Էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ նշանակությունը ոչ միայն տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից է կարեւորվում, այլեւ հենց երկրի անկախության եւ անվտանգության։ Իսկ տնտեսության զարգացման համար էներգետիկ համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկն է դիտվում, ուստի էներգետիկայի զարգացումը կարեւորվում է մեր երկրի արդյունաբերության, տրանսպորտի եւ սոցիալ—տնտեսական զարգացման առումով։ Էներգետիկան այն ոլորտներից է, որ ամենաարագն է արձագանքում քաղաքական գործընթացներին, ավելի ստույգ՝ հիմնականում հենց այս ոլորտն է ամբողջ աշխարհում քաղաքականություն թելադրում, ուստի մեր պարագայում մշտապես օրախնդիր է կայուն զարգացող էներգահամակարգ ունենալը՝ երկարաժամկետ (հասկանալ՝ հիմնարար նպատակային), բայց ճկուն (քաղաքականություն թելադրող, ոչ թե կուլ գնացող) ծրագրերով։ Համապատկերում քննարկելի է դառնում մի հարց՝ մեր էներգետիկայի բնագավառի հիմնախնդիրները։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ոլորտի քաղաքականության հիմնահարցերից մեկը ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ցածր գներով հուսալի էներգամատակարարում ապահովելն է՝ բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար՝ միեւնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը։ Մեր երկրի էներգետիկ համակարգը ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման եւ ջերմամատակարարման համակարգերը։ Այն ընդգրկում է շուրջ 3200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ, 35000 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 9000 էլեկտրական ենթակայաններ, շուրջ 140 մլն խմ տարողությամբ գազի ստորգետնյա պահեստարան, 1740 կմ մայրուղային եւ ավելի քան 11007 կմ բաշխիչ գազատար ցանցեր, 2227 գազակարգավորիչ կետեր ու բազում այլ հանգույցներ, սարքեր ու սարքավորումներ, որոնց զգալի մասը սպառել են իրենց ծառայության ժամկետները կամ գտնվում են ֆիզիկապես եւ բարոյապես մաշված վիճակում։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր, իհարկե, արվել են. վերջին տարիներին արտադրող հզորությունների, էլեկտրական էներգիայի տեղափոխող, բաշխող ցանցերի արդիականացման համար պետական բյուջեի խողովակներով ներգրավվել են «Կա Էֆ Դաբլյու» գերմանական բանկի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցները։ Բնագավառի մեկ այլ հիմնախնդիր է հայկական ատոմակայանի անվտանգության պարբերական բարձրացումը, նոր էներգաբլոկի կառուցումը, այս ամենին հավելյալ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Մենք վերջին տարիներին իրականացրած կամ նախապատրաստվող ծրագրերին չենք անդրադառնա, քանզի առանձին—առանձին յուրաքանչյուրը ներկայացրել ենք, միայն կասենք, որ այս տարիներին էներգետիկայի ոլորտում ներդրումային քաղաքականության առումով պետության մասնակցությունը կրճատվում է (լավ է սա, թե վատ, քննարկման այլ թեմա է), ինչը, ըստ նախարարության, պայմանավորված է որոշ ենթակառույցների մասնավորեցմամբ եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ սեփական միջոցների ներգրավմամբ։ Ծրագրերի գծով 2009—2011թթ. ֆինանսավորումը 2006—2008թթ. համեմատ աճել է մի քանի անգամ։ Իսկ ներդրումներն առավելագույնս նպաստում են էներգամատակարարման հուսալիության եւ անվտանգության աստիճանի բարձրացմանը, ինչպեսեւ տեխնիկական ու առեւտրային կորուստների նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների քանակի կրճատմանը, շահագործման ծախսերի իջեցմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է էլեկտրաէներգիայի արտադրման ծավալի ավելացմանը։ Այսպես, 2008—2011թթ. էներգահամակարգում համակարգային վթարներ չեն արձանագրվել, իսկ նախորդ երկու տարիների համեմատ նվազել են վթարները՝ մոտ 2,7 անգամ կամ 63,1%—ով եւ խախտումները՝ մոտ 1.02 անգամ կամ 2,4% —ով։ Իսկ ինչ վերաբերում է արտադրության ծավալների ավելացմանը, ապա 2011թ. մեր երկրում արտադրվել է 7,4 մլրդ կՎտժ էլէներգիա, որը 933 մլն կՎտժ—ով կամ 14,5%—ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ընդ որում, արտահանման ծավալն էլ է ավելացել. 2011թ. այն կազմել է 1,36 մլրդ կՎտժ, որը 295 մլն կՎտժ—ով, կամ 28%—ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սպառման ցուցանիշները նույնպես ավելացում են աձանագրել. նախորդ տարի ներքին շուկայում սպառվել է 5.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 504 մլն կՎտժ—ով կամ 10%—ով ավելի է 2010թ. համեմատ։
Առաջիկայի գործը մաշված օբյեկտների վերակառուցումն է
Ու որպեսզի մեր էներգահամակարգը շարունակի իր զարգացումը, ուստի հարկ է ճշգրտել, թե որոնք են լինելու համակարգի առաջիկայի խնդիրները՝ տալու համար դրանց լուծման ուղիները, չլուծելու դեպքում հետեւանքները՝ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ռիսկերը։ Ի պատասխան՝ նախարարությունը հստակեցնում է, որ «էներգետիկ համակարգի հիմնական խնդիրները շարունակելու են կապված լինել բնագավառի զարգացման՝ ներդրումային, ֆինանսական եւ այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման եւ հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների եւ արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման եւ տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացման գործընթացի ակտիվացման հետ։ Այս խնդիրների լուծումն է, որ կապահովի հուսալի եւ անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացումը։ Էներգետիկ համակարգի խնդիրների շարքում կարեւորվում է ջերմամատակարարման համակարգի վերականգնումը, որն անմիջականորեն կհանդիսանա երկրում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության միջոցառումների ներդրման արդյունքը, ինչպես նաեւ կնպաստի երկրի սոցիալ—տնտեսական զարգացմանը»։ Առաջիկա երեք տարիներին ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում «Գյումրի—2» ենթակայանի վերականգնումն է, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնումը,Հրազդան ՋԷԿ—ից մինչեւ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած՝ Նորադուզ—Լիճք—Վարդենիս—Վայք—Որոտան—1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածի վերակառուցումը, ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը։ Այս վերջինի շրջանակներում իրականացվում են միջուկային եւ ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում եւ թաղում՝ մարդկանց ու շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար («Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ—ն է իրականացնում)։ Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 2013թ.՝ 29538.9 հազ. դրամ, 2014թ.՝ 30638.1 հազ. դրամ եւ 2015թ.՝ 35223.5 հազ. դրամ։ Էներգահամակարգի առավել երկարաժամկետ նպատակներից են՝ ներկրվող եւ տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման (որոշ քայլեր արդեն արված են) ու արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը, տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ եւ ողջամիտ օգտագործումը ու դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը։ Ի դեպ, «Գյումրի—2» ենթակայանի վերականգնման ծրագրի տեւողությունը մինչեւ 2014թ.—ն է (Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ)։ Այս ենթակայանն ունի տեղական եւ տարածաշրջանային ռազմավարական կարեւորություն։ Վերականգնման հետեւանքով կբարձրանա ենթակայանի, ինչպես նաեւ էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը, կվերանան վթարային անջատումների եւ չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները։ Վերոհիշյալ մյուս՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրի վերականգնման ծրագրի (դարձյալ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ) տեւողությունը մինչեւ 2016թ.—ն է։ Ըստ այդմ կվերականգնվեն Տաթեւ, Շամբ եւ Սպանդարյան ՀԷԿ—երի հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունները, եւ ըստ այդմ էլ կավելանա կայանների շահագործման հուսալիությունը, էլէներգիայի քանակը։ Մեկ այլ նախագիծ է մինչեւ 2016թ.—ն իրականացվելիք՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը։ Նախատեսվում է վերակառուցել Հրազդան ՋԷԿ—ից մինչեւ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ—Լիճք—Վարդենիս—Վայք—Որոտան—1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածը, որի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը եւ նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները։ Նշված գիծը միացնում է էլեկտրահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ)։ Հաջորդ տարի այս ծրագրի համար նախատեսված է 5.9 մլրդ դրամ, 2014–ին՝ 5.4 մլրդ, իսկ 2015թ.՝ 3.5 մլրդ դրամ։ Միաժամանակ մինչեւ 2016թ. նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը, որի գծով 2013—2015թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ. 2013թ.՝ 306 մլն, 2014թ.՝ 27 մլն, իսկ 2015թ.՝ 19 մլն դրամ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|