ պահեստարանի շահագործումն ու չոր պահեստարանի վերջին հերթի կառուցումն արժե 18 մլն եվրո (պահանջվող կապիտալ ծախսն է այսքան)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 191 մլն եվրո։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 47.75 մլն եվրո։ Ատոմակայանը շահագործումից հանելուն պահանջվող համընդհանուր գումարը 238.75 մլն եվրո է (համընդհանուր ծախսերում ներառված չեն շենքերի ու շինությունների քանդման եւ հարթակի բնատեսարանի վերականգնման աշխատանքները)։
ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում էլ ծախսեր կան։ Չափը հասկանալու համար նախ պետք է խոսել, թե քանի փուլով է լինելու այդ ընթացքը։ Այս մասին՝ հաջորդիվ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 626 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024