Հայ—ղազախական քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին քսան տարիների ընթացքում կառուցվել են իրապես բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված հարգանքի եւ խորը վստահության վրա։ «Արմենպրեսի» մամուլի սրահում օգոստոսի 27—ին լրագրողների հետ հանդիպմանը երկկողմ հարաբերություններին նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։ «Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ օգոստոսի 27—ին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայում Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բնորոշվում են զարգացման կայունությամբ»,— նշել է նա։ Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական, սոցիալ—քաղաքական, մշակութային հարաբերությունները յուրաքանչյուր պատմական փուլում ավելի են ամրապնդվել։ 1991—1992 թթ. Ղազախստանը եւ անձամբ՝ նախագահ Նազարբաեւը ղարաբաղյան հարցի կարգավորմանը գործուն մասնակցություն են ունեցել։ «Հայ—ղազախական հարաբերությունների կարեւորագույն առանձնահատկությունը քաղաքական երկխոսության բարձր մակարդակն է։ Դրա վառ ապացույցը մեր երկրների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցությունը»,— ընդգծել է Բոզժիգիտովը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ—ղազախական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման բոլոր երաշխիքները կան։ Հայ—ղազախական հարաբերությունների ամենախոցելի կետն առեւտրաշրջանառությունն է։ Այիմդոս Բոզժիգիտովը նշել է, որ խնդիրն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից դեսպանն առանձնացնում է տրանսպորտային անմիջական միջանցքի բացակայությունը։ «Թեեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին մշտապես մեծ ուշադրություն է հատկացվել, այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում քաղաքական փոխհամագործակցության բարձր մակարդակին»,— ասել է դեսպանը։ Նրա փոխանցմամբ՝ եթե 2010 թ. առեւտրաշրջանառությունը կազմում էր 11 միլիոն դոլար, ապա նախորդ տարի այն իջել է՝ հասնելով 9 միլիոն դոլարի։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 3 միլիոն դոլար։ Հայաստանում ղազախական կապիտալով գործում է 23 ձեռնարկություն, Ղազախստանում հայկական կապիտալով՝ 60 ձեռնարկություն։ Դրանք զբաղված են վերամշակման, շինարարության, առեւտրի ոլորտներում։ Ղազախստանից ներկրվում են հացահատիկ եւ մետաղներ, Հայաստանից Ղազախստան են արտահանվում քարմշակման սարքավորումներ, ալկոհոլային խմիչքներ, մասնավորաբար՝ հայկական կոնյակ։ Ապագայում երկու երկրները կհամագործակցեն նաեւ ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում, որը տրանսպորտային խնդրի հետ կապված չէ։ Ի տարբերություն առեւտրաշրջանառության՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ իրավապայմանագրային բազան ընդլայնվում եւ ամրապնդվում է։ Երկկողմ հարաբերությունները նոր սահմաններ են տեղափոխվում։ Իրավապայմանագրային բազան կազմում են 33 փաստաթղթեր՝ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական մակարդակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տվյալներով՝ Ղազախստանից Հայաստան ներմուծվող հիմնական արտադրանքը հանքահումքային, պատրաստի սնունդն է, ոչ թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Արտահանվող հիմնական արտադրանքը պլաստմասան է, կաուչուկը, ռետինե իրերը, կոշկեղենն ու գլխարկները։ Ղազախստանի դեսպանը անդրադառնալով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի սեպտեմբերի 3—8—ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժություններին՝ նշել է, որ բացման արարողությանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցությունն առայժմ չի նախատեսվում։ Դեսպանն անդրադարձել է նաեւ սեպտեմբերին Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հավաքական զորավարժություններին։ «Ղազախստանը, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, ունի գերակայություններ, որոնց մասին բարձրաձայնել է։ Դրանց թվում են հակաօդային պաշտպանության, թմրամիջոցների դեմ պայքարի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը»,–նշել է Բոզժիգիտովը։
|