Հունվարի
12—ին Թուրքիայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտորնի
տնօրեն, խորհրդարանի անդամ Սինան Ույղանը ամերիկյան «Farda» ռադիոկայանին
տված հարցազրույցում հայտարարել է. «Անցյալ 400 տարվա ընթացքում, թեեւ
Թուրքիան շատ երկրների հետ է առճակատել, մասնավորապես՝ Ռուսաստանի, սակայն
Իրանի ու Սիրիայի հետ որեւէ խնդիր չի ունեցել։ Այսուհանդերձ, Սիրիա հասած
«արաբական գրանունը» մեծ հավանականությամբ ընթացիկ տարում նաեւ Իրան է
հասնելու, ուստի, Անկարան հարկադրաբար Թեհրանի հետ առճակատման կգնա»։
Ույղանի ասածների մեջ ճշմարտություն կլիներ, եթե 1918թ. հունիսի 18—ին, երբ
ռուսական զորքերը լիովին դուրս բերվեցին Իրանի Ադրբեջան նահանգից,
թուրքերը «իսլամական միասնություն» կարգախոսով կրկին չներխուժեին Իրան։
Նշյալ կարգախոսի ներքո թուրքերը նորից աչքի ընկան բնակչության հանդեպ իրենց
հատուկ դաժանություններով ու բռնություններով, որոնց մասին Իրանի
պատմագրության մեջ առկա են բազմաթիվ փաստեր։ Պատմաբան Ալի Ազարին այս
առնչությամբ գրել է. «Օսմանյան զորքերը մտան Թավրիզ եւ սկսեցին Ադրբեջանում
բնակչության հացահատիկի շտեմարանները թալանել։ Թուրքերի կողոպուտին ու
թալանին չափ ու սահման չկար։ Նրանց կատարած դաժանություններն ու
բարբարոսությունները պարկեշտ գրիչն ի վիճակի չէ նկարագրել։ Թուրքաբարո
ասպատակությունների աղտոտ նպատակները բացահայտ էին։ Նրանք, օգտվելով
ստեղծված իրավիճակից, ի հատուցում իրենց կորցրած տարածքների, որոնք
պատերազմից առաջ թուրքական գաղութ էին, ցանկանում էին Ադրբեջանը միացնել
Օսմանյան կայսրությանը, իրականացնելով համաթուրքական ծրագրեր»։ Այլ կերպ
ասած՝ ավելի ճիշտ այդ ընթացքում Իրանը որեւէ քայլ չի արել ընդդեմ
Թուրքիայի, իսկ վերջինս, ըստ երեւույթին, ընդդեմ այլ երկրների իր կատարած
քայլերը խնդիր չի համարում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա հիշենք, որ
1998թ. Թուրքիան զորքերը տեղակայելով Սիրիայի սահմանի վրա, սպառնում էր
Սիրիային, եւ զորքը հեռացվեց այն ժամանակ, երբ «Արդարություն ու զարգացում»
կուսակցությունն իշխանության գալով, արտաքին քաղաքականության
ուղղվածությունը որոշ չափով փոխեց։ Իսկ այսօր իր հաջողությունը Բաշար Ասադի
կործանումն է համարում։ Այս առնչությամբ հատկանշական է Վաշինգտոնի
միջինարեւելյան ուսումնասիրությունների ինստիտուտի Թուրքիա նախագծի տնօրեն,
ազգությամբ թուրք Սուներ Չաղփաթայի տեսակետը, ով նշում է, թե Իրանը,
Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգն ու Անկարան Սիրիայի ապագայի հարցում մտել
են մի խաղի մեջ, որը միայն մեկ հաղթող կարող է ունենալ։ Անկարան
հաջողության հասած կլինի, եթե ոչնչացնի Ասադի վարչակարգը, այլապես հաղթող
կողմը լինելու է Իրանը։ Ույղանի կարծիքով, Իրանը միշտ էլ ցանկանում է,
որ թշնամիների հետ ճակատամարտը տեղի ունենա իր սահմաններից դուրս՝ Սիրիան
դրանցից մեկն է։ Իսկ «արաբական գարունի» Սիրիա հասնելն Իրանին խիստ
մտահոգել է։ Ույղանը հավելում է. «Անկախ այն բանից, թե Սիրիայում դեպքերի
զարգացումն ինչ ընթացք կունենա, ամենայն հավանականությամբ 2012թ. «արաբական
գարունը» հասնելու է Իրան։ Այս դեպքում Իրանի եւ Թուրքիայի շահերի բախումն
առավել սուր բնույթ կկրի, ինչը հարկադրաբար կհանգեցնի առճակատման»։ Նա
շեշտել է նաեւ, որ Թեհրան—Անկարա հակամարտությունները միայն Իրանում
հնարավոր զարգացումներն ու Սիրիայում իշխող վարչակարգի ճակատագիրը չեն,
այլեւ ամերիկյան ուժերի բացակայությամբ Իրաքում եւս երկու երկրները
մրցակցում են, եւ շահերի խիստ հակադրությունը փաստ է։ Թուրք պատգամավորը
կարծում է նաեւ, որ Սիրիայի վարչակարգի փլուզումը նշանակում է, թե
Արեւմուտքի հետ Թեհրանի պատերազմը կտեղափոխվի Իրանի տարածք, ինչն էլ
Թեհրանին մտահոգում է, ուստի Ասադին աջակցում է բոլոր հնարավոր միջոցներով։
Իրանի ջանքերն ուղղված են Ասադի վարչակարգի պահպանմանը իսկ Թուրքիային՝
այն կործանելուն, ինչը նշանակում է առճակատումը, գործնականում, առկա է։ Սա
այն դեպքում, երբ թուրք պաշտոնյաները երկու երկրների սերտ բարեկամության
մասին են խոսում, սակայն Իրանի խորհրդարանի նախագահի՝ Թուրքիա կատարվելիք
այցի նախաշեմին, հայտարարում են, թե Սիրիա զենք տեղափոխող իրանական 4
բեռնատար մեքենա են առգրավել, ինչի առնչությամբ Անկարայում Իրանի դեսպանը
հանդես գալով հայտարարությամբ խստիվ հերքել է այդ տեղեկությունը, իսկ
թուրքերը, նահանջի քայլ կատարելով, հայտարարեցին, թե բեռների
պարունակությունն ստուգվում է։ Ի դեպ, նման մեղադրանքով անցյալ տարի
Դիարբեքիրում հարկադրական վարէջք կատարեցին իրանական ինքնաթիռներ։ Հունվարի
12—ին Անկարայում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի եւ Թուրքիայի
ԱԳ նախարար Դավութօղլուի հանդիպումից հետո, Թուրքիայի ԱԳ նախարարությունը
հայտարարել է, թե այդ երկիրն Իրանի դեմ միայն ՄԱԿ—ի սահմանած տնտեսական
սահմանափակումներն է իրականացնելու եւ ոչ թե առանձին երկրների։ Մինչդեռ ԱՄՆ
փոխքարտուղար Ուիլյամ Բերնսին Անկարայում խոստացել էին, որ կուսումնասիրեն
ԱՄՆ—ում սահմանափակումները։ Հարկ է նշել նաեւ, որ Իրանի հետ տնտեսական
կապերն առավել շահավետ են Թուրքիայի համար, թերեւս Թեհրանի հանդեպ
վերջինիս ցուցաբերած զգուշավորությունը հենց դրանով է պայմանավորված։
Միաժամանակ, Թուրքիան ձգտում է միջնորդական առաքելություն ստանձնել
Իրան—Արեւմուտք տրարաձայնությունները կարգավորելու հարցում, ինչում
իրականում այնքան էլ շահագռգիր չէ, հաշվի առնելով, որ եթե այդ հարցը
դրականորեն լուծվի եւ Արեւմուտք—Իրան փոխհարաբերությունները կարգավորվեն,
անշուշտ, հարված կլինի Արեւմուտքի համար Թուրքիայի նշանակությանը, բացի
այդ, փոփոխություններ տեղի կունենան դեպի Եվրոպա տանող էներգակիր
խողովակաշարերի ուղղությունների հարցում։ hhpress.am
Է. ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|