ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 5 » Մեկ հայ զինվորի կորուստն էլ ողբերգություն է /Թեեւ հակառակորդի կորուստները մի քանի անգամ շատ են/
11:51
Մեկ հայ զինվորի կորուստն էլ ողբերգություն է /Թեեւ հակառակորդի կորուստները մի քանի անգամ շատ են/

Հայ—ադրբեջանական սահմանի լարվածությունն անցյալ գիշեր եւս պահպանվեց։ Անհաջող դիվերսիաների ցանկը եւս մեկով համալրվեց։ Հարձակում գործելով ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ շպրտվեց ելման դիրքեր։ Ըստ հայկական կողմի տվյալների՝ հակառակորդն ունեցել է մեկ տասնյակից ավելի զոհ եւ գրեթե երկու այդքան վիրավորներ։ Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ։
Իսկ ադրբեջանական ԶԼՄ—ները գրում են, թե հայկական զինված ուժերի դիվերսիոն—հետախուզական խմբերը հուլիսի 31—ի լույս օգոստոսի 1–ի գիշերը հարձակում են կատարել Թարթառի եւ Աղդամի շրջանների հատվածում։ Ադրբեջանի ՊՆ—ն հաղորդագրություն է տարածել, թե հայկական ուժերը կորուստներ են ունեցել։
«Այս գիշեր հայկական զինված ուժերը որեւէ կորուստ չեն տվել»,–«Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ՊՆ մամուլի խոսնակն ասել է. «Բա ի՞նչ էիք ուզում, երբ դիվերսիա էին անում, թող մտածեին այդ մասին, որ կորուստներ են ունենալու»։
Քանի որ Ադրբեջանի ՊՆ—ն հերքել է, որ դիվերսիան նախաձեռնողն ինքն է, ԼՂՀ ՊՆ—ն հրապարակել է դիվերսիոն գործողության իրեղեն ապացույցների լուսանկարներ՝ դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ վերջիններից խլված հատուկ սպառազինության եւ տեխնիկական սարքավորումների պատկերներով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնումենայնիվ ստիպված էր հայտնել զոհերի մասին։ Նախարարության մամուլի ծառայությունը երեկ առավոտյան հայտնեց, թե հուլիսի 31—ին ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ են զոհվել։ Այնուհետեւ խոսեցին 9 ադրբեջանցի զինվորների մահվան մասին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ֆինանսավորվող «CBC» հեռուստաալիքի՝ Երեւանի ժամանակով 13։00—ին ռուսերեն հաղորդման ժամանակ հաղորդվել է արդեն 10—ից ավելի զոհերի մասին։ Մնացած զոհվածներն էլ հավանաբար կներկայացվեն որպես դժբախտ պատահարի զոհեր։
Հավանաբար դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ մեծաթիվ կորուստները սեփական հասարակության աչքում հիմնավորելու համար է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սադրել հուլիսի 31—ի լույս օգոստոսի 1—ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ բոլոր գյուղերի ուղղությամբ մի քանի ժամ տեւած կրակահերթը։ Կանոնավոր կրակոցները պատասխան են ստացել, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել։
«ԳԱԼԱ»—ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձին, ասել է. «Ադրբեջանի ոճն է, նրանք ուղղակի նման ապակառուցողական ոճ են ընտրել եւ շարունակելու են այդ ոճով։ Բայց, իհարկե, մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել, եւ հավաստիացնում եմ, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտանք կորուստներ հայկական կողմից, քանզի ցանկացած կորուստ ողբերգություն է մեզ համար»։
Դավիթ Բաբայանը վստահ է, որ ամեն դիվերսիոն անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմը ավելի շատ է տուժում, քան հայկական կողմը։ Միայն թե, ըստ նախագահի խոսնակի, ադրբեջանական ձեռագիրն է այդպես, որ թաքցնում են սեփական զոհերին ու հետո հաջորդ շաբաթվա ընթացքում նրանց մահվան մասին լուրերը «մատուցում» այլ կերպ. «Հենց վաղը կամ մյուս օրը արդեն կասեն այսինչը մեքենայից է ընկել ու մահացել, մյուսը խեղդվել է եւ այլն»։
Դավիթ Բաբայանը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր հերթին «պատանդ է դարձել մի աննորմալ պետության ձեռքին, ինչպիսին Ադրբեջանն է։
Ինչ մնում է այն փաստին, որ Մինսկի խումբը հակամարտության երկու կողմերի հետ էլ նույն լեզվով է խոսում՝ թե՛ հարձակվող եւ թե՛ հարձակման ենթարկվող, Դավիթ Բաբայանն արձագանքել է. «Դա կա, դա երեւացող կողմն է։ Բայց դա չի նշանակում, որ ադրբեջանամետ են կամ հակահայկական դրվածք ունեն, ուղղակի իրավիճակը շատ յուրահատուկ է, եւ միջնորդ երկրները իրականում շատ մեծ դերակատարում ունեն խաղաղության եւ կայունության պահպանման գործում, եւ այդ աշխատանքը չպետք է չափել ոչ կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծմամբ եւ ոչ էլ հայտարարություններով»։
Առաջնագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դիվերսիոն գործողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Twitter»—ի իր միկրոբլոգում Ուորլիքը հետեւյալ գրառումն է թողել. «Մենք լուրջ անհանգստություններ ունենք շփման գծում տեղի ունեցած բռնությունների, լարվածության մեծացման առնչությամբ։ Զինադադարի համաձայնագիրը պետք է խստորեն պահպանվի»։
Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ—ն հիշեցնում է միջնորդի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն աջակցելուն ուղղված, նախկինում առաջ քաշած առաջարկությունների մասին։
Մասնավորապես, 2001թ.—ից սկսած ԼՂՀ—ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, մշտապես ադրբեջանական կողմին է փոխանցել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու առաջարկներ՝ այդ թվում՝ հրադադարի պահպանում, շփման գծից դիպուկահարների հետ քաշում եւ սադրիչ գործողություններից հրաժարում եւ այլն։
«Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը եւ միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից»,– ասված է հայտարարության մեջ։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին, որի նպատակը հայ—ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր։


Բաքուն  համաձայնագրերի խախտման  «փունջ» ունի
 

«NEWS.am»—ի հետ զրույցում գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու փաստին, նշել է, որ «պատերազմի հոտ չի գալիս, բացի դրանից՝ մեր պաշտպանության նախարարությունն էլ է միջոցներ ձեռնարկում՝ այս ամենի դեմն առնելու համար»։ Սակայն նաեւ հավելել է, որ պատասխան հարվածը պետք է անպայման լինի, «բայց խելացի եւ ուղեղով մտածված պետք է լինի պատասխանը, ոչ հապճեպ, սա ֆուտբոլ չէ, որը մեկը խփի, անմիջապես մյուսը խփի»։
«Tert.am»—ի հարցազրույցում ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ—ում ՌԴ—ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, անդրադառնալով սահմանային միջադեպերին եւ զոհերին, արձանագրել է, որ Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարեւոր փաստաթղթի պահանջները. «Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է։ Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Որտե՞ղ է այդ վստահելիությունը»։
Կազիմիրովը չի կարծում, որ սահմանին կատարվողը պատերազմի նախանշան է. «Չեմ կարծում, որ դա կբերի պատերազմի, բայց դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության ելման կետը, ինչպես իրենք են արտահայտվում՝ «օկուպանտներին» հանգիստ չտալն է, եւ դրա համար հարմար են բոլոր միջոցները։ Չէ՞ որ այս նախադեպերի քանակի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մոտ տարածքներում, այլեւ՝ հայ—ադրբեջանական սահմանին, հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը, խախտելով 1994 թ. փետրվարի 18—ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից ստորագրված փաստաթուղթը, հրաժարվել է իրագործել շփման գծի կողմերի հետքաշումը։ Այսինքն՝ համաձայն պայմանավորվածության, կողմերը պետք է իրենց ուժերը հետ քաշեին որոշակի կիլոմետր հեռավորության վրա, իսկ ծանր տեխնիկան՝ ավելի հեռու, եւ այդպիսով միջոցներ ձեռնարկեին հրադադարի ապահովման համար, սրա փոխարեն Ադրբեջանը մնացել է նախկին դիրքերում։ Ադրբեջանը հրաժարվեց հետ քաշել իր ուժերը՝ ասելով, որ թող միայն հայերը իրենց ուժերը հետ քաշեն։ Ահա, այս՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն տարածված եւ այս փաստաթղթում ամրագրված պայմանն է խախտում Ադրբեջանը»։


Դո՛ւ ասացիր
 

Ադրբեջանական «haqqin.az.»—ը վրդովմունք ու տարակուսանք է հայտնել Ադրբեջանի ՊՆ—ի պահվածքի եւ ուշացած հաղորդագրության կապակցությամբ։
«Ադրբեջանական հասարակությունը պաշտպանության նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից խելամիտ բացատրություն է սպասում ողբերգության մասին, որը ադրբեջանցի 11 զինվորի մահվան պատճառ է դարձել... Պաշտպանության նախարարությունը համաքաղաքացիների, զինծառայողների ծնողների, ամբողջ երկրի համբերությունն է փորձում։ Լռում են։ Ինչո՞ւ են զոհվել այդ զինվորները։ Ովքե՞ր են այդ զինվորները։ Եվ ո՞վ է նրանց ուղարկել թշնամու դեմ։ Ինչո՞ւ։ Եվ հետո, իսկապե՞ս նրանք զինված են եղել հատուկ միջոցներով եւ իսրայելական արտադրության զենքով»,–գրում է «haqqin.az»—ը։
«Ըստ ամենայնի, հարձակվել են մեր զինվորները, որոնց թշնամին դիմավորել է պատասխան կրակոցներով։ Ռազմական գործից թեկուզ փոքր—ինչ հասկացող ցանկացած մարդ գիտի, որ հարձակվող կողմն ավելի շատ զոհ է ունենում, քան հակառակորդի հարձակումը դիմավորողը։ Երեկ հայտնի դարձավ 2 հայ զինվորի զոհվելու մասին։ Այսօր հայտնեցին ադրբեջանական դասակի կեսի մահվան մասին։ Մի՞թե 2 հայ ռեմբոները կարողացել են ոչնչացնել ադրբեջանական բանակի մի ամբողջ ստորաբաժանում։ Հավատալու բան չէ, այդպես չի լինում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում ռեմբոներ չկան, այլ նրա համար, որ, դատելով ոչ պաշտոնական տեղեկատվությունից, զինվորները զոհվել են ոչ թե նռնակների բեկորներից, այլ թշնամու գնդակից։ Այսինքն՝ մեր զինվորները դիվերսիայի կամ հակառակորդի այլ գործողության զոհ չեն դարձել։ Ո՜չ, անփորձ եւ անհայտություն ուղարկված զինվորներին պարզապես սպանել են։
Եթե նրանք հետախուզական ջոկատի զինվորներ են եղել, ուրեմն այդ ի՞նչ հետախույզներ են, որ այդքան հաճախ ընկնում են «անուս եւ տգետ» հայ զինվորի կրակի տակ։ Իսկ եթե նրանք հետախույզներ չեն, այլ ընդամենը երիտասարդ զինվորիկներ, նորակոչիկներ, ապա ո՞վ է նրանց մահվան ուղարկել։ Ո՞վ է հարձակվել։ Ինչո՞ւ։ Թե՞ մենք պատերազմ ենք սկսում, եւ մինչեւ հիմա չգիտենք այդ մասին»,– գրում է պարբերականը։
Ի դեպ, «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, ընթացիկ տարվա 7 ամիսներին Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտում ծառայության ընթացքում զոհվել է 50, վիրավորվել՝ 98 զինծառայող։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024