Օգոստոսի 18—ին Լիբանանում շիա Մակդադ ցեղի անդամներն առեւանգել են 5 սիրիացի գործարարի, ինչպես խոստացել էին։ Օգոստոսի 15—ին նրանք առեւանգել էին 20 սունիների, որոնց թվում էին «Սիրիայի ազատ բանակի» անդամներ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի քաղաքացիներ։ Այդ ցեղի առաջնորդները հայտնել էին, թե բացառված չէ, որ առեւանգումները շարունակվեն, որպեսզի փոխանակվեն «շիա եղբայրների» հետ։ Լիբանանում ավելի քան 2 տասնամյակ էր, ինչ ներքին բախումներն իրենց տեղը զիջել էին խաղաղ գոյակցության, սակայն բացառված չէ, որ սիրիական իրադարձություններն այստեղ կրկին բորբոքեն միջկրոնական հակամարտությունները։ Ահավասիկ, օգոստոսի 11—12—ը Տրիպոլիում շիա ալավիների եւ սունիների միջեւ բախումների հետեւանքով 2 մարդ է զոհվել։ Իրաքում մեծ թվով քրիստոնյաներ արտագաղթել են երկրից, իսկ սունի—շիա հակասությունները լուրջ բնույթ են կրում, եւ գրեթե ամեն օր անմեղ մարդիկ դառնում են այդ հակամարտությունների զոհը։ Եգիպտոսում լուրջ խնդիրներ կան կապված ղպտիների հետ։ Սիրիայում, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, առավել հստակ է իրականացվում քաղաքականության եւ կրոնի տարանջատումը, երկրում իրական աշխարհիկ վարչակարգ է հաստատված, ինչն ընդունում են նաեւ արեւմտյան փորձագետները, սակայն այժմ այդ երկիրը հայտնվել է միջկրոնական եւ ազգամիջյան ընդհարումների շեմին։ Խնդիրը կարող է սուր բնույթ ստանալ նաեւ Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում, որտեղ այն նույնպես առկա է։ Ավելին, Էր Ռիյադը Բահրեյնում սունի փոքրամասնության իշխանությունը պահպանելու նպատակով զորք է տեղակայել այդ երկրում։ Այլ կերպ ասած՝ Միջին Արեւելքում միջկրոնական, մասնավորապես սունի—շիա հակամարտությունները փաստ են, եւ սրանց սրման միտումը նկատելի է։ Ավելին, կարելի է ասել, որ այն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից, այդ են վկայում Ռուսաստանում շիաների մզկիթի վրա հարձակումը եւ Պակիստանում շիա—սունի հակամարտությունների նոր բորբոքումը։ Ահավասիկ, ըստ Պակիստանի պաշտոնական աղբյուրների, թալիբների շարժման զինված մի խումբ օգոստոսի 16—ին հարձակվել է Ռավելպենդից դեպի հյուսիս գնացող շիա ուղեւորներով ավտոբուսի վրա եւ գնդակահարել 22 ուղեւորի։ Թվում է, թե Միջին Արեւելքին հրաժեշտ է տալիս խաղաղ գոյակցությունը, տեղը զիջելով միջկրոնական՝ շիա—սունի հակամարտություններին։ Միջին Արեւելքում իսլամի երկու գլխավոր՝ սունի եւ շիա ուղղությունների միջեւ հակամարտությունների հարցն օրակարգային էր դարձել դեռեւս 2005թ.՝ իր վրա սեւեռելով արեւմտյան եւ տարածաշրջանի ԶԼՄ—ների ու վերլուծաբանների ուշադրությունը, որոնք հաճախ նախազգուշացնում էին դրանց բռնկման անկանխատեսելի հետեւանքների մասին։ Այս հարցին 2007թ. անդրադարձել է նաեւ «ՀՀ»—ն՝ «Շիականության վերածնունդ» կամ «Իսլամական աշխարհի ներքին հակասություններն ինչպես են ձեւավորելու ապագան» գրքի առնչությամբ, որը 2006թ. մեծագույն պահանջարկ ունեցող գրքերի թվին էր դասվել։ Գրքի բուն ասելիքն այն է, որ Միջին Արեւելքի վերջին տարիների զարգացումները հանգել են տարածաշրջանում նոր ուժի ի հայտ գալուն, որը խառնել է տարածաշրջանում առկա հաշվարկները։ Շիաներն աննախադեպ հզորացել են իսլամական աշխարհում, հետեւաբար Միջին Արեւելքում միջազգային ռազմավարության լիովին վերանայման անհրաժեշտություն է ծագել։ Գրքի հեղինակ Վալի Նասրը ԱՄՆ ծովուժի բարձրագույն դպրոցի դասախոս է, ով երկար տարիներ ուսումնասիրել է շիաների վիճակը տարբեր, մասնավորապես, Միջին Արեւելքի երկրներում։ Իսլամագետ Խալաջիի կարծիքով՝ «Շիականության վերածնունդ» գիրքն ակադեմիական իսլամագիտության առումով բավական թույլ է, այն ավելի շուտ հասցեագրված է Միացյալ Նահանգների քաղաքական որոշումներ ընդունողներին։ Վերլուծաբանները հակված են շիա—սունի հակամարտությունների բռնկումը պատճառաբանել իրաքյան զարգացումներով։ Բայց եւ այնպես հարկ է նշել, որ սունի—շիա հակասությունների սրման արմատները պետք է փնտրել Աֆղանստանում նախկին ԽՍՀՄ—ի դեմ Միացյալ Նահանգների վարած պատերազմում, քանզի այն ուղղված էր նաեւ շիա Իրանի դեմ։ Անցյալ դարի 80—ականներին, երբ Իրանում հաստատվել էր իսլամական վարչակարգ, իսլամական աշխարհի առաջնորդության հարցում սունի Սաուդյան Արաբիան մրցակցում էր շիա Իրանի հետ։ Այսօր նաեւ Թուրքիան է նման հավակնություն դրսեւորում։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|