Աշխարհն աստիճանաբար ճանաչում է Արցախը որպես ժողովրդավարական պետություն
Ադրբեջանի իսկական դեմքն արդեն բոլորին հայտնի է։ Այս գործը գլուխ բերելու հարցում հիմնական դերակատարը Հայաստանն էր։ «Հայաստանը ցույց է տվել, որ բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանն էլ ցույց տվեց, որ չի ցանկանում կոնֆլիկտը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,–երեկ նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ընդգծելով, որ Բաքուն ցույց տվեց այն ոչ արդյունավետ մոտեցումը, որն ունի կոնֆլիկտի ամբողջ հետպատերազմական բանակցային գործընթացի ժամանակ։
Սակայն Ադրբեջանի «բացահայտման» հարցում ադրբեջանական իշխանական օղակները չցանկացան մեզնից «ետ մնալ»։ Չնայած երկրի ներսում մարդու իրավունքների իրացման հարցում խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության զգուշացումներին՝ Բաքուն շարունակում է նույն գործելաոճով առաջ շարժվել։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հերթական ընդդիմադիր գործչին։ Այս անգամ ոստիկանական բաժանմունք է տարվել «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամ Սուբութայ Գուլուզադեն։ Այդ մասին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականին տեղեկացրել է կուսակցության մեկ այլ անդամ՝ Թուրքալ Աբբասլին։ Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ փակվում է «Զերկալո» թերթը։
Ադրբեջանի իշխանավորների անհանդուրժողականությունը չի սահմանափակվում երկրի ներսում գտնվողներին իրենց հակառակվելու համար պատժելով, նրանք «պատժում» են նաեւ օտարերկրացի այն գործիչներին, ովքեր «համարձակվում են» ոտք դնել ԼՂՀ։
Օրերս Արցախ էին այցելել լրագրողներ եւ փորձագետներ տարբեր երկրներից։ Մեկնելուց հետո պարզ դարձավ, որ նրանք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ–ի «սեւ ցուցակում»։ «Սակայն ԼՂ այցելելու համար արժեր հայտնվել «սեւ ցուցակում»,–ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախ այցելած խմբի անդամներից լրագրող Անաստասիա Կարիմովան։
Ադրբեջանի ոչ կշռադատված քայլերի եւ Հայաստանի հավասարակշռված եւ զուսպ պահվածքի հետեւանքով մեծանում է հայանպաստ նախաձեռնությունների թիվը։ Երեկ ԱՄՆ—ում այդպիսի նախաձեռնությունների օր էր։ Նախ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։
Ապա, ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության է դրել Արցախի անկախությանը աջակցող բանաձեւը։ 2014 թվականի մայիսի 8—ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւ։ Ապա բանաձեւը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը։ Բանաձեւն աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին՝ զարգանալ որպես ազատ եւ անկախ պետություն։
«Մենք նման զարգացման սպասել ենք, աշխատել ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք ե՛ւ Հայաստանի Հանրապետության, ե՛ւ սփյուռքի հետ միասին»,–«Tert.am»—ին ասել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ այս գործընթացը ցույց է տալիս, որ Արցախի ճանաչումը բավական դինամիկ կերպով է ընթանում։
«Ճիշտ է, այսօրվա դրությամբ դեռեւս սահմանափակվում ենք տեղական, նահանգային մակարդակներով, բայց կարճ ժամանակ հետո դուրս ենք գալու դեպի պետությունների մակարդակ։ Դա ցույց է տալիս, որ աշխարհն աստիճանաբար Արցախը ճանաչում է որպես կայացած եւ նորմալ, ժողովրդավարական պետություն։ Եվ այն, որ այդ գործընթացն ընթանում է, նշանակում է, որ մեզ մոտ իրոք գործընթացները զարգանում են այն չափանիշներով, որոնք ընդունելի են քաղաքակիրթ պետությունների համար»,– նշել է Դ. Բաբայանը։
Կալիֆոռնիայի սենատը նաեւ միաձայն ընդունել է բանաձեւ, որով Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ ականատեսների բանավոր հիշատակությունները ներառվում են Կալիֆոռնիայի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Կալիֆոռնիայի սենատը Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի նկատմամբ ունի ավելի տարբերակված դրական մոտեցում։ Նա հնարավոր է համարում, որ այն լինի վարակիչ այլ նահանգների կամ պետությունների համար։
«Բացի այդ, կարծում եմ, որ մոտեցող՝ ցեղասպանության 100—րդ տարելիցը ստիպելու է պետություններին, որոնք դեմ են համամարդկային չարիքին, այդ ամենն արտահայտել ոչ միայն բանավոր, այլեւ գործնական քայլեր կիրառելով։ Ես կարծում եմ, որ սա նման դրսեւորումներից մեկն է, ինչը ողջունելի է»,–ասել է նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|